Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԻՆՉՈՒ ԷԻՆ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՆԵՐԽՈՒԺԵԼ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Նոյեմբեր 01,2006 00:00

Պարզաբանում է Իջեւանի քաղաքապետը

(Սկիզբը՝ նախորդ համարում)

Հոկտեմբերի 26-ին մի խումբ ոստիկաններ, մարզի եւ քաղաքի ոստիկանապետերի գլխավորությամբ, ներխուժել են Իջեւանի քաղաքապետարան, ահաբեկել աշխատակիցներին, կոպտորեն խոչընդոտել տեղական հեռուստաընկերության լրագրողների աշխատանքը: Ըստ ականատեսների, բարձրաստիճան ոստիկանները հարբած էին: Քանի որ մի քանի ժամ քաղաքապետարանի շենքը փաստորեն պաշարված էր, Իջեւանի բնակիչներն այդ երեկո եւ հաջորդ օրը հավաքվել էին քաղաքապետարանի առջեւ եւ իրենց հարցերին պատասխաններ էին ակնկալում: Ըստ լրագրողների, նրանք ուզում էին բողոքի ակցիա կազմակերպել ոստիկանների դեմ՝ քաղաքում իրենց աչքի առջեւ նման անկարգություններ կատարելու համար: Քաղաքապետարանի աշխատակցուհիներից մեկն էլ կատակով պատմում է. «Ասացի՝ բա չե՞ք վախենում, որ հիմա մեկն էլ ձեր ոստիկանություն գնա ներխուժի, ոստիկաններից մեկն ասաց՝ «մեր պահակն այնտեղ է»: Այսինքն՝ միայն պահակն էր մնացել տեղում, ամբողջ թիմով եկել էին»:

Հոկտեմբերի 29-ին մեզ վերջապես հաջողվեց կատարվածի շուրջ պարզաբանումներ ստանալ քաղաքապետ Վարուժան Ներսիսյանից. «Զարմանալի է, որ մարզային ոստիկանության պետը «Առավոտում» մեկնաբանություններ է անում, թե 15 օր է, ինչ ես խոստացել եմ քարտադարանները տրամադրել իրենց: Քաղաքապետարանն իրենցից պահանջել է ներկայացնել որեւէ փաստաթուղթ, որը կարող է լինել իրավական հիմք՝ քաղաքապետարանի սեփականությունը հանդիսացող քարտադարանն իրենց հանձնելու համար: Նրանք ոչ մի փաստաթուղթ չէին ներկայացրել՝ բանավոր սահմանափակվելով «ուզում ենք՝ պտի տաս» ամենազոր սկզբունքով: Մեր բազմաթիվ պնդումներից հետո ոստիկանությունը հիմնվում է 1993թ. կառավարության որոշման վրա, որի մասին մարզային ոստիկանապետը խոսում է «Առավոտ» օրաթերթում: Մինչդեռ այդ որոշումը վերաբերում է պատգամավորների քաղաքային եւ շրջանային գործկոմներին, քանի որ այն ժամանակ քաղաքապետարաններ եւ տեղական ինքնակառավարման մարմիններ չկային, դրանք ստեղծվել են 1996-ին: Քարտադարանները համարվում են համայնքի սեփականությունը, գտնվում են համայնքի հաշվեկշռում եւ դրանց փոխանցման համար պահանջվում է իրավական հիմք: Իսկ իրավական հիմքի մեր պահանջները մնացել են անպատասխան: Ես նույնիսկ վարչության պետին (ոստիկանության ռեգիոնալ վարչության- Ն. Վ.) առաջարկել եմ, որ ինքը դիմի ՀՀ կառավարություն կամ վարչապետին, որպեսզի ինձ տրվի համապատասխան հրահանգ: Բայց վարչության պետը ոչ մի քայլ չի ձեռնարկել: Այդ ամենով հանդերձ, քաղաքապետարանը ստեղծեց համապատասխան աշխատանքային խումբ՝ քարտերի ընդունման-հանձնման գործընթացն իրականացնելու համար եւ Իջեւանի ոստիկանության անձնագրային ծառայության ու մարզային ոստիկանության պետի տեղակալի անմիջական մասնակցությամբ համատեղ իրականացվում էր քարտադարանի պատճենահանման գործընթացը: Քարտադարանը կազմում է շուրջ 1000 միավոր, որի պատճենահանումը երկար գործընթաց է, այն հոկտեմբերի 26-ին էլ դեռ շարունակվում էր: Այդ մասին կան գրավոր փաստեր: Այսօր, միայն այսօր՝ հոկտեմբերի 29-ին ինձ առաջին անգամ հանձնվեց պաշտոնական գրություն, որը կարող է իրավական հիմք հանդիսանալ, եւ քաղաքապետարանն արդեն քարտադարանը հանձնում է: Իսկ նման իրավասությունները եւ լիազորությունները՝ աշխատակիցներով ներխուժել քաղաքապետարան, աշխատասենյակներ, շրջափակել քաղաքապետարանի շենքը, արգելել բնակիչների ելք ու մուտքը, ձերբակալել եւ հարվածել աշխատակցին ու բռնի տեղափոխել ոստիկանություն, բռնի ուժ կիրառել լրագրողի վրա, ես չհանդիպեցի ոստիկանության մասին օրենքում»: «Առավոտի» հարցին, թե չե՞ք կարծում, որ քարտադարանը պարզապես պատրվակ էր, այդ ակցիայի հիմքում այլ պատճառներ կան, որոնցից կարող է լինել նաեւ մեր թերթում արված բացահայտումները վաճառված հողատարածքների մասին, քաղաքապետը պատասխանեց. «Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ»:

«Առավոտի» հաջորդ հարցին, թե լինելով Եվրախորհրդի տեղական եւ տարածքային կառավարման կոնգրեսի անդամ, այս բռնության մասին կբարձրաձայնի՞ կոնգրեսում, քաղաքապետը պատասխանեց. «Դա մեր ներքին խնդիրն է եւ կարող ենք մեր հարցերը լուծել մեր պատերի ներսում»:

Հ. Գ. Իջեւանի (նախկինում՝ Գետահովիտ եւ Գանձաքար գյուղերի) հողերը՝ «պագոնավորներին» վաճառելու մասին նյութը «Առավոտին» փոխանցած աղբյուրները քաղաքապետարանի հետ որեւէ կապ չունեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել