Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Խորհուրդները շինծու են ու ձեւական

Նոյեմբեր 01,2006 00:00

Դպրոցական խորհուրդներից հիասթափված են նաեւ ոլորտի պատասխանատուները

Գյումրիի «Ասպարեզ» ակումբում օրերս «Դպրոցների կառավարման համակարգերի գործունեությունը» թեմայով քննարկման ժամանակ կրթության նախարարության հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Սամվել Պեպանյանը խստորեն քննադատեց դպրոցական խորհուրդների այն անդամներին, ովքեր, ըստ նրա, շատ դեպքերում անգրագիտության դասական օրինակ են՝ «ութամյա կրթությամբ, տառերը չիմացող, սակայն նրանց է վստահված դպրոցի տարեկան բյուջեի քննարկումը»: Ըստ նրա, նախեւառաջ խորհրդի անդամն ինքը պետք է արժեւորի իր խորհրդի անդամ լինելը, այլապես որքան էլ օրենքը լավը լինի, չկիրառելու դեպքում այն կմնա թղթի վրա:

Որ ԿԳՆ պաշտոնյաների նյարդերի վրա առանձնահատուկ սկսել է ազդել դպրոցական խորհուրդների կուսակցականացված լինելը կամ էլ նրա անդամների՝ դպրոցի տնօրենի հետ բարեկամախնամիական կապեր ունենալը, վերջերս ակնհայտ դարձավ մարզի դպրոցներից մեկում: Այստեղ նախարարության աշխատակիցները տնօրենի ընտրության ժամանակ ականատես են եղել, թե ինչպես խորհրդի անդամները, «վերեւներից» հրահանգ ունենալով, թողել-հեռացել են, որպեսզի քվորում չապահովեն ու ձախողեն տվյալ թեկնածուի ընտրությունը:

Այս քննարկման ժամանակ ԿԳՆ մասնագետը խոսեց այն ռեֆորմների մասին, որ պատրաստվում է անել նախարարությունը՝ խորհուրդների անգործության դեմ պայքարելու համար: Ս. Պեպանյանը առաջ է քաշում խորհրդի անդամի կրթական ցենզը. խորհրդի անդամը քաղծառայողի պես պետք է կարողանա տիրապետել նորմատիվ դաշտին: Բացի այդ, ըստ Պեպանյանի, արժե, որ ընտրող հանձնաժողովի կազմը լինի վիճակահանությամբ. տնօրեն ընտրելիս հանձնաժողովի անդամը միայն 6 ժամ առաջ պետք է իմանա, որ ինքը ընդգրկված է հանձնաժողովում: Այս տարբերակը, ըստ մասնագետի, կնվազեցնի հովանավորչությունը, ճնշումներն ու սուբյեկտիվիզմի դրսեւորումները:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» կազմակերպությունը ներկայացնող Վարուժան Հոկտանյանն էլ, խոսելով Շիրակի մարզի՝ մասնավորապես Արթիկի ու շրջակա գյուղերի դպրոցներում ընտրված խորհուրդների մասին, ասաց, որ դրանք շինծու են, ձեւական, իրականում տնօրենն է ամեն ինչ որոշում, գյուղերի բնակչությունը գաղափար չունի խորհրդի մասին, շատ դեպքերում էլ խորհրդի նիստեր չեն լինում, բայց արձանագրություն է կազմվում: Եվ այդ ամենն այն պարզ պատճառով, որ, օրինակ, Գյումրիից ընտրված խորհրդի անդամը նեղություն չի կրում, փող չի ծախսում ու երբեք Ախուրյանի գյուղեր չի հասնում՝ խորհրդի նիստին մասնակցելու համար: «Ի տարբերություն մարզերի, Երեւանի դեպքում նկատելի է այն տենդենցը, որ մարդիկ շահագրգռված են դառնալ խորհրդի անդամ, որպեսզի ստանան ինչ-որ օգուտներ, անձնական շահեր. սա նոր կոռուպցիոն երեւույթ է»,- ասում է Վարուժան Հոկտանյանը:

Ի դեպ, այս քննարկումը չէր հետաքրքրել շատ հրավիրվածների. Շիրակի մարզի դպրոցներից որեւէ մեկի տնօրենը կամ խորհրդի անդամը, նույնիսկ մարզպետարանի կրթության վարչության աշխատակիցներն այդպես էլ չեկան, ինչն էլ յուրատեսակ քննադատության արժանացավ ներկաների կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել