Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԱՐԶ ԱՍԱԾ, ՀՈՂՆ ԻՄ ՈՏՔԵՐԻ ՏԱԿԻՑ ԳՆԱՑԵԼ Է»

Նոյեմբեր 02,2006 00:00

\"\"Մեր թերթին տված հարցազրույցում ասում է ՍԻՄ պատվավոր նախագահ Հրանտ Խաչատրյանը

– Պարոն Խաչատրյան, համաձայնեք, ՍԻՄ-ում տարօրինակ բաներ են կատարվում:

– Խնդիրն այն է, որ մոտավորապես մեկ ամիս նախապատրաստվող հեղաշրջմամբ ծուղակ էր պատրաստված ոչ միայն ինձ, այլ նաեւ նախագահության մյուս անդամների համար, նույնպես կեղծ մեղադրանքով, որ նախագահությունում կան ներդրված մարդիկ՝ կուսակցությունը եւ թերթը քայքայելու նպատակով, եւ տվյալ պահին քայլեր կային, որոնք կարող էին ավելի արդյունավետ համարվել, քան հրաժարականը: ՍԻՄ-ի անունից լիազորություն չունեցող մարդիկ քրեական գործ հարուցեցին Սուրեն Վարդանյանի նկատմամբ, եւ ես ստիպված եմ եղել այդ գործին մասնակցել որպես վկա: Ես մասնակցում էի որպես նախկին նախագահ, բայց ինձնից պահանջում էին փաստաթղթեր, որոնք կարող էին պահանջել գործող նախագահից: Նախկին նախագահը պետք է փաստաթղթերը հանձնած լիներ գործող նախագահին եւ նոր նախագահը կարող էր դրանք ներկայացնել կամ չներկայացնել: Նախկին նախագահը, որքան ես եմ պատկերացնում, միայն հիշողությամբ կարող է վկայություններ տալ, սակայն քննության համար դա բավարար չհամարվեց, եւ ես ստիպված եղա հրաժարվել վկայությունից, թեեւ նախազգուշացված էի քրեական պատասխանատվությամբ: Եվ այդ ժամանակ պարզ դարձավ, որ իմ կարգավիճակը կուսակցությունում անորոշ է։ Մյուս կողմից (իմ կարծիքով, դա երեսպաշտություն էր), իմ բացակայությամբ ինձ նորից նախագահ են ընտրել, իմ կամքին հակառակ էր պատվավոր նախագահ ընտրելը, երբ կուսակցության գրասենյակում անվտանգության ծառայության անվան տակ մարդիկ են շրջում, ովքեր խոչընդոտում են իմ մուտքը կուսակցության գրասենյակ: Ես, հավանաբար, դարձյալ ստիպված կլինեմ որպես վկա մասնակցել արդեն մյուս կողմի (այսինքն՝ ՍԻՄ գործող նախագահության դեմ.- Մ. Ե.) դատական հայցով: Ես, վերջին հաշվով, կճշտեմ իմ կարգավիճակը: Ես քաղաքականությամբ զբաղվելու, լուրջ զբաղվելու, այնպես, ինչպես ես կզբաղվեմ, այդպիսի հիմքեր հիմա չեմ տեսնում, պարզ ասած՝ հողը իմ ոտքերի տակից գնացել է, իսկ քաղաքականությունը լուրջ բան է եւ նրանով կարող են ամուր հիմքի վրա կանգնած մարդիկ զբաղվել: Որպես անհատ՝ իսկապես չեմ ուզում մասնակցել եւ ոչ էլ նոր հենարաններ փնտրել, բայց քանի որ բարոյական հարթության մեջ ամեն ինչ պարզ է, այնուամենայնիվ, պետք է ճշտել նաեւ իրավական կարգավիճակը ե՛ւ կուսակցության, ե՛ւ անձամբ իմ ու նախագահության անդամների:

– Ձեզ հետ հեռացածները դիմել են դատարան եւ պատրաստվում են ձեր նշած կարգավիճակային հարցերը լուծել դատական կարգով, դուք ի՞նչ եք մտածում այդ մասին:

– Ես ինքս հակված չէի, որ իմ ընկերները դիմեն դատարան, բայց քանի որ նրանք էլ են ազատ մարդիկ, ես նաեւ պարտավորություն եմ վերցրել օգնել այն մարդկանց, ովքեր զոհ դարձան այս դավադրությանը:

– Թերթերից մեկում տպագրված է ամռանը կայացած ձայնագրության սղագրությունը, ըստ որի՝ ՍԻՄ նախագահությունը նախընտրական շրջանում զբաղված է եղել առեւտրով եւ փող է կուտակել հանձնաժողովների եւ այլնի հաշվին. դուք, որպես կուսակցության նախագահ, տեղյա՞կ եք եղել այս ամենին եւ ձայնագրությանը:

– Այն, ինչ որ կուսակցության ներքին գործն էր, ես հիմա էլ համոզված եմ, որ կուսակցության ներքին գործն է, այն, ինչ որ խոսակցություններ են, որոնք, իմ խորին համոզմամբ, Հայաստանի պայմաններում ոչ մի կերպ ապացուցման ենթակա չեն, այդ մասով ես ինքս չգիտեմ, թե ինչ է պետք անել, որովհետեւ խոսքը գնում է ընտրությունների մասին: Եղել է ֆինանսական հաշվետվություն, որը ընդունվել է նախագահության կողմից, կուսակցության տարբեր անդամների ոչ պարկեշտ պահվածքի մասին եղել են զանազան դիմումներ, եւ դրանց վերաբերյալ քննարկումներ ու որոշումներ են եղել: Բայց այն մասերը, որը հնարավոր չի եղել ապացուցել, մնացել են բաց:

– Կոնկրետ՝ ձայնագրությունը իրակա՞ն է եւ նրանում արտահայտված փաստերը իրակա՞ն են, թե՞ հորինված:

– Ճիշտն ասած, այդ ձայնագրությունը կուսակցությունում ժամանակին դարձավ լարվածության պատճառ, եւ դրանով հենց Գեղամ Գրիգորյանն էր շանտաժ անում Հայկ Բաբուխանյանին: Գեղամը ասել էր Բաբուխանյանին, որ ինքը ձայնագրության մի օրինակը տվել է իբր ինձ, իսկ մյուս օրինակները ուղարկել է բոլոր լրատվամիջոցներին («Առավոտը» նման ձայնագրություն չէր ստացել.- Ս. Ե.): Մենք չգիտեինք, թե դրանում ինչ կար: Ինձ զանգահարեց Բաբուխանյանը եւ ասաց, թե ինչ է արել Գեղամը, ես խոստացա, որ մինչեւ չպարզեմ, տուն չեմ գնա: Պարզվեց, որ Գեղամը սուտ է ասել, մի օրինակ նա ինձ չէր տվել, տվել էր Կարեն Վարդանյանին, որպեսզի միասին լսենք, Կարենը այդ օրը զբաղված էր, գիշերը գնացինք գրասենյակ, լսեցինք ձայնագրությունը, տեսանք, որ ապացուցողական որեւէ բան չկա: Դրանից հետո մինչեւ ժամը հինգը նստել ենք եւ որոշել, թե ինչ է պետք անել այդ ամենը կարգավորելու համար, որովհետեւ ակնհայտ էր, որ արդեն ճեղքվածք էր առաջանում կուսակցությունում: Գեղամ Գրիգորյանն էլ էր նախագահության անդամ, ըստ էության՝ նրանց մեջ ինչ-որ բան էր կատարվել, եւ Գեղամը փորձում էր Հայկի դեմ եղած եւ չեղած բոլոր փաստերը ջրի երես հանել: Գնահատելով շանտաժը որպես խիստ անթույլատրելի երեւույթ՝ ես քննարկում կազմակերպեցի, կա նաեւ այդ ձայնագրությունը, եւ ինձ թվում էր, որ այդ նիստից հետո պետք է որ կրքերը հանդարտվեին: Բաբուխանյանը որոշեց, որ Գեղամ Գրիգորյանը վնասազերծված է ամբողջությամբ, հաջորդ օրը նրան «Իրավունքի» տնօրենի պաշտոնից ազատելու հրամանագիր ստորագրեց, ինձ էլ հարցրեց՝ համաձայն եմ, թե ոչ, ասացի, որ «Իրավունքի» ներքին խնդիրն է: Անմիջապես դռան վրայից հանեց տնօրենի ցուցանակը: Բայց բառացիորեն երկու օր անց երկուսով՝ Գեղամը եւ Հայկը ինձ պահանջ ներկայացրին, որ չորս հոգով անցկացրած նախագահության նիստը անօրինական է եւ իրավունք չունենք չորս հոգով նիստ անել: Մեր Կանոնակարգով պարզվեց, որ նման իրավունք մենք ունենք: Դրանից հետո Գեղամ Գրիգորյանը եւ Հայկ Բաբուխանյանը ինչ-որ կախարդական թելով միացան եւ սկսեցին սերտ համագործակցել: Այդ ժամանակ Բաբուխանյանի մոտ ցնցումներ նկատվեցին: Դա 2006-ի հունիսին էր:

Հ. Գ. Հարցազրույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ին, Հրանտ Խաչատրյանի՝ ՍԻՄ գրասենյակ «գրոհից» առաջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել