Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԴԵՌ ՓԱԽՈՒՍՏԻ ՄԵՋ Է

Նոյեմբեր 03,2006 00:00

\"\"Կադաստրի «Զեյթուն» ստորաբաժանումը գործել էր «մուրհակներով»

«Առավոտի» տեղեկություններով, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Զեյթուն» տարածքային ստորաբաժանման ղեկավար Սամսոն Բաղդասարյանի, գլխավոր մասնագետներ Հայկ Ղամբարյանի եւ Հովսեփ Հովհաննիսյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը հոկտեմբերի 30-ին ավարտվեց, եւ գործը կուղարկվի Երեւանի Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարան: Նախաքննության ընթացքում պարզվել էր, որ «Զեյթուն» տարածքային ստորաբաժանում էին դիմել 34 քաղաքացի եւ կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ անշարժ գույքի պետական գրանցում կատարելու խնդրանքով: Կադաստրի հիշյալ պաշտոնյաները դիմումատուներից փաստացի գանձել էին անշարժ գույքի կադաստրային արժեքը՝ խոստանալով, թե դրանք բանկերում կմուտքագրվեն: Սակայն նրանք հրաժարվել էին քաղաքացիներին վճարային փաստաթղթեր տրամադրել: Մասնավորապես, Ս. Բաղդասարյանին քաղաքացիները վստահել են գումարներ, սակայն, ըստ նախաքննության, դրանք եւս մուրհակներով հաշվանցելու պատճառաբանությամբ դրամարկղ չի մուտքագրվել: Այդպես են խաբվել Գոգոլի, Դրոյի, Սարկավագի, Քանաքեռի 1-ին փողոցի, Սեւակի, Ղափանցյանի, Հասրաթյանի, Ուլնեցու, Անհաղթի, Ազատության փողոցների սեփականատերերը, ինչպես նաեւ «Էդեմ», «Կոճոռ-Տելեկոմ», «Վալուհ», «Լուվի» ընկերությունները:

Նախաքննությամբ պարզվել էր նաեւ, որ բանկային փաստաթղթերում արտացոլված տվյալները պատրաստվել են համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ: Հայտնաբերվել էր 50 կեղծ վճարային փաստաթուղթ, եւ արդյունքում առանձնապես խոշոր չափի գումարը՝ 226.226.785 դրամը, պետբյուջե չի մուտքագրվել: Գումարները հափշտակվել են վերոնշյալ չինովնիկների կողմից, ինչպես նաեւ միջնորդներ՝ հայր ու որդի Արմեն եւ Վարդան Համբարձումյանների միջոցով: «Առավոտի» տեղեկություններով, Համբարձումյանների մասով գործի նախաքննությունը շարունակվում է եւ «հանցավոր խմբի անդամի» կարգավիճակով անցածներից մի քանիսն էլ, որոնք «աշխատել» են ընդամենը մինչեւ 10000 դրամ գումար, հետագայում հնարավոր է ճանաչվեն տուժող:

«Առավոտի» տեղեկություններով, Սամսոն Բաղդասարյանը փախել է Հայաստանից, բայց մինչ այդ իրեն մասնակի մեղավոր է ճանաչել: «Լիովին խոստովանել է անձնական շահագրգռությունից ելնելով՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու փաստը»,- ասված է քրգործի նյութերում: Վերականգնել է «զեյթունցիներին» պատճառած վնասը՝ 168.599.270 դրամ, ինչպես նաեւ «արաբկիրցիների» 104.21.270 դրամը: Տարօրինակ պատմություն է սկսվել նաեւ Արաբկիրում: Ըստ Բաղդասարյանի ցուցմունքի, իրեն է դիմել Արաբկիրի կադաստրի պետը՝ Ստյոպա Շահբազյանը, ասելով, թե հատուկ դրամարկղ չկա ու խնդրել է գումարները մուտքագրել Զեյթունում տեղակայված «Հայփոստի» դրամարկղում: Այնուհետեւ Երեւանի քաղաքապետարանից ահազանգել են, թե վճարային փաստաթղթերում ցույց տրված գումարները բանկերում չեն մուտքագրվել եւ բանկային անդորրագրերը կեղծվել են: Մեղադրյալ Հայկ Ղամբարյանը խոստովանել էր, որ «Հայփոստի» դրամարկղ չմուտքագրված գումարները հանձնել է շեֆին՝ Բաղդասարյանին: Իսկ մյուս մեղադրյալը՝ Հովսեփ Հովհաննիսյանը վստահ է գործել, հաշվի առնելով Բաղդասարյանի՝ «ղեկավարների հետ ունեցած բարիդրացիական հարաբերությունները»: Հայր եւ որդի Համբարձումյանները նախաքննութան ժամանակ ցուցմունք են տվել, որ «մի շարք անձանց հետ նախնական համաձայնության են եկել կեղծ վճարային փաստաթղթերի օգտագործմամբ գումարներ հափշտակելու վերաբերյալ, մշակել են մուրհակների շինծու տարբերակը: Նշված մտադրությունն իրագործելու համար հավաքագրել են կադաստրի պաշտոնատար անձանց, որոնք խոստացել են գումարից հատկացնել որոշակի մասնաբաժին»: Պաշտոնատար անձանց շրջանակը դեռ բացվում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել