Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԻՐԱԿԱՆ ՄԵԾ ՄԱՐԴՈՒ ՈՒ ԱՐՎԵՍՏԱԳԵՏԻ ՄԱՍԻՆ

Նոյեմբեր 03,2006 00:00

Լրացավ անվանի թավջութակահար, Երեւանի պետկոնսերվատորիայի պրոֆեսոր, հայ թավջութակի դպրոցի հիմնադիրներից Գերոնտի Թալալյանի ծննդյան 80 ամյակը:

«Առավոտը» ներկա էր այս առիթով Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը նոյեմբերի 1-ին հրավիրված հոբելյանական համերգին: Ելույթ էին ունենում Գ. Թալալյանի որդին՝ Արամը եւ դասական երաժշտության իր նուրբ եւ խորը մեկնաբանություններով աչքի ընկնող դաշնակահար Գեորգի Պետրոսյանը:

Համերգին ներկա Գ. Թալալյանի մտերիմները՝ կոմպոզիտորներ Էդվարդ Միրզոյանը, Ալեքսանդր Հարությունյանը, անընդմեջ հիշում էին «անկրկնելի Գերային» (այս անվամբ էին դիմում երաժշտին): Ըստ նրանց, Գերայի հետ պարզապես հաղորդակցվելը աննկարագրելի հաճելի էր. «Իսկ նա շփվելու, զրուցելու չտեսնված ծարավ էր ապրում, պետք է լսեիք նրա խոսքը… եթե նա այսօր մեր կողքին լիներ, համոզված ենք, կանհետանար ընդհանրապես մարդկային տարիքի մասին ընկալումը»: Երաժշտագետ, պետկոնսերվատորիայի պրոֆեսոր Արաքսի Սարյանը հայտնեց, որ ժամանակին հայ կոմպոզիտորների թավջութակի համար գրված ստեղծագործությունների առաջին կատարողն է հանդիսացել Գ. Թալալյանը. «Իսկ երկերից շատերը նվիրվում էին հենց իրեն՝ վիրտուոզ թավջութակահարին»:

Համերգի ավարտին զրուցեցինք թավջութակահարի որդու՝ Երեւանի պետկոնսերվատորիայի դոցենտ Արամ Թալալյանի հետ:

Զրույցի սկզբում խոսք գնաց Գ. Թալալյան մարդու մասին (մենք չէ, որ պետք է ներկայացնենք Գ. Թալալյան արվեստագետին): Մինչ այդ հարկ ենք համարում նշել, որ մեր շրջայցը երեւանյան մասնագիտական գրադարաններում՝ չտվեց ցանկալի արդյունք, այն է՝ բացակայում էր գրականությունը, անգամ գրքույկ, որը կտեղեկացներ անվանի թավջութակահարի գործունեության մասին: Ա. Թալալյանից նախ հետաքրքրվեցինք, թե ինչու է հայտագրից սպրդել համերգի կազմակերպիչների անունը: Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ հայտագրում պետական մարմինների անուն փնտրել հարկավոր չէր, իսկ կայացած համերգը իր կողմից ընդամենը տուրք է հոր հիշատակին. «Ծրագիրը ընտրել էի այնպես, ինչպես կցանկանար հայրս: Նա անպայման կուզենար լսել Բեթհովենի 5-րդ, Դեբյուսիի եւ Միրզոյանի սոնատները, ինչպես նաեւ Շումանի երկու պիեսները»: Հիշողությունները Ա. Թալալյանին տարան 1960-70-ական թվականները ու կարծես սկսվեց մենախոսություն: «Հայրս ակադեմիկոսի հետ ակադեմիկոս էր, հանցագործ աշխարհի ներկայացուցչի հետ կարծես նույն աշխարհի մարդ լիներ, բայց ինքը իր ողջ էությամբ երաժիշտ էր: Հիմա ափսոսում եմ, երբ նման թավջութակահարը, ինչպիսին նա էր, խորհրդային տարիներին այդպես էլ իր արվեստը չցուցադրեց արտերկրում: Սա էլ ասեմ՝ անկառավարելի մարդ էր ու, բնականաբար, կոմունիստական գաղափարախոսությունը հազարավոր կիլոմետրեր հեռու էր նրանից: Այդուհանդերձ, բազմաթիվ հրավերներ ուներ ինչպես Ռուսաստանից, այնպես էլ՝ Եվրոպայից»: Շարունակելով խոսքը, արվեստագետի որդին տեղեկացրեց, որ Գ. Թալալյանը մտերիմ է եղել աշխարհահռչակ թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչի հետ. «Պատկերացնո՞ւմ եք, երբ 1999 թ. Ռոստրոպովիչը եկավ Հայաստան՝ ընդամենը մեկուկես օրով, նա առաջինն այցելեց մեր բնակարանը, հետո նոր՝ ուշացումով, հանդիպեց հանրապետության նախագահին (Գ. Թալալյանը եւ Մ. Ռոստրոպովիչը ժամանակին սովորել են Մոսկվայի կոնսերվատորիայում՝ Սեմյոն Կոզոլուպովի դասարանում.- Ս. Դ.): Իսկ երբ 1990 թ. ճապոնացի հայտնի թավջութակահար Կո Իվասակիին հանդիպեցի Ամերիկայում, նա զսպելով արցունքները՝ ընդամենն ասաց. «Դու մեծ մարդու ու մեծ երաժշտի զավակ ես»:

Մենք էլ տեղեկացնենք, որ մեր ժամանակներում մեծ արվեստագետից ժառանգած շնորհը շարունակում է Գ. Թալալյանի որդին՝ թավջութակահար Ա. Թալալյանը, որի խոսքերով՝ այսօր թավջութակի հայկական դպրոցի պատկերը, ընդհանուր առմամբ, տխուր չէ, եւ այս ամենը շնորհիվ իրենց գործի նվիրյալներ ընդամենը 3-4 թավջութակահարների՝ Մեդեա Աբրահամյանի, Արմեն Մեսրոպյանի եւ այլոց:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել