Լրահոս
Օրվա լրահոսը

Գովազդը մղում է հարբեցողության

Նոյեմբեր 06,2006 00:00

\"\"Սա կոնյակ խմող ԱԺ պատգամավոր Արշակ Սադոյանի կարծիքն է հեռուստագովազդների ավերիչ
ազդեցության մասին

– Պարոն Սադոյան, «Նեմիրով» օղու գովազդը ձեզ նյարդայնացնո՞ւմ է, որ այդքան հարցեր էիք ուղղում Հանրային հեռուստառադիոընկերության նախագահին՝ հատկապես գովազդի վերաբերյալ:

– Հեռուստատեսությունը բավական կարեւոր զանգվածային լրատվամիջոց է եւ հեռուստատեսության ազդեցությունը մեր հասարակության վրա, ցավոք սրտի, եւ դրական, եւ բացասական առումով շատ մեծ է, մասնավորապես, ասենք, ԱԼՄ կամ այլ հեռուստատեսությամբ երբ տեսնում եմ, թե հեռուստատեսության միջոցով ինչքան մեծ հոգեբանական մշակման է ենթարկվում մեր ժողովրդի բավական մեծ զանգված, ուղղակի սարսափում եմ, երբ տեսնում եմ գովազդների այն ուղղությունը, ինչ որ կա մեր հեռուստաեթերում: Ցավալի է, եւ դրա բնական հետեւանքն այն է, որ եթե հայ ժողովուրդը մի տասնհինգ-քսան տարի առաջ շատ ավելի քիչ էր ալկոհոլային խմիչք օգտագործում, ապա այսօր, նույնիսկ բյուջետային տվյալներով, հարկային մարմինների տվյալներով, իսկ գիտեք, որ դրանց 80 տոկոսից ավելին ստվերային է, բայց նույնիսկ այդ դեպքում ակնհայտ է դառնում, որ խմիչքի օգտագործումը կտրուկ աճել է Հայաստանում, եւ դրա համար գոնե պետք է պայքարել օրենքով արգելված ոլորտի դեմ, իսկ օրենքով արգելված է ալկոհոլային խմիչքների, կոնյակից բացի, գովազդը, իսկ պետական բյուջեից բավականին լուրջ գումար ստացող Գրիգոր Ամալյանի հանձնաժողովը (ՀՌԱՀ) ոչ մի քայլ չի անում, եւ դուք քիչ առաջ տեսաք, երբ ես հարցը բարձրացրի, խնդիրը նորից բարդվեց ԱԺ-ի վրա, եւ ասվեց, թե պատգամավորներն են պարտավոր օրենքի մեջ հստակություն մտցնել: Իսկ օրենքի մեջ բավականին պարզ հստակություն կա: Ես մտածում էի, որ ալկոհոլային գովազդներից պետք է որ ահավոր մեծ գումարներ գոյանար, եւ այդ գումարի գոնե մի մասը այս կամ այն ստվերային ճանապարհներով պետք է որ վերադառնար պետական բյուջե: Երբ այդ մասին հարցրի, Ամալյանն ասաց, որ որեւէ գումար չի մտնում բյուջե: Այդ դեպքում հարց է ծագում՝ ապա ինչո՞ւ գոնե մեկ մասնավոր դեպքի համար հանձնաժողովը դատի չի տվել եւ չի փորձել պետության գումարները վերադարձնել արգելված գործունեություն ծավալելու պատճառով: Եթե դա չի արվում, ուրեմն ակնհայտ է դառնում իմ ենթադրությունը, որ տվյալ հանձնաժողովի որոշ անդամներ դրանից շահ ունեն: Պարզ է, քանի որ եթե եթերը հեղեղված է այդ գովազդներով, իսկ հանձնաժողովը լռում է, ուրեմն մի օգուտ ունի լռելու դիմաց:

– Իսկ դուք անձամբ օղի խմո՞ւմ եք, եւ եթե, ըստ ձեզ, օղու գովազդը շատ է եւ, ինչպես ասացիք, հեղեղել է հեռուստաեթերը, այդ գովազդի ազդեցությամբ դուք հիմա օղի ավելի շա՞տ եք խմում:

– Ես ամեն ինչ էլ խմում եմ, բայց իմ տարիքում եւ փորձառությամբ ինձ վրա չի կարող անմիջական ազդեցություն ունենալ որեւէ գովազդ, բայց ցավալին այն է, որ ես նույնիսկ հավաքների, հարսանիքների կամ միջոցառումների ժամանակ զգում եմ, որ մարդկանց մեջ քաշող ուժը դեպի ալկոհոլը ավելացել է:

Հ. Գ. Երեկ «Ժողպատգամավոր» խմբի անդամ Վահրամ Բաղդասարյանը հետաքրքրվեց՝ եթե Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթեր է հրավիրվում մի մարդ, ով հագել է «Նեմիրովի» պատկերով վերնաշապիկ, դա կարո՞ղ է համարվել «Նեմիրովի» գովազդ: Բյուջետային քննարկումների մասնակիցները որոշեցին, որ դա, անշուշտ, գովազդ կդիտվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել