Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՐԿԻՆ ՔԱՐՈԶԵՑ

Նոյեմբեր 01,2006 00:00

Իսկ Հայաստանը Ֆրանկֆուրտի գրքի միջազգային տոնավաճառում հակափաստարկներ չի ներկայացրել

\"\"Այս շքեղ գիրք-ալբոմում ադրբեջանցիները ներկայացնում են աշխարհահռչակ թավջութակահար Մ. Ռոստրոպովիչին, որն ընդամենը ծնվել է Ադրբեջանում:

\"\"«Արեւմտյան Ադրբեջանի հուշարձանները»: Գրքի շապիկին պատկերված են Գառնին, Ամբերդն ու Երեւանյան մզկիթը:

\"\"Ղարաբաղյան թեմայով ադրբեջանական այս գիրքը 2005թ. սեպտեմբերին մոսկովյան միջազգային տոնավաճառում արժանացել է առաջին մրցանակի:

Վերջերս Ֆրանկֆուրտում անցկացվեց գրքի միջազգային հերթական տոնավաճառը, որին մասնակցում էր 200-ից ավելի երկիր: Աշխարհում իր մասշտաբներով ամենամեծ այս միջոցառմանը Հայաստանը ներկայանում էր 14-րդ անգամ: Հայաստանյան «գրքերի աշխարհը» ներկայացրել են «Անտարես», «Զանգակ» հրատարակչությունները, ՀՀ մշակույթի նախարարության գրահրատարակչական գործի գործակալությունը եւ Հայաստանի հրատարակիչների ազգային ասոցիացիան:

«Առավոտը» զրուցեց «Անտարեսի» նախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ: Նա հայտնեց, որ այս տարի հիշյալ միջոցառմանը առաջին անգամ մասնակցել են նաեւ Վրաստանն ու Ադրբեջանը: «Եթե Վրաստանը ներկայացել էր մի քանի մեծ ու փոքր մասնավոր հրատարակչությունների տպագիր նյութերով, ապա Ադրբեջանը՝ միայն պետական մակարդակով»,- ասաց պրն Մարտիրոսյանը: Մեր զրուցակիցը հայտնեց նաեւ, որ վրացական տաղավարը զիջում էր տարածաշրջանի երկրներին թե՛ ներկայացված գրականությամբ, թե՛ դրանց տպագրական որակով, իսկ ադրբեջանականը՝ գրքերի բովանդակությամբ, սակայն նրանց «հրատարակչական արվեստը» համաշխարհային մակարդակի էր:

Ասվածին հավելելով՝ «Անտարեսի» նախագահը փաստեց. «Ադրբեջանցիները շատ պատրաստված էին եկել: Նախ գեղեցիկ ձեւավորված էր նրանց տաղավարը, որն աչքի էր ընկնում կատալոգների, գովազդային նյութերի առատությամբ, իսկ գրքերը՝ դրան հակառակ, հակահայկական ցինիզմով: Նշեմ նաեւ, որ «ներկա» էր ադրբեջանական ժամանակակից պոեզիան՝ թարգմանված 21 լեզվով»: Ըստ Ա. Մարտիրոսյանի, ադրբեջանցիները կարողանում են օգտագործել հրատարակչական բնույթի ամբիոնները (տոնավաճառներ, ցուցահանդեսներ եւ այլն) հակահայկական քարոզչության նպատակով: Հարցին, թե ադրբեջանցիների նման անբարոյականությանը դուք ինչ-որ ձեւով «հակահարված» հասցրի՞ք, պրն Մարտիրոսյանը պատասխանեց. «Մենք չցանկացանք իջնել իրենց մակարդակին, փոխարենը մեկ անգամ եւս համոզվեցինք, որ հայաստանյան հրատարակչական հ/կ-ները, մասնավոր հրատարակչությունները պետք է համախմբվեն պետության շուրջ եւ անհրաժեշտ է, որ գիրքը ուշադրության կենտրոնում գտնվի ամենաբարձր ատյաններում։ Օրինակ, նոյեմբերի 24-26-ը Սանկտ Պետերբուրգում կբացվի գրքի միջազգային ցուցադրություն, որի կարմիր ժապավենը կկտրի անձամբ Պուտինը»:

Ա. Մարտիրոսյանը, այնուամենայնիվ, պատմեց իր եւ երկու ադրբեջանցիների միջեւ կայացած հետեւյալ զրույցները. «Տեսնելով, որ ես զարմանքով նայում եմ իրենց ներկայացրած իբր ադրբեջանական հուշարձաններին (նկատի ունի գրքերի շապիկները եւ այլն), տաղավարը ցուցադրող ադրբեջանուհին ասաց՝ սկզբից մեր հողերը վերադարձրեք, հետո նոր անցեք գրքերին: Իսկ ծնունդով շուշեցի մի ադրբեջանցի տղամարդ էլ հետեւյալ անհեթեթ միտքն արտահայտեց՝ քրիստոնյա ճարտարապետական կոթողները մեր նախնիների՝ թուրք աղվանների ձեռքի գործերն են, նրանց մի զգալի մասը ինչ-որ շրջանում ընդունել է քրիստոնեություն»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել