Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թուրքական թեման չի «հովանում»

Նոյեմբեր 02,2006 00:00

Այնպես է ստացվել, որ ամենատարբեր ասպեկտներով դիտարկվող թուրքական թեման վերջին շրջանում հայտնվել է միջազգային քաղաքականության «կիզակետային» տիրույթում: Թեմայի ակտիվացման սկզբնակետը, թերեւս, Եվրամիության եւ Թուրքիայի միջեւ վերջինիս՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների մեկնարկն էր:

Քիչ ավելի ուշ բավականաչափ աղմկահարույց այդ մեկնարկին հաջորդեցին մեկը մյուսի ետեւից Թուրքիայում արձանագրվող ոչ պակաս աղմկահարույց դատավարությունները ազատամիտ գրողների ու մտավորականների նկատմամբ: Ապա թափ վերցրեց Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային «շքերթը», որի պսակը հանդիսացավ Ֆրանսիայի խորհրդարանի կողմից վերջերս ընդունված հայտնի օրինագիծը:

Եվ ահա, կարծես տուրք տալով թուրքական թեման առաջիկայում եւս «տաք» պահելու անհրաժեշտությանը, եվրոպական ԶԼՄ-ները դարձյալ անդրադարձել են Թուրքիայի վերաբերյալ Եվրահանձնաժողովի պատրաստած զեկույցին: «Նոյյան տապանի» փոխանցմամբ, Եվրոպայի առաջատար լրատվամիջոցները վստահ են, որ առաջիկա նոյեմբերի 8-ին հրապարակվելիք այդ զեկույցը լինելու է «խիստ քննադատական»:

Լրագրողների տրամադրության տակ հայտնված Եվրահանձնաժողովի զեկույցի նախագծում Թուրքիայի իշխանությունները քննադատվում են այն բանի համար, որ մինչ օրս չեն կարողացել երկրում պատշաճ կերպով խոսքի ազատություն ապահովել, ինչպես նաեւ վերջ դնել բանտարկյալների խոշտանգումներին: «Արտահոսվում է» նաեւ, որ երկրում այդպես էլ չի հաջողվել բանակի նկատմամբ հասարակական վերահսկողություն հաստատել: Բացի այդ, Եվրահանձնաժողովում մտադիր են Անկարայից պահանջել ավելի արդյունավետ պայքար կոռուպցիայի դեմ, դատական մարմինների ավելի մեծ անկախության ապահովում եւ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանություն: Նախագծում քննադատվում է նաեւ Հյուսիսային Կիպրոսի ծովային նավահանգիստները հունական Կիպրոսի նավերի համար բացելու՝ Անկարայի մերժումը: Այդ կապակցությամբ կիպրական իշխանություններն արդեն իսկ առաջարկել են դադարեցնել 2005թ. աշնանը մեկնարկած Թուրքիա-ԵՄ բանակցությունները:

Թուրքական թեման ակտիվ է նաեւ ամերիկյան «ճակատում»: Այսպես. «Ազատություն» ռ/կ-ի հաղորդմամբ, ԱՄՆ-ի Ջորջթաուն համալսարանի պրոֆեսոր Քլայդ Ուիլքոքսը Անկարայում հայտարարել է, թե ԱՄՆ կոնգրեսականները, ամենայն հավանականությամբ, առաջիկայում կընդունեն Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը ճանաչող մի բանաձեւ: Ուիլքոքսը նկատել է, որ հաջորդ շաբաթ անցկացվելիք ընտրություններում դեմոկրատները Կոնգրեսի երկու պալատներից առնվազն մեկում մեծամասնություն կազմելու մեծ հնարավորություն ունեն: Նոյեմբերի 7-ին ընտրվելու են Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները եւ Սենատի 100 անդամներից 33-ը: Ուիլքոքսը կանխատեսել է, որ դեմոկրատների հաղթանակի դեպքում փոքրամասնության առաջնորդ Նենսի Փելոսին կդառնա Պալատի խոսնակը եւ ամեն ինչ կանի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւն անցկացնելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել