Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՆԵՐՄՈՒԾՈՂՆԵՐՆ ԱՌԱՋ ԵՆ ԸՆԿԵԼ

Նոյեմբեր 02,2006 00:00

Խոշոր հարկատուների ցանկում տեղական արտադրողները համեստ դիրքերում են

Շատ է խոսվել այն մասին, որ դոլարի կուրսի նվազումը տեղական արտադրողների գործին խփել է, որ մեր երկրում ներմուծողներն ավելի նպաստավոր դաշտում են հայտնվել, քան արտադրողները: Օրերս հրապարակված 300 խոշոր հարկատուների ցանկը եւս մեկ անգամ ապացուցում է, որ, իսկապես, տեղական արտադրողներն իրենց դիրքերը զգալիորեն զիջել են ներմուծողներին: Իհարկե, կան գործարարներ, որոնք ոչ միայն արտահանողներ են, այլեւ ներմուծողներ ու դոլարի կուրսից կրած վնասները փոխհատուցվում են ներմուծումից ստացած մեծ օգուտներով: Բայց տվյալ դեպքում խոսքը այս կամ այն գործարարի գրպանի պարունակության կամ բիզնեսի հաջողության մասին չէ: Տեղական արտադրության նվազումից տուժում է ամբողջ տնտեսությունը:

Եթե նախորդ տարի խոշոր հարկատուների ցանկում հայրենի արտադրողներն առաջատար դիրքերում էին, այս տարվա 9 ամիսներին արդեն տեղական նույնիսկ խոշոր ընկերությունները շատ համեստ դիրքերում են: Օրինակ՝ ալկոհոլային խմիչքներ արտադրող գրեթե բոլոր ընկերություններն անցյալ տարվա համեմատ հարկատուների ցանկում տասնյակ կետով հետընթաց են ապրել. Ավշարի գինու գործարանը հայտնվել է 20-րդ հորիզոնականում՝ վճարելով 1.3 մլրդ դրամ, իսկ անցյալ տարի նույն ժամանակահատվածում այս ընկերությունը 10-րդ տեղում էր: «Երեւանի գարեջուրը» 28-րդ տեղում է, իսկ անցյալ տարի՝ 18-րդ, «Էրեբունի ալկոն» 24-րդ տեղից հայտնվել է 65-րդում, «Վեդի ալկոն»՝ 26-րդից 93-րդ հորիզոնականում է եւ վճարել է ընդամենը 330 մլն դրամ: Մոտ հարյուր նիշով հետընթաց է ապրել նաեւ «Արաբկիր ալկո լիկյորի-օղու գործարանը»՝ նախորդ տարվա 46-րդ պատվավոր տեղից հասնելով 133-րդ տեղը: «Կոտայքի գարեջուրը», որը նախորդ տարի Գագիկ Ծառուկյանին էր պատկանում, 44-րդ տեղում էր, հիմա 58-րդ տեղում է: Ալկոհոլային խմիչքների տեղական արտադրողները հիմնականում շահույթ են ստանում արտահանումից, քանի որ Հայաստանում նրանց ներքին սպառումը քիչ է: Հաշվի առնելով, որ դոլարի կուրսն էլ իջած է ու ներմուծողների վրա ավելի էժան է նստում նույն արտադրանքի ներկրումը, շուկայում տեղական արտադրողները չեն կարողանում մրցակցությանը դիմանալ:

Նույն խնդրի առաջ են կանգնել նաեւ մսամթերք արտադրողները: Օրինակ՝ «Մուշ» ընկերությունն այս տարվա առաջին եռամսյակում 120-րդ հորիզոնականում էր, իսկ 6 ամիս անց հայտնվել է 143-րդում: Տեղական տուժած արտադրողներից են նաեւ թռչնաֆաբրիկաները. «Արաքսը» անցյալ տարի 106-րդ տեղում էր, այս տարի՝ 226-րդում, վճարելով ընդամենը 147 մլն դրամ: «Լուսակերտն» էլ 133-րդից հասել է 241-րդ տեղը՝ պետբյուջե մուտքագրելով ավելի քիչ՝ 137 մլն դրամ:

Երեւանի պահածոների գործարանը նույնպես իր արտադրանքի մեծ մասն արտահանում է եւ, ըստ հարկատուների ցանկի, հետընթաց է ապրում՝ 141-ից հայտնվելով 262-րդ հորիզոնականում:

Ի հեճուկս տեղական արտադրողների համեստ դիրքերի, ներկրողները հարկատուների ցանկում «առաջ են քաշվել»: Օրինակ՝ դեղ ներկրողներից Սամվել Ալեքսանյանի «Նատալի ֆարմը», որն անցյալ տարի հունվար-սեպտեմբեր ամիսներին 178-րդ տեղում էր եւ վճարել էր 60 մլն դրամ, այս տարի արդեն 46-րդ տեղում է՝ 640 մլն դրամով: Վառելիք ներկրող տարբեր տեսակի «պետրոլ սերվիսներն ու օյլերը» նույնպես առաջին շարքերում են. օրինակ, «Ռան օյլը» 33-րդ տեղում է եւ վճարել է 865 մլն դրամ, իսկ առաջին եռամսյակում 61-րդ տեղում էր՝ վճարելով 138 մլն դրամ: Կոսմետիկա ներկրող «Օրիֆլեյմ» ընկերությունն անցյալ տարի 83-րդ հորիզոնականում էր, իսկ հիմա արդեն՝ 52-րդ տեղում է եւ վճարել է 578 մլն դրամ:

Անկախ դոլարի փոխարժեքից, խոշոր հարկատուների ցանկում մի քանի ընկերություններ կան, որոնք միշտ «հետաքրքիր» ու անսպասելի հորիզոնականներ են գրավում: Օրինակ, «Երեւաննախագիծը», որն անցյալ տարի 154-րդ տեղում էր, այս տարի գտնվում է 278-րդում՝ հազիվ ընդգրկվելով 300 խոշոր հարկատուների ցուցակում: Հաշվի առնելով, թե ինչպիսի բուռն շինարարություն է մայրաքաղաքում իրականացվել վերջին 1 տարվա ընթացքում, այս հետընթացը տարօրինակ է, քանի որ Երեւանում գրեթե բոլոր նախագծային աշխատանքները հենց «Երեւաննախագծի» ձեռքի տակով են անցնում (պատվիրատուները հիմնականում «Երեւաննախագծին» են դիմում): Նույնատիպ անակնկալ է մատուցել նաեւ «Գրիար» ընկերությունը, որն ավելի շատ հայտնի դարձավ Բուզանդի փողոցի իրացման դեպքերից հետո: Այս ընկերությունը զբաղվում է էլիտարաշինությամբ, ու չնայած վերջին շրջանում մայրաքաղաքում ընկերությունը բուռն գործունեություն է ծավալում, բայց հարկատուների ցանկում նահանջ է գրանցում. 6 ամիս առաջ «Գրիարը» 53-րդ տեղում էր եւ վճարել էր 147 մլն դրամ, իսկ հիմա՝ 162-րդ տեղում է եւ վերջին 6 ամիսներին ընդամենը 47 մլն դրամ հարկ է վճարել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել