Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սուսուփուս եւ ծածուկ

Նոյեմբեր 03,2006 00:00

ԱԺ ընդդիմադիր ուժերը եւ Դաշնակցությունը լրագրող Հովհաննես Գալաջյանի եւ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանի ծեծից, Շահեն Հովասափյանի սպանության եւ այլ դեպքերից անմիջապես հետո առաջարկում էին խորհրդարանական լսումներ հրավիրել՝ հանցագործությունների մասին ոստիկանության պատասխանատուներից տեղեկատվություն լսելու եւ նրանց հարցեր տալու համար:

Լսումների գաղափարը կոնկրետացրեց ՀՅԴ խմբակցությունը, եւ սպասվում էր, որ դրանք ինչ-որ պահի տեղի կունենան: Սակայն երեկ, գրեթե գաղտնի, առանց հրապարակայնության, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում անցկացվել էր աշխատանքային քննարկում՝ «Հանցավորության դեմ պայքարի ոլորտում իրավապահ մարմինների կողմից իրականացվող աշխատանքները եւ այդ ոլորտում իրավիճակի գնահատումը» թեմայով: Այս մասին տեղեկացված էին միայն պետական լրատվամիջոցները, ինչպես նաեւ մի քանի ճարպիկ լրագրողներ: Փոխարենը խորհրդարան էին եկել ՀՀ ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, արդարադատության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ: Պատգամավորներից՝ միայն մի քանի դաշնակցական, երկու հանրապետական, երկուսը՝ «Արդարությունից», այն էլ բավականին ուշ տեղեկացված, մեկ՝ «գործարար», նույնիսկ Արշակ Սադոյանը եւ Արամ Գասպարիչը չէին տեղեկացվել, «ԱՄ»-ից եւ մյուս խմբակցություններից եւս ոչ ոք չկար: Գլխավոր զեկուցող՝ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արարատ Մահտեսյանը իր հերթին նշեց, որ վերջին շրջանում որոշ քաղաքական գործիչներ եւ ԶԼՄ-ներ հաճախակի են գործածում կրիմինալ եւ կրիմինալիզացիա տերմինները՝ դրանք կապելով Հայաստանի ներկա իրավիճակի հետ: Ըստ ոստիկանության պետի առաջին տեղակալի, այդ պնդումները ոչ մի կապ չունեն Հայաստանում հանցավորության մակարդակի եւ դրա դեմ տարվող պայքարի արդյունավետության հետ: Նա նշեց, որ իրավապահ մարմինները կողջունեն ցանկացած պետական, քաղաքական եւ հասարակական նախաձեռնություն, որը միտված կլինի հանցավորության դեմ պայքարի ոլորտում առկա խնդիրների բարձրացմանն ու լուծմանն աջակցելուն, բայց իրենք չեն ընդունում այն մոտեցումները, որոնցով փորձ է արվում հողին հավասարեցնել իրենց գործին նվիրված հազարավոր մարդկանց աշխատանքը, ինչի շնորհիվ հանրապետությունում երկար տարիներ պահպանվում է կայուն օպերատիվ իրավիճակ: Եվ գոնե այս պահին ոչ ոք ընդդիմությունից՝ ոչ Ստեփան Զաքարյանը եւ ոչ էլ Էդմոն Ծատուրյանը չհարցրին Արարատ Մահտեսյանին՝ արդյո՞ք կայուն իրավիճակ կարելի է համարել այն, որ օրը ցերեկով պետական պաշտոնյայի մեքենա են պայթեցնում եւ սպանում մարդուն, ծեծում եւ մահափորձ են իրականացնում եւ այլն: Նման հարցեր չտվեցին նաեւ դաշնակցական պատգամավորները, ովքեր Շահեն Հովասափյանի սպանությունից հետո շատ ավելի ջղային հարցեր էին հնչեցնում: Ավելի ուշ, պատասխանելով մեր հարցին, թե ինչո՞ւ հարցեր չտվեցին ոստիկանապետի տեղակալին կամ ելույթ չունեցան, Ստեփան Զաքարյանը ասաց, որ իրենք ելույթները եւ հարցերը պահել են բյուջեի քննարկումներին հնչեցնելու: Իսկ երեկվա հանդիպումը չէր ցուցադրվելու հեռուստատեսությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել