Ասում է ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը
Անդրադառնալով հարցերին, թե որքանո՞վ են այսօր ՀՀԿ-ն եւ այլ կուսակցություններն առաջնորդվում իրենց դավանած գաղափարական խնդիրներով, եւ արդյոք քաղաքական գաղափարախոսություններն ընդհանրապես դեր ունե՞ն Հայաստանի քաղաքական կյանքում՝ Արտակ Զաքարյանն ասաց. «Հայաստանի կուսակցական
համակարգում ՀՀԿ-ն այն սակավաթիվ կուսակցություններից է, որը հիմնադրման օրվանից մինչ այսօր հավատարիմ է մնացել գաղափարական հիմնախնդիրներին: Մեզ համար գաղափարախոսությունից բխող ծրագրերի իրականացման անհրաժեշտությունն առավել առարկայական է դարձել 2000-ից սկսյալ, երբ պատասխանատվություն ստանձնեցինք կառավարության գործունեության համար: ՀՀԿ-ի քաղաքական գործունեությունն ազգային պահպանողական գաղափարական դաշտում է: Եվ գաղափարական գործունեության վառ ապացույց է նաեւ այն, որ այլ քաղաքական ուժերի հետ ունեցած համաձայնությունների ու խորհրդակցությունների ընթացքում ՀՀԿ-ն միշտ առաջնորդվել է պետության եւ հասարակության զարգացման ու առաջընթացի շահերով»: Ինչ վերաբերում է այլ կուսակցություններին՝ ՀՀԿ խորհրդի անդամն ասաց. «Հայաստանի քաղաքական կյանքում, մեծ հաշվով, դեռեւս նկատելի չէ կուսակցությունների կողմից գաղափարական հենքով առաջնորդվելու քաղաքականությունը, քանի որ կուսակցությունների ճնշող մեծամասնությունը (բացառությամբ մի քանիսի) նույնիսկ չեն կարող հստակ սահմանազատել կուսակցություններին բնորոշ այն հայտանիշները, որոնք պետք է դրված լինեն ժամանակակից քաղաքական կուսակցությունների գործունեության հիմքում»: Հարցադրմանը, թե արդյոք դա չի՞ նշանակում, որ կուսակցությունների գործառույթները ստանում են արհեստական բնույթ, իսկ հասարակությունը հնարավորություն չի ունենում գնահատել եւ տարբերակել գաղափարական-ծրագրային խնդիրները՝ պրն Զաքարյանը պատասխանեց. «Գաղափարախոսության պահանջմունքն ամենեւին էլ երկրորդական տեղ չի զբաղեցնում: Սակայն հասարակության մոտ գաղափարախոսությունների նկատմամբ առաջանում է անտարբեր վերաբերմունք: Կուսակցական համակարգի քաղաքական գործունեության մեջ գաղափարական խնդիրները պետք է դիտվեն որպես աշխարհայացքի, ռազմավարական շահերի, նպատակների ամբողջական, կուռ՝ մշտապես արդիականացում պահանջող հայացքների հանրագումար, ինչն այսօր, ցավոք, չի արժանանում բավարար ուշադրության: Սրա հետեւանքով ստեղծվում է տպավորություն, որ կուսակցությունները ձեւավորվում են որպես ընտրական գործընթացի սուբյեկտներ եւ իրենց գործունեությունը հիմնավորում միայն նախընտրական ու հետընտրական դիրքորոշումներով, քաղաքականապես անհասկանալի տրոհումներով ու միավորումներով»:
Քաղաքական դաշտում պարբերաբար հրատապ է դառնում համագործակցության թեման: Անդրադառնալով այն հարցին, թե կուսակցությունների վարած քաղաքականությունը որքանո՞վ է նպաստում քաղաքական համաձայնությունների կայացմանը՝ Արտակ Զաքարյանն ասաց. «Ընդհանրապես տարբեր երկրների քաղաքական համաձայնությունների փորձը վկայում է, որ գաղափարախոսական համակարգն ուրույն տեղ ու դեր ունի նման համաձայնության կնքման գործում: Հայաստանի երրորդ հանրապետության կազմավորումից մինչ այսօր այդ ենթահամակարգը լիարժեք կայացած չէ եւ շարունակում է կրել էական փոփոխություններ: Պետք է նկատել, որ օբյեկտիվ օրինաչափություններով պայմանավորված՝ Հայաստանի կուսակցական համակարգում առեղծվածային իրավիճակ է ստեղծվել քաղաքական գաղափարախոսական բեւեռներից յուրաքանչյուրի համար: Այդ իսկ պատճառով Հայաստանում մինչ այժմ ձեռք բերված կուսակցական համաձայնությունների գրեթե բոլոր օրինակները ձախողված են, որի համար պատճառ են դարձել ոչ գաղափարական, այլ իրավիճակային կամ դիրքային խնդիրները: Դրա համար կուսակցական համաձայնությունների ձեռքբերման ժամանակ նախ եւ առաջ պետք է արժեւորել ներկայացվող պահանջները եւ հետապնդած նպատակները»:
Եվ վերջապես՝ մեկ այլ հարցադրման կապակցությամբ, թե բացի գաղափարական ու ծրագրային խնդիրներից կա՞ն քաղաքական համաձայնությունների վրա ազդող այլ գործոններ՝ մեր զրուցակիցն ասաց. «Քաղաքական համաձայնության ձեռքբերման ժամանակ պետք է հաշվի առնել նաեւ արտաքին միջավայրը, որում մենք ապրում ենք, եւ համամարդկային զարգացման միտումները: Այսօր առկա մարտահրավերներին ընդառաջ պետք է մշակել այնպիսի մեխանիզմներ, որոնք «բազմագաղափարախոսականության» առկայության պայմաններում ենթադրում են ազգային արժեքային համակարգի բնականոն արդիականացում: Այդ խնդիրներն ընդգրկված են ՀՀԿ ծրագրերում, որոնց իրականացումը հնարավորություն է տալիս պետության ներքին եւ արտաքին քաղաքական հարաբերությունների բոլոր ոլորտներում ապահովել համընթաց զարգացում: Բացի այդ, գաղափարական մոտեցումներն էլ ավելի են դյուրացնում արտաքին շփումները՝ հիմքում դնելով պետական եւ հանրային շահերից բխող առաջնահերթություններ»: