Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Բարձր տեմպ ենք վերցրել»

Նոյեմբեր 02,2006 00:00

Այդպիսի որակում տվեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը Հայաստանի 2007 թ. բյուջեին

Երեկ երկրի վարչապետը եւ ֆինանսների նախարարը ներկայացրին 2007 թ. պետական բյուջեի նախագիծը: Վարչապետը չխուսափեց որակումներից եւ ասաց, թե բյուջեի փաստաթուղթը «հիասքանչ է»: Այնուհետեւ վարչապետի բացակայությամբ եւ սակավաթիվ պատգամավորների ներկայությամբ Վարդան Խաչատրյանը չխնայելով ոչ մեկին եւ կարծես ի հեճուկս ոմանց, ամենայն մանրամասնությամբ, տող առ տող, ստորակետ առ ստորակետ ընթերցեց այն, ինչ արդեն մի քանի օր հանձնված է պատգամավորների դատին: Ավելի ուշ պատգամավորները եւ նույնիսկ կառավարության ներկայացուցիչները մասնավոր զրույցներում չէին էլ թաքցնում, որ իրենց համար էլ է անհասկանալի, թե ո՞ւմ է պետք այս ձեւական միջոցառումը, երբ հատուկենտ օրենսդիրներ են ունկնդրում բյուջեի թվերը: Մի պահ միայն երկուստեք աշխուժացան, երբ Վարդան Խաչատրյանը հայտարարեց, որ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը բարձրանալու է ոչ ավել, ոչ պակաս՝ 40 տոկոսով, սակայն անմիջապես էլ սառը ցնցուղ ընդունածի պես կախեցին գլուխները, երբ ասվեց, որ աշխատավարձերը բարձրացնելու առաջարկ կառավարությունը ներկայացնում է ամեն ընտրությունից առաջ՝ մոտավորապես չորս-հինգ տարին մեկ: Այս անգամ կառավարությունն առաջարկում է պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնել 40 տոկոսով, բայց «այս օրենքը գրած, ներկայացրած կամ հաստատած որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի վրա չի ազդելու»,- հայտարարեց ֆինանսների նախարարը: Իսկ դա նշանակում է, որ ընտրություններից հետո եւս այսօրվա պաշտոնյաները պետք է կենաց եւ մահու կռիվ տան պաշտոններ զբաղեցնելու համար: Ավելի վաղ, իր խոսքում վարչապետը նշեց նաեւ, որ ներկայացված նախագծում պահպանվել է սոցիալական ուղղվածությունը: Համախառն ներքին արդյունքի նկատմամբ ծախսերի աճ է նախատեսված սոցիալական ապահովության, առողջապահության, գիտության, կրթության, ինչպես նաեւ պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում: Ըստ վարչապետի, թեեւ երկրի պաշտպանության ոլորտի ֆինանսավորման մակարդակի աճը Ադրբեջանի հետ համեմատած բավարար չէ, սակայն «հաշվի առնելով մեր պաշտպանության համակարգում առկա կազմակերպվածության աստիճանը, մարտունակությունը, մինչ այդ եղած բազան, մեզ չպետք է սարսափեցնի հատկացվելիք գումարների տարբերությունը»: «Մենք կարող ենք ցանկացած պահի հակահարված տալ ցանկացած ոտնձգության՝ մեր պետության նկատմամբ»,- վստահեցրեց ՀՀԿ նախագահը:

Ըստ վարչապետի, 2007թ. համար կառավարությունը «շատ ավելի բարձր տեմպ է վերցրել, եւ, իհարկե, այն կատարելը շատ դժվար է լինելու, բայց ոչ՝ անհնար»: Ասվեց, որ կառավարությունը 2007-ին եւս մտադիր է ապահովել եկամտային մասի կատարումը կոռուպցիայի եւ ստվերային տնտեսության դեմ պայքարի, հարկային եւ մաքսային ոլորտներում վարչարարության մեծացման շնորհիվ՝ առանց հարկերի բարձրացման:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել