Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՄՏԵԼ Է ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՇՏ

Նոյեմբեր 06,2006 00:00

\"\"Իր ասելով, ե՛ւ «ՆԺ»-ն, ե՛ւ իշխանությունները գործում են միեւնույն՝ ռուսամետ դաշտում

Հոկտեմբերի 31-ին «Նոր ժամանակներ» կուսակցությունը հաղորդագրություն էր տարածել՝ պնդելով, թե կուսակցության նախագահ Արամ Կարապետյանին զանգահարած անհայտ անձը, ով փորձել էր սադրիչ հեռախոսազրույցի միջոցով նրան կապել քրեական տարրերի հետ, կատարել է ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի, ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանի եւ ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի պատվերը:

Տարօրինակն այն է, որ հայրենի ընդդիմադիր գործիչներից, ովքեր այսօր հավասարապես քաղաքական պասիվ դերում են, սկանդալային պատմությունները միշտ կապված են լինում հատկապես Ա. Կարապետյանի հետ, եւ միշտ այդ պատմություններում նախաձեռնող դերը վերապահվում է ՀՀ ուժային կառույցներին: Ինչո՞ւ է հատկապես նա թիրախ դառնում:

Ա. Կարապետյանի տպավորությամբ, դա կարող է բացատրվել երկու հանգամանքով: «Նախ, մենք՝ որպես ընդդիմություն, ավելի շատ իրենց՝ իշխանությունների դաշտում ենք խաղում»,- մատնանշեց «ՆԺ» նախագահը՝ նկատի ունենալով իր ու իշխանությունների՝ ռուսական դաշտում «խաղալու» փաստը, որտեղ, որքան հասկացանք պարոն Կարապետյանի բերած փաստարկներից, ուժերի ցուցադրություն է գնում՝ «իշխանությունները միշտ փորձել են ցույց տալ, թե իրենք աշխարհաքաղաքական, ռուսական ազդեցության ոլորտում են: Մյուս կողմից՝ մեր կուսակցությունը երեւի կամաց-կամաց իշխանության մրցակից է դառնում նույն այդ իմաստով: Համենայնդեպս, քաղաքական տրամաբանությունն այդ է ասում»,- պարզաբանեց «ՆԺ» նախագահը:

Հայաստանի ընդդիմադիր դաշտում ակտիվության բացակայության վերաբերյալ էլ պարոն Կարապետյանն ասաց, թե կան պրոցեսների երեւացող ու չերեւացող կողմեր: Երեւացող կողմը, նրա ասելով, երկրի ներսում հասարակական ու քաղաքական պասիվությունն է, ի տարբերություն որի՝ չերեւացող կողմում, մանավանդ աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում, «մեծ պրոցեսներ են ընթանում»: Նա որպես ասածի օրինակ բերեց Ղարաբաղի, Իրանի, Վրաստանի հետ կապված խնդիրները, որոնց առնչությամբ, ըստ նրա, ՀՀ իշխանությունների դիրքորոշումները հստակ չեն: «Օրինակ, փոխհարաբերություններն արտաքին աշխարհի հետ, երբ մարդիկ մի քանի տեղ մի քանի բան են խոստացել, բայց տարին վերջանում է՝ չեն կարողանում անել»,- ակնարկելով ՀՀ իշխանության վերնախավին՝ ասաց Ա. Կարապետյանը՝ հավելելով, թե՝ իր կարծիքով, ՀՀ իշխանությունների կողմից ԼՂ հիմնախնդրի հետ կապված խոստումներ են եղել, եղել է խոստում, որ կհամաձայնեն «գրավյալ» տարածքներ խաղաղապահներ մտցնելու տարբերակին: «Նաեւ, իմ անձնական կարծիքն է, որ իշխանությունները փորձում են էլ ավելի խորացնել «կոմպլեմենտարիզմն» ու երկու աթոռի նստել՝ այստեղ-այնտեղ խոստումներ տալով»,- ասաց «ՆԺ» նախագահը, ում մատուցմամբ, մեր իշխանությունները նաեւ Վրաստանի իշխանություններին են խոստումներ տվել՝ «ռուս-վրացական հարաբերությունների համատեքստում երբեւէ որեւէ մեկի կողմը չանցնել»:

Նկատի ունենալով, որ մենք պատեհ առիթ ունենք զրուցելու ռուսաստաններից տեղեկությունների մշտական պաշար ունեցող գործչի հետ, փորձեցինք ճշտել մեր ունեցած այն տեղեկությունը, թե Ռոբերտ Քոչարյանի մոսկովյան այցի ժամանակ վերջինս իր ռուսաստանցի գործընկերոջ հետ քննարկել է այս տարվա դեկտեմբերին կամ հաջորդ տարվա հունվարին իր հնարավոր հրաժարականի հարցը: Վերջերս քաղաքական գործիչների շրջանում դրա հավանականության մասին ավելի շատ է խոսվում: Ընդ որում, ասվում է նաեւ, թե առաջիկա 2-3 ամիսների ընթացքում, Ռ. Քոչարյանի հրաժարականից հետո, նրան ՀՀ նախագահի պաշտոնում Ռուսաստանի քավորությամբ փոխարինելու է գալու Սերժ Սարգսյանը, իսկ վարչապետի պաշտոնն, իբր, զբաղեցնելու է Հայերի համաշխարհային կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը:

«Ես նմանատիպ խոսակցություններ լսել եմ, բայց քանի դեռ հստակ տեղեկություն չունեմ դրա մասին՝ իմ կողմից որեւէ բան ասելը անլուրջ կլինի: Միաժամանակ, կարծում եմ, որ այդ խոսակցությունների տակ որոշակի հիմք կա»,- նկատի ունենալով աշխարհաքաղաքական զարգացումները, այդ թվում՝ ԼՂ հիմնախնդրի լուծման հարցում միջազգային հանրության շահագրգռությունը, կարծիք հայտնեց Ա. Կարապետյանը: Նա միաժամանակ կասկածի տակ առավ, թե այդ թեման կարող էր Մոսկվայում խոսակցության առիթ դառնալ:

Ինչ վերաբերում է Ս. Սարգսյանի ու Ա. Աբրահամյանի առնչությամբ եղած խոսակցություններին՝ Ա. Կարապետյանն ակնարկեց, թե այդ շշուկները հատուկ են շրջանառության մեջ դրվում՝ այդ մարդկանց PR-ի նպատակով: «Ես մի անեկդոտ հիշեցի. մեկն ընկերոջն ասում է, թե կինն իրեն նախատում է, որ հարեւանի 80 տարեկան ամուսինը ամեն ինչ կարողանում է անել, իսկ ինքը նստել, ոչինչ անելու ընդունակ չի: Ընկերն էլ պատասխանում է՝ է, դու էլ ասա: Ես չասացի, թե նման բան չկա: Ես ուղղակի անեկդոտ հիշեցի: Ես էլ կարող եմ ասել, որ, իմ կարծիքով, Հայաստանը նման պայմանավորվածություններ ունի, ասենք՝ Նիգերիայի հետ, ըստ որի, այդ երկրի նախագահ է դառնալու, օրինակ՝ Դավիթ Լոքյանը, իսկ վարչապետ՝ Վահան Հովհաննիսյանը: Մենք էլ ասենք, էլի»,- կատակեց Ա. Կարապետյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել