Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՓՈՔՐԻԿ ՈՃԻՐՆԵՐ» ՄԵԾ ԲԵՄՈՒՄ

Նոյեմբեր 02,2006 00:00

\"\"Մայր թատրոնում հոկտեմբերի 31-ին կայացավ Էրիկ-Էմանուել Շմիտի «Ամուսնական փոքրիկ ոճիրները» պիեսի պրեմիերան: Բեմադրությունը՝ Վահե Շահվերդյանի, դերերում՝ կինոյի եւ թատրոնի ճանաչված դերասաններ Անահիտ Թոփչյան եւ Աշոտ Ադամյան:

«Առավոտը» դեռ այս ամռանը տեղեկացված էր, որ սկսվել են հիշյալ պիեսի փորձերը, 16 տարի հայրենիքում բեմ չբարձրացած ֆրանսաբնակ Անահիտ Թոփչյանի եւ Մայր թատրոնի դերասան Արտաշես Ալեքսանյանի հետ, բայց հանկարծ թատերական բարդ ու առեղծվածային կյանքի ինչ-ինչ խնդիրների պատճառով Արտաշեսի թեկնածությունը անվերապահորեն մերժվում է: Փորձերը կանգ են առնում եւ վերսկսվում միայն հոկտեմբերի սկզբին արդեն Աշոտ Ադամյանի հետ: Մենք չփորձեցինք բեմադրող-ռեժիսորից կամ դերասաններից հարցումով խորանալ ասվածի պատճառների մեջ, քանի որ պրեմիերան ավարտվեց «բրավոներով» ու «բիսերով»: Ա. Թոփչյանի մուտքը բեմ ընդունվեց ծափերով. դրանք սկզբում գուցե խոսում էին անցյալից մնացած հուշերի մասին հանդեպ դերասանուհին, եւ Աստված մի արասցե, եթե նա չկարողանար իր բարձրության վրա մնալ: Պետք է փաստել, որ այսօր մենք դադարել ենք հասկանալ, ըմբռնել, ներողամիտ լինել (սա վերաբերում է դերասանուհու՝ տարիներ շարունակ հայրենիքից դուրս լինելուն): Հաճախ ժամանակին հայաստանցի արվեստագետների խաղը, նվագը տարիներ հետո մեզ մոտ դիտում ենք իբրեւ գլադիատորների մենամարտ, որտեղ միայն հաղթողին են պատվում:

Հայաստանը 41-րդ երկիրն է, որտեղ բեմադրվում է այսօր աշխարհում ամենից շատ թարգմանվող եւ բեմադրվող ֆրանսիացի Էրիկ-Էմանուել Շմիտը: «Ամուսնական փոքրիկ ոճիրները» լույս է տեսել 2004թ. Փարիզում, իսկ ընդամենը մեկ տարի անց Ա. Թոփչյանի թարգմանությամբ՝ Երեւանում: Պիեսը կառուցված է բացառապես նրբին, բազմիմաստ, փիլիսոփայական խորասուզումներով հարուստ երկխոսության վրա: Մի նյութ, որը մեր առօրյան խեղդող շոուներից, սերիալներից եւ զանազան խուտուտ տվող «արվեստներից» հետո պիտի որ հանդիսատեսի համար հնչեր որպես «չինարեն»: Այս պիեսի տեքստը հանդիսատեսից պահանջում է մտավոր-բարոյական որոշակի մակարդակ: Սակայն դա չի նշանակում, թե ներկայացումը տաղտկալի էր: Մոտ 1.5 ժամ Ա. Թոփչյանն ու Ա. Ադամյանը կարողացան դահլիճը պահել լարված սպասումի մեջ: Ի դեպ, մինչ այս պիեսի պրեմիերան մասնագետների հետ մեր զրույցներից կարծես պարզ էր մի բան, այն է՝ մտավախություն կար, որ նման ինտելեկտուալ դրամատուրգիան մեծ բեմի համար չէ (այս դեպքում նկատի ունեին Մայր թատրոնի բեմը), սակայն դերասանները հակառակն ապացուցեցին: Թերեւս կարելի է բոլոր պրեմիերաներին բնորոշ մի շարք վրիպումների ու անհարթությունների մասին խոսել, որոնք չբացառվեցին նաեւ այս դեպքում: Անվիճելի է մի բան՝ պրեմիերայի օրը տաղտուկն ու ձանձրույթն արդեն վտարվեցին դահլիճից: Մինչդեռ ներկայացումը նվիրված էր հոգնեցնելու չափ հանրահայտ ու կարծես անհետաքրքիր մի նյութի. ամուսնական զույգ՝ իր մշտական ու անխուսափելի վեճերով, գզվռտոցով, մանր-մունր հաշիվներով, կեղծ եւ իրական զգացմունքներով: Դերասանները կարողացան համոզիչ խաղի շնորհիվ ունկնդրին ներքաշել այդ ամենի մեջ, ստիպել անհանգստանալ նրանց եւ, ինչու ոչ, նաեւ մեր ճակատագրի համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել