Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դպրոց գնալն ավելորդ ծախս է

Նոյեմբեր 02,2006 00:00

\"\"Ընտանիքն ապրում է ցրտի ու սովի պայմաններում\"\"

Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի 6 անչափահաս երեխաներ ունեցող Սուսաննա Պետրոսյանի ընտանիքը ոչ մի կերպ չի կարողանում հաղթահարել աղքատությունը: Ավելին, տարեցտարի ընտանիքի վիճակն ավելի վատթարանում է: Միայն սննդամթերքի դիմաց Ս. Պետրոսյանը գյուղի բոլոր խանութներում 150 հազար դրամից ավելի պարտք ունի: Տանտիկնոջ պատմելով. «Բազմազավակ մայր եմ, բայց ոչ մի տեղից օգնություն չենք ստանում, վերջին օգնությունը երեք տարի առաջ գյուղապետարանից ստացած 8 կգ ալյուրն ու մեկ պարկ կարտոֆիլն է եղել: Ուրիշների հողերում բանվորություն եմ անում, որ երեխաների համար ցամաք հացի փող աշխատեմ, մսեղենի երես ամիսներով չենք տեսնում: Միակ դրամական օգնությունը աղքատության նպաստն է, այն էլ հերիքում է միայն ջրի, լույսի վարձերը վճարելուն»: Սուսաննան ու իր երեխաներն ապրում են երկու սենյականոց կիսաքանդ տանը: Ձմռան ցրտերը մոտենում են, իսկ ընտանիքը հնարավորություն չունի տան պատուհաններն ապակեպատել՝ ստիպված ցելոֆան ու հագուստի կտորներ են փակցրել:

Ցրտերն ընկնելուն պես տան անդամներն ամեն օր Աստծուց խնդրում են, որ տեղումներ չլինեն, այլապես, երեխաների ներկայացմամբ, տունը ջրի մեջ կորչում է: Տանիքից բացի, տան հատակն էլ է տեղ-տեղ վնասված ու փտած: Խոնավությունից տան պատերը բորբոսնել են, առաստաղի գաջը՝ թափվել: Երեխաներից երեքն են դպրոց հաճախում: Մյուս երկուսը սոցիալական վատ պայմաններից ելնելով՝ 8-րդ դասարանն են ավարտել եւ դպրոցից դուրս եկել: Ս. Պետրոսյանի ներկայացմամբ՝ «Երեխաներին 8-ից հանել եմ, որ ծախսերը փոքր-ինչ կրճատվեն: Գումար չունեմ, որ գիրք ու տետր առնեմ: Մեր տանն ամեն օր տետրի ու գրիչի կռիվ է: Երեխաները հագնում են՝ ինչ-որ ձեռքներն ընկնում է, հագուստով օգնում են հարեւանները»: Տան միակ գույքը չորս երկաթե մահճակալն է. «Ձմեռ է գալիս, ոչ ալյուր ունենք, ոչ վառելափայտ: Այստեղից-այնտեղից ցախ ենք հավաքում, որ ձմեռը չկոտորվենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել