Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԺԷԿ»-Ի ԱՇԽԱՏՈՂ ՉԻ»

Նոյեմբեր 03,2006 00:00

\"\"Ասում է Հանրապետություն կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը

– Պարոն Այվազյան, վերջերս լույս տեսած «Դե-ֆակտո» ամսագրի հենց առաջին համարի առաջին էջին պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի մեծադիր լուսանկարն է՝ ազատ եւ արդար ընտրությունների անցկացման մասին նրա խոսքով, իսկ ներսում՝ հայտնի գործարարների «հրաշալի յոթնյակից», գովազդային լուսանկարներից եւ այլնից բացի, նաեւ դուք կաք: Ձեր լուսանկարի կողքին տպագրված է ձեր ընտրատարածքի մի քանի բնակիչների կարծիքները ձեր մասին, ասվում է, որ դուք չեք վերանորոգում բնակիչների ծակ տանիքները, վերելակները չեք սարքում եւ այլն: Դուք ընդհանրապես հանդիպո՞ւմ եք ձեր ընտրողների հետ:

– Ես շատ ակտիվ հանդիպում եմ իմ ընտրատարածքի բնակիչներին, անկախ նրանից՝ դարձյալ կառաջադրվե՞մ այնտեղ, թե՞ ոչ: Իմ ընտրողներն ինձ շատ լավ են ճանաչում, քանի որ այդ ընտրատարածքը իմ մանկության, պատանեկության եւ երիտասարդության բնակավայրն է, եւ բնական է, որ ես չեմ կարող այդ մարդկանցից կտրվել: Այնպես որ, խնդիր չկա, եւ եթե խորհրդարանական ընտրությունները լինեն հերթական, եւ ընդդիմությունը որոշի մասնակցել, միանշանակ, այդ ամսագրի առաջին էջում ո՞ւմ նկարն են դրել՝ Սերժ Սարգսյանի, թող ինքը գա, եւ մենք այդ նույն ընտրատարածքում մրցենք:

– Ինչպե՞ս եք վերաբերվում հնչող այն կարծիքներին, որ ընդդիմության առաջնորդները առաջադրվեն բոլոր 41 ընտրատարածքներում: Այդ միտքը քննարկվե՞լ է կուսակցությունում, թե՞ ոչ:

– Կարծես ներքաղաքական զարգացումներն այնպիսի ընթացք են ստանում, որ քաղաքական գործիչներն ավելի շատ խոսում են արտահերթ նախագահական ընտրությունների մասին՝ ետին պլան մղելով խորհրդարանական ընտրությունները, աշխարհաքաղաքական որոշ զարգացումներ եւս տանում են արտահերթ նախագահական ընտրությունների: Բայց եթե վերանանք դրանից եւ ասենք, որ գնում ենք 2007-ի մայիսի ԱԺ ընտրություններին, ձեր նշած գաղափարը, որ նետված է քաղաքական դաշտ, կարող է տարբերակներից մեկը լինել: Բնականաբար, եթե ընդդիմության բոլոր լիդերները առաջադրվեն 41 ընտրատարածքներում, ներկայանան ընդհանուր ծրագրով, ակնհայտ է, որ իշխանությանը այլ բան չի մնա, քան կապիտուլյացիան: Սա հաղթող տարբերակ է, բայց միակ տարբերակը չէ: Ընդդիմությունը իր տակտիկական զինանոցում կունենա նաեւ մի քանի այլ տարբերակներ, որոնք ակնհայտ հաղթանակի կբերեն: Հերթական խորհրդարանական ընտրություններում երկրում տեղի է ունենալու իրական իշխանափոխություն:

– Ըստ որոշ վերլուծությունների, այսօր իշխանությունը փորձելու է խորհրդարան բերել իր կողմից «հորինված» ընդդիմություն եւ դուք՝ այսօրվա գործող ընդդիմությունը, այլեւս հնարավորություն չեք ունենալու մտնել խորհրդարան: Ի՞նչ հակաքայլեր ունեք։

– Իշխանությունը ինքը չգիտի՝ ինչ է անում եւ ինչ է ուզում, եւ դա է պատճառը, որ վերջին մեկ-մեկուկես տարվա ընթացքում փորձեց տարբեր կուսակցություններ ստեղծել, որոնք պարզ չէ, թե ինչով են զբաղված: Կուսակցություն կա, որ հայտնի չէ՝ համագումար արե՞լ է, թե՞ չի արել, բայց տարիուկես է՝ զբաղված է հասարակական գործունեությամբ, բարեգործությամբ: Իսկ ինչո՞ւ է նա այդ ուղղությամբ իր քայլերը զարգացնում, որովհետեւ քաղաքական դաշտում նա իր անելիքը դեռեւս չգիտի, հրահանգ չի ստացել, որեւէ պատկերացում չունի՝ ուր է գնալու, ինչ է անելու, ինքն ընդհանրապես գնալո՞ւ է ԱԺ, ինչո՞ւ է գնալու: Դեռեւս հստակեցված չէ, այսինքն՝ իշխանությունների մոտ ապագայի նկատմամբ հստակեցում չկա:

– Եթե ձեր ակնարկները վերաբերում են «Բարգավաճ Հայաստանին», ապա եւ այդ կուսակցությունը, եւ Հանրապետականը չեն թաքցնում, որ մտադիր են խորհրդարանական տեղերը վերցնեն «բիրիքով»:

– Իշխանական մի քանի «պրոյեկտներ» էլ կային, որոնք հիմա կամ վերացան, կամ սառեցին. սա էլ հերթական իշխանական «պրոյեկտներից» մեկն է, ակնհայտ է, որ սա Ռոբերտ Քոչարյանի «պրոյեկտն» է, բայց ես հստակ կարող եմ ասել, որ ինքն էլ չգիտի՝ այս կուսակցությունը որտեղի՞ց է սկսել եւ ո՞ւր է հասնելու, իրավիճակային, պահի տակ առաջացած խնդիր է: Արդեն մեկ տարուց ավելի շրջանառվում է այդ անունը, բայց նրանք զբաղվում են միայն բարեգործությամբ: Ես զարմանում եմ, պետություն չկա՞, որ այդ կարգի խնդիրները լուծի, որ սերմացու կամ կարտոֆիլ բաժանի: Ապշում եմ, այդ կառույցի տեղը եւ դերը ո՞րն է հասարակության մեջ։

– Բայց կարծես մեր հասարակությանը հենց այդ կարգի բարեգործական կուսակցություններն են դուր գալիս, ովքեր բան են տալիս, թեկուզ կարտոֆիլ, իսկ ընդդիմությունը տալու բան չունի:

– Նորից վերադառնանք այդ ամսագրին, ի՞նչ են գրել, գրել են, որ ինչ-որ մեկի տանիքը կաթում է, վերելակը չի աշխատում: Ես ուզում եմ բնակիչներին եւ այսօրվա իշխանություններին հիշեցնել, որ պատգամավորը ԺԷԿ-ի աշխատող չի, պատգամավորը պետք է երկրի վիճակը լավացնի, որ երկրում այդ հարցերը լուծվեն, համապատասխան կառույցներն իրենց աշխատանքը անեն: Հիմա էլ այդ նույն թաղամասերում փոքրիկ բանդաներ են ձեւավորում, կշիռ ունեցող երեք-չորս հոգու հավաքում են մի խմբի մեջ, որպեսզի ընտրությունների ժամանակ կարողանան կեղծել: Տարբեր մոդելներով, օրինակ, Գյումրիի մոդելը՝ վերցնում են շենքի ցուցակը, ով իրենց դեմ է՝ նրան չեն թողնում ընտրությունների գնան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել