Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նոր սերունդը չի կարդում

Նոյեմբեր 03,2006 00:00

\"\"Ըստ մասնագետի, ավագ դպրոցում գրականության դասերն իրենց նպատակին չեն ծառայում

Հայոց լեզու, գրականություն առարկայի ավարտական եւ միասնական քննության փորձարկման արդյունքները դեռեւս վերջնականապես չեն ամփոփվել, սակայն մասնագետների համար արդեն պարզ է, թե հատկապես ինչից են կաղում մեր աշակերտները:

Հայոց լեզու, գրականություն առարկայի թեստերի մշակման աշխատանքային խմբի ղեկավար, պետական ավարտական եւ միասնական քննությունների առարկայական ստուգող հանձնաժողովի նախագահ Դավիթ Գյուրջինյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մի բան հստակ է՝ «մեր աշակերտները շարադրություն գրել, ազատ խոսք կառուցել չեն կարողանում»: Իսկ դրա պատճառներից մեկը, ըստ պրն Գյուրջինյանի, այն է, որ դպրոցներում գրականության դասերն իրենց նպատակին չեն ծառայում՝ հատկապես բարձր դասարաններում. «Ավագ դպրոցում ուսուցիչները բացառապես շտեմարաններով են զբաղված, դասերը շտեմարաններով են անցկացնում, իսկ, օրինակ, ոճաբանության գրքերը մաս-մաքուր վիճակում են, բոլորովին չեն օգտագործվում»:

Հենց սա է պատճառը, որ շատ ուսուցիչներ ու ռեպետիտորներ բողոքի ալիք են բարձրացրել նոր հարցաշարերի կապակցությամբ: Խնդիրն այն է, որ նոր թեստերը հավասարապես ներառում են նաեւ գրականությանն առնչվող հարցեր, ինչն էլ դպրոցներում անուշադրության է մատնված: Իհարկե, որեւէ ուսուցիչ չի կարող ասել, որ թե գրականության, թե հայոց լեզվի հարցերը ծրագրից դուրս են, բայց հատկապես գրականության հարցում նրանց բողոքները շատ են: Այս թեստերով քննություն հանձնելը նշանակում է, որ ավարտական դասարանների աշակերտը պետք է անգիր իմանա ծրագրով նախատեսված բոլոր բանաստեղծությունները (հարցաշարում կարող է լինել այսպիսի մի առաջադրանք՝ շարունակել բանաստեղծական քառյակը կամ լրացնել քառյակի մի տողում բաց թողնված բառը), պետք է իմանա դասականների բանաստեղծությունների ժողովածուները, ճանաչի հայտնի գործերի հերոսներին եւ այլն: Սա դուր չի գալիս ուսուցիչներին, որովհետեւ այս դեպքում մեծանում է նրանց պատասխանատվությունը: Իսկ նոր համակարգն իր առջեւ խնդիր ունի նաեւ՝ բարձրացնել ավագ դպրոցի վարկը, ուսուցչի որակը:

Հանձնաժողովի նախագահը նաեւ նշում է աշակերտների մեջ նկատվող լեզվամտածողության թուլության մասին. «Թույլ են նույնիսկ նախադասություններ կազմելիս, հոմանիշները գտնելու հարցում, իսկ շարադրությունների դեպքում պատկերը շատ տխուր է: Դա նրանից է, որ աշակերտների բառապաշարը բոլորովին զարգացած չէ, դա նաեւ քիչ կարդալու արդյունք է»:

Արդեն նշել ենք, որ Գիտելիքների գնահատման եւ թեստավորման կենտրոնում այս օրերին ընթացող մասնագիտական քննարկումների արդյունքում, հնարավոր է, թեստերից շարադրության կետն ընդհանրապես հանվի: Դրա պատճառը ոչ միայն այն է, որ աշակերտները խիստ դժվարանում են կապակցված խոսք կազմել (իսկ ԿԳ նախարարը հակված է գնալ թեստերի պարզեցման), այլեւ այն, որ քննարկվում է ստուգման գործընթացում մարդկային գործոնի վերացման հարցը. բոլոր հարցերը պետք է կազմվեն այնպես, որ պատասխանների ստուգումն էլ լինի ավտոմատացված: Այլապես զուր է խոսել կոռուպցիայի մակարդակը 0-ի հավասարեցնելու մասին:

Մանրամասնենք, որ առանց այն էլ, համակարգչի ստուգած պատասխաններն ամփոփելիս, յուրաքանչյուր աշխատանք պետք է անցնի առնվազն 3 հոգու ձեռքի տակով: Նախ՝ կարմիր գրիչով գնահատական է նշանակում հանձնաժողովի մի անդամը, ապա կանաչ գրիչով՝ մյուսը: Հետո հանձնաժողովի նախագահը միջինացնում է արդյունքը՝ եթե նշանակված գնահատականի տարբերությունը 2 է, իսկ եթե տարբերությունը 1 միավոր է, հարցը լուծվում է հօգուտ դիմորդի: Եթե պատահի, որ տարբերությունը 3 միավոր լինի, ապա գործին միջամտում է նաեւ 3-րդ անձը՝ փորձագետը: Եվ սա՝ ավտոմատ ստուգման արդյունքում: Դե, պատկերացրեք, թե ինչ կկատարվի, եթե գրավորները ստուգեն նախ համակարգիչները (ա մակարդակը), ապա հանձնաժողովի անդամները (բ մակարդակը), հետո եւս 3 հոգի միջամտի գրավորին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել