Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԻ

Նոյեմբեր 03,2006 00:00

\"\"Երեկվանից «Զվարթնոց»  օդանավակայանում գործում է նոր սահմանված «Անվտանգության վճար»

Ինչպես տեղեկացնում է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պաշտոնական կայքը, հիմք ընդունելով ԻԿԱՕ-ի՝ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կարգավորումները, նոր սահմանված վճարը գանձվելու է յուրաքանչյուր մեկնող, տարանցիկ եւ ժամանող ուղեւորների հաշվարկով՝ 2 եվրոյի չափով: Ահաբեկչության դեմ պայքարի հետ կապված՝ ԻԿԱՕ-ն եւ մյուս միջազգային ավիացիոն կազմակերպությունները օդանավակայաններին առաջարկել են կիրառել ուղեւորների եւ օդանավերի անվտանգության ապահովման նոր տեխնոլոգիաներ: Մասնավորապես՝ ուղեւորների նույնականացման (իդենտիֆիկացում) նպատակով նոյեմբերի 1-ից «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում կիրառվելու են մատնահետքեր կարդացող նոր սարքեր:

Ու քանի որ այս նոր կարգի կիրառման շուրջ արդեն իսկ տարաբնույթ մեկնաբանություններ են շրջանառվում հասարակության շրջանում ու նաեւ մամուլում, երեկ մենք դիմեցինք «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերութան մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանին՝ այդ կարգի շուրջ պարզաբանումներ ստանալու ակնկալիքով: Վերջինս նախ ընդգծեց, որ «անվտանգության վճար» ասվածը կապված է հակաահաբեկչական պայքարի շրջանակներում միջազգային ավիացիոն կազմակերպությունների կողմից անընդհատ նոր չափանիշների կիրառման հետ՝ ավիացիոն անվտանգության ոլորտում: «ԻԿԱՕ-ի առաջարկությունները այսուհետեւ պետք է կիրառվեն միջազգային օդանավակայաններում: Ներդրվում են նոր տեխնոլոգիաներ եւ սարքավորումներ, մոտեցումներն աստիճանաբար խստանալու են: Տվյալ պահին կարգավորումը վերաբերում է կենսաչափագրական սարքերի միջոցով հաշվառում անցնող եւ ինքնաթիռ նստող ուղեւորների նույնականացմանը: Մեզ մոտ՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում կկիրառվեն մատնահետք կարդացող սկաներներ, հատուկ սարքեր, որոնք օրինապահ ուղեւորների համար ոչ մի բարդություն չեն ներկայացնելու: Այդ սարքը պարզապես ֆիքսելու է, որ տվյալ անձը, ով անցավ հաշվառում, նա էլ ինքնաթիռ է բարձրանալու»,- պարզաբանեց Գ. Աբրահամյանը՝ հավելելով, որ դրանով էլ սահմանափակվելու է նոր կարգի կիրառումը:

Այդուհանդերձ, մտահոգություն կա, թե ուղեւորների մատնահետքերը կարող են հայտնվել ո՛չ միայն օդանավակայանի ինֆորմացիոն բազայում, ինչի առնչությամբ էլ մտահոգություններ կան:

Գ. Աբրահամյանի ասելով, դա բացառվում է. «Այդ մատնահետքերը սկաների կարդալուց հետո համակարգիչն անմիջապես թվայնացնում է, եւ դա թվային կոդի տեսքով հասնում է մինչեւ ինքնաթիռ բարձրանալու հատված: Նստեցման հատվածում, նույնականացման պահին համակարգիչը հասկանում է զուտ թվային կոդը, եւ բոլոր այդ տվյալները մաքրվում, ջնջվում են համակարգիչներից այն պահին, երբ ինքաթիռն օդ է բարձրանում»:

Ինչ վերաբերում է անվտանգության վճարի գանձման կարգին, ըստ որի՝ վճարը գանձվելու է յուրաքանչյուր մեկնող, տարանցիկ եւ ժամանող ուղեւորի հաշվարկով՝ 2 եվրոյի չափով, ապա, Գ. Աբրահամյանի փոխանցմամբ, դեռեւս հստակ չէ, թե այդ գումարն ով պետք է վճարի՝ ուղեւո՞րը, թե՞ ընկերությունը: «Մեր ընկերությունը գործում է ավիաընկերությունների հետ միասին: Ավիաընկերություններն իրենք կորոշեն 2 եվրոյի գանձման կամ չգանձման մեխանիզմը»,- ասաց պարոն Աբրահամյանը: Սա նշանակում է, որ առայժմ պարզ չէ նաեւ, թե ի՞նչ ժամկետներում պետք է հստակեցվի այս նոր կարգի վճարման մեխանիզմը: Գ. Աբրահամյանն ասաց, թե ինքն իրավասու չէ պատասխանելու ավիաընկերությունների փոխարեն՝ միաժամանակ չբացառելով, որ կարող են լինել ավիաընկերություններ, որոնք այդ գումարն իրենք կվճարեն կամ կներառեն տոմսի արժեքի մեջ. «Համենայնդեպս, չեմ կարծում, թե այդ խնդիրը մեծ բարդություններ կստեղծի ուղեւորների կամ ավիաընկերությունների համար»:

Հավելենք, որ «Զվարթնոցում» կիրառվող անվտանգության նոր տեխնոլոգիաներն ու սարքավորումները բավականին թանկ հաճույք են, որոնք ձեռք են բերվել հենց օդանավակայանը կառավարող ընկերության կողմից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել