Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Խոստումը կատարում է, բայց՝ ուրիշի հաշվին

Նոյեմբեր 03,2006 00:00

Գյուղնախարարության տրամադրած հակակարկտային սարքերը գյուղերի համար չափազանց «թանկ հաճույք» են:

Կարկտահարության ու երաշտի պատճառով այս տարի Շիրակի մարզի գյուղական համայնքները մեծ վնասներ են կրել: Գյուղացիները դժգոհում են, որ բերքից ոչ մի օգուտ չեն տեսել. կեսը կարկուտն է վնասել, մյուս կեսն էլ կրծողներն են կերել: Մարզի գյուղատնտեսներն էլ են հավաստիացնում, որ նախորդ հինգ տարիների համեմատ՝ այս տարի Շիրակի մարզում գրանցվել է գյուղատնտեսական մթերքների արտադրության ամենացածր ցուցանիշը. նախորդ տարվա 50 հազար տոննայի դիմաց բնակիչները ստացել են մոտ 35 հազար տոննա բերք:

Գործ չլինելու պատճառով մարզի գյուղերում ներկայումս տղամարդ համարյա չի մնացել, իսկ դրանում շիրակցիները հիմնականում մեղադրում են գյուղատնտեսության նախարար, ծնունդով լոռեցի Դավիթ Լոքյանին: Ըստ Շիրակի բնակիչների, պարոն Լոքյանը խտրական վերաբերմունք ունի մարզերի նկատմամբ եւ իրենց միշտ անտեսում է, բացի այդ, նրան տեսնում են միայն ինչ-որ կառույցի ժապավեն կտրելիս. «Երբ հերթը հասնում է գյուղացուն օգնելուն՝ նախարարի երեսը տեսնել չի հաջողվում»: Նախարարը շիրակցիներին բազմիցս խոստացել է հակակարկտային կայաններ կառուցել՝ բերքը եղանակային վատ անակնկալներից պաշտպանելու համար, բայց այդպես էլ խոստումը չի կատարել: Մարզն այս տարի միայն կարկտահարության հետեւանքով կրել է շուրջ 1 մլրդ 200 միլիոն դրամի վնաս:

Օրերս Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանը ասուլիս էր հրավիրել՝ տեղեկացնելու, որ նախարարությունը, այնուամենայնիվ, մտահոգված է Շիրակի մարզով, եւ որ հայ գիտնականներն արդեն լուծել են հակակարկտային կայանների հարցը: 20 օր առաջ դրանցից մեկը փորձարկվել է Թալինում, իսկ 2007-ին արդեն դրանք կտեղադրվեն նաեւ Շիրակի մարզի կրկնակի կարկտահարության ենթարկված տարածքներում: Գյուղվարչության պետի տեղեկացմամբ՝ իրենք մշակել են մարզի քարտեզը, որտեղ ընդգրկել են կարկտի երեք հիմնական գոտիները՝ այն սկսվում է Թուրքիայի սահմանային գոտուց՝ ընդգրկում է Ամասիայի տարածաշրջանի Գյուլուբուլաղ, Մեղրաշատ գյուղերը, Ախուրյանի տարածաշրջանի Առափի, Հայկավան, Ոսկեհասկ, ինչպես նաեւ Ազատանի հատվածից մինչեւ Անիի տարածքը՝ Ձորակապ, Սառնաղբյուր գյուղերը: Պարոն Մանուկյանի ներկայացմամբ՝ հակակարկտային սարքը արեւային մարտկոցով է եւ «թանկ հաճույք» է, արժե մոտ 22 հազար դոլար: Մեկ նման կայանը կարող է կարկուտից ապահովագրել շուրջ 100 հա տարածք. կարկուտը կվերածվի անձրեւի եւ ձյան փաթիլների: Ներկայումս նմանատիպ կայան կա միայն Արագածոտնի մարզում, բայց այդ սարքի հեղինակներն արգենտինացիներ են: Մարզպետարանի պաշտոնյայի ասելով՝ սարքը միայն կառավարության միջոցներով չի կարող աշխատել, պարտադիր ներդրում պետք է կատարեն նաեւ համայնքները: Սակայն գյուղապետերը դժգոհում են, որ իրենց բյուջեն առանց այդ էլ այնքան ողորմելի է, որ նույնիսկ պարարտանյութ չեն կարողանում գնել, ուստի հնարավոր է, որ ստիպված լինեն հրաժարվել այդ «թանկ հաճույքից»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել