Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԱՐԳԱՎԱՆԴԻ» ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԸ

Նոյեմբեր 01,2006 00:00

\"\"Արագընթաց մայրուղի սարքելուց առաջ պետությունը ոչ բոլոր գործոններն է հաշվի առել

Երեւանն ու «Զվարթնոց» օդանավակայանն իրար կապող արագընթաց ավտոմայրուղու (Իսակովի պողոտայի, որը ժողովուրդն անվանում է «Արգավանդի տռաս») վերակառուցումը, որը նախաձեռնել են Երեւանի քաղաքապետարանն ու օդանավակայանի ղեկավարությունը, այս օրերին ընթանում է մեծ թափով: Երեւանի քաղաքապետարանի հաստատած նախագծի համաձայն, այդ ճանապարհը պատով բաժանվելու է երկու մասի՝ արագընթաց մայրուղու եւ տեղական նշանակության ճանապարհի: Միաժամանակ ավտոմայրուղու երկու կողմերում կառուցվելու են (դրանց մի մասն արդեն իսկ տեղադրվել է) մոտ 2մ բարձրությամբ ցանկապատեր: Ըստ որոշ տեղեկությունների, նաեւ երթեւեկելի մասն է լայնացվելու մոտ 29 մետրով՝ ներառելով Արգավանդի ճանապարհահատվածում գործող տասնյակ օբյեկտներ՝ սպասարկման ու սննդի կետեր, կահույքի վաճառակետեր, խաղատներ եւ այլն: Դեռ հուլիսին Փարաքարի գյուղապետարանը հարցը քննարկելով՝ մտահոգություն էր հայտնել, թե այդ նախագծով ճանապարհը վերակառուցելու դեպքում Փարաքարի հատվածում մայրուղու կողմից արգելափակվում է դեպի բնակելի տներ տանող մուտքը, սահմանափակվում է հրշեջ, շտապօգնության եւ այլ մեքենաների մուտքը դեպի մեծ թվով բնակելի տներ:

Բացի այդ, դժվարանալու են փարաքարցիների գյուղատնտեսական աշխատանքները ճանապարհի մյուս կողմում։ «Արագընթացի ճանապարհին կանգնած» գյուղացիները բողոքում են, որ քաղաքապետարանը մայրուղու շինարարությունն արդեն սկսել է՝ այն դեպքում, երբ դեռ նախատեսված չեն համապատասխան քանակի գետնանցումներ ու շրջադարձեր: Օրինակ, Թաիրովը մոտ 9000 բնակիչ ունի ու ավելի քան հազար դպրոցական ու մանկահաս երեխաներ, ովքեր դպրոց ու մանկապարտեզ են հաճախում ճանապարհի մյուս կողմում: Հիմա ճանապարհը փակել են, ու երեխաներին ծնողներն ու ուսուցիչներն են ստիպված ուղեկցում՝ անցումն անցկացնելու համար: Նրանց անվտանգությունը արագընթաց մայրուղին հատելուց էլ ապահովված չէ: Համայնքի բուժամբուլատորիան եւս գտնվում է ճանապարհի մյուս կողմում, ուր հասնելը եւս մեծ պրոբլեմներ է առաջացնում: Բայց սրանք պրոբլեմների մի մասն են:

«Մեր խնդրանքն այն է, որ մեր բնակիչները գյուղում ունենան ազատ տեղաշարժվելու իրավունք: Թաիրովցին իր տան դարպասը բացելու է՝ 4-5 մետրի վրա արագընթաց մայրուղու ճաղերն է տեսնելու, ոնց որ բանտախցում»,- նեղսրտեց Թաիրով գյուղի գյուղապետ Սամվել Վարդանյանը:

Իր մտահոգությունը հայտնեց նաեւ «Արգավանդ» կահույքի խանութի տերը՝ Աշոտ Աղախանյանը, ով, իր ասելով, ավելի շատ մտածում է մարդկանց անվտանգության, հետո նոր իր բիզնեսի մասին: «Շինարարությունն ընթանում է նախագծային կոպիտ թերություններով: Ամենակարեւորը՝ ջրահեռացման համակարգն է բացակայում: Վերեւից հոսող ջրերը կամ լցվելու են խանութները, կամ՝ ձմռանը ճանապարհի սառցակալումից հետո, ավտովթարներ ու մարդկային զոհեր են լինելու: Մի քանի օր առաջ անձրեւ եկավ, ու ամեն ինչ արդեն պարզ էր»:

Ա. Աղախանյանը, խոսելով մայրուղու վերակառուցումից տուժողների հնարավոր քայլերի մասին, կարծիք հայտնեց, թե բռնի ուժով հարցեր լուծել չի կարելի. «Կարմիր բերետավորների դեմ արգավանդցիները եղաններո՞վ են դուրս գալու: Որքան հնարավոր է՝ մենք կբողոքենք, բայց ուժի կիրառմանը ինքս դեմ եմ: Մենք զոհեր, լարվածություններ չենք ուզում: Ուզում ենք հանգիստ ապրել, աշխատել ու վայելել մեր քրտինքով վաստակածը»: Իսկ Փարաքար համայնքի ավագանին որոշում է ընդունել համաձայնություն տալ, որ Թաիրովի բնակիչ ու լրագրող Գագիկ Աբգարյանը համայնքի անունից դիմի ՍԴ՝ գյուղացիների իրավունքները պաշտպանելու համար: «Նաեւ ինձանից է պահանջվել օրենքների շրջանակներում բոլոր միջոցները կիրառել հարցին լուծում տալու համար, բայց մենք տեսնում ենք, որ շինարարությունը թափով ընթանում է»,- ասաց Թաիրովի գյուղապետը:

Ըստ որոշ տեղեկությունների, այս մայրուղու վերակառուցումից պոտենցիալ տուժողների կողքին ի սկզբանե կանգնած է եղել նաեւ ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ «Շմայս», ով ինքն էլ այդ մայրուղու վրա «պլանի» տակ գտնվող օբյեկտ՝ «Հարսանյաց սրահ» ունի: Բայց նույն աղբյուրների ասելով, նա հիմա միանգամայն հակառակ մարտավարություն է որդեգրել ու օբյեկտից օբյեկտ անցնելով՝ հորդորում է մարդկանց չբողոքել, չընդվզել: Երեկ «Առավոտի» հարցին ի պատասխան՝ պարոն Առաքելյանն ասաց, թե՝ «կարեւորն էն չի՝ իմ օբյեկտն է, թե իմը չի: Տարբերություն չկա, բայց օբյեկտների քանդելը բացառում եմ, որովհետեւ դա անհնարին է: Ժողովրդի վրդովմունքի պատճառն այն է, որ իրենց ճանապարհն է նեղանում, բայց ես գիտեմ, որ հետագայում լավ է լինելու, իրենք էլ դա կհասկանան»:

Պատգամավորը նաեւ ասաց, որ «հիմա արդեն որոշված է՝ այդ ճանապարհը պետք է կառուցվի: Պետությունն ինքը պետք է որոշի՝ շարունակելո՞ւ է այդ ծրագրի իրականացումը, թե՞ ոչ: Դա արդեն մեր խնդիրը չէ: Դատական կարգով այդ հարցի վիճարկումն անհնարին է, որովհետեւ դա արգենտինացու՝ օդակայանի հետ կապված նախագիծն է: Պետությունն ինքը կորոշի: Գան տեղում նայեն՝ որքանով է խանգարում կամ չի խանգարում մարդկանց, մի քիչ էլ ժողովրդի կարծիքը հարցնեն ու վերջ: Համ էլ դա իմ տարածքը չէր, որ պաշտպանեի կամ չպաշտպանեի: Ես ուղղակի միջնորդել եմ, որ ժողովուրդը զինվորներին ճիշտ հասկանա ու ծեծկռտուք չլինի: Ես ի՞նչ գործ ունեմ, որ համոզեմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել