Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հավուր պատշաճի պահպանվե՞լ են

Նոյեմբեր 01,2006 00:00

Դիլիջանի քաղաքապետարանի ուշադրությունը չի փրկել Երկրագիտական թանգարանի շենքը

Օրերս «Առավոտը» ահազանգ էր ստացել դիլիջանցի երիտասարդներից, որոնք մտահոգված էին տեղի Երկրագիտական թանգարանի շենքի անմխիթար վիճակով: «Արդեն քանի տարի է՝ շենքը վատթար վիճակում է եւ ուշադրություն դարձնող չկա: Իշխանական ոչ մի կառույց չի կարողանում գումար հատկացնել՝ թանգարանի նոր շենքի համար, քանի որ գործող շենքին վերանորոգումն էլ չի փրկի: Ահավոր խոնավ է շենքում, պատերը փլփլված են: Վտանգավոր է, երբ միանգամից մեծ խմբով մարդիկ են այցելում: Մյուս կողմից էլ ոչ մեկը հաշվի չի առնում, որ այստեղ պահպանվում են բազմաթիվ հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերված տարբեր դարաշրջանների ցուցանմուշներ, բացի այդ, հենց այստեղ են ցուցադրված Էդգար Շահինի, Գառզուի եւ այլ հայտնի նկարիչների աշխատանքներ»,- հայտնեցին ահազանգողները: Ըստ վերջիններիս, թանգարանի վերանորոգման հարցը մի քանի անգամ բարձրացվել է ԱԺ-ում, սակայն առայսօր «սայլը տեղից չի շարժվել»: Խնդրի մասին «Առավոտը» փորձեց տեղեկություններ ստանալ նաեւ Դիլիջանի քաղաքապետարանի մշակույթի բաժնի վարիչ Արկադի Մելյանից: Պաշտոնյան նշեց, որ Երկրագիտական թանգարանի շենքը երկրաշարժից հետո է վթարային դարձել. «2007-ին պատրաստվում ենք թանգարանը տեղափոխել Դիլիջանի Կենտրոնական գրադարանի շենք: Ավելի կոնկրետ՝ թանգարանին արդեն հատկացվել են 5 հարկանի գրադարանի 2 հարկերը»:

Մտահոգությանը, թե այդժամ արդյո՞ք թանգարանը չի խանգարի գրադարանի աշխատանքին եւ հարմա՞ր է մի շենքում տեղավորել մշակույթի երկու օջախ, պրն Մելյանը հայտնեց, որ ամեն ինչ հաշվարկված է եւ ոչ մի խնդիր չի ծագի:

Դիլիջանի երկրագիտական թանգարանում պահպանվում են հնագիտական, ազգագրական նյութեր, դեկորատիվ եւ կիրառական արվեստի նմուշներ: Այն ունի ցուցասրահ, որտեղ ներկայացվում են նաեւ ժամանակակից արվեստի գործեր: Հետաքրքրվեցինք նաեւ, թե շենքային վատ պայմանների պատճառով չե՞ն վնասվել պահպանվող ցուցանմուշները, Ա. Մելյանն ասաց. «Այս տարիների ընթացքում ոչ մի վնաս չենք ունեցել, թանգարանային բոլոր նմուշներն էլ հավուր պատշաճի պահպանվել են: Ընդհանրապես, Երկրագիտական թանգարանը միշտ էլ Դիլիջանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում է գտնվել»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել