Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նախադեպին ընդառաջ

Նոյեմբեր 01,2006 00:00

Արեւմուտքը ողջունում է Կոսովոյի անջատումը, բայց դա «առանձնահատուկ դեպք» է համարում

Միանգամայն սպասելի էր, որ Սերբիայում երկու օր առաջ տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեն ԱՄՆ-ին ու Եվրամիությանը անտարբեր չէր թողնելու: Հիշեցնենք, որ Սերբիայի նոր սահմանադրության տեքստում Կոսովոն հռչակված է իբրեւ երկրի անքակտելի մաս՝ օժտված լայն ինքնավարությամբ: Սակայն Կոսովոյի ալբանացիները, որոնք լսել անգամ չեն ուզում նույնիսկ աշխարհում երբեւէ եղած ամենալայն ինքնավարության մասին, երեկ իսկ բազմահազարանոց ցույցեր են կազմակերպել՝ բողոքելով Բելգրադի «սահմանադրական ոտնձգությունների» դեմ:

Եվ ահա, չի ուշացել Վաշինգթոնի արձագանքը: Մեկնաբանելով Սերբիայում անցկացված հանրաքվեն՝ ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Շոն Մակքորմաքը լրագրողներին ասել է, թե Կոսովոյի վերջնական կարգավիճակի սահմանման գործընթացը կարգավորվում է ոչ թե Սերբիայի ներքին օրենսդրությամբ, այլ ՄԱԿ-ի ԱԽ-ի որոշումներով:

Նախօրեին համանման գնահատական է հնչեցրել նաեւ Եվրամիության պաշտոնական ներկայացուցիչ Քրիստինա Նագին՝ հայտարարելով, որ Կոսովոյի ապագան կախված է ոչ թե Սերբիայում սահմանադրության հաստատման համար անցկացված հանրաքվեի, այլ այդ հարցի շուրջ ՄԱԿ-ի հովանու ներքո ընթացող բանակցությունների արդյունքներից: «Կոսովոյի կարգավիճակն առանձին հարց է, որը կապ չունի հանրաքվեի հետ: Բացի այդ, ալբանացիները չեն մասնակցել անցկացված քվեարկությանը, եւ դրա արդյունքները հակասում են Կոսովոյի հարցի շուրջ ընթացող բանակցությունների տրամաբանությանը»,- ըստ AP-ի՝ մանրամասնել է Նագին: Ըստ ամենայնի, սերբական հանրաքվեի մասին արդեն այսօր վերաբերմունք կարտահայտի նաեւ պաշտոնական Մոսկվան:

Հիշեցնենք, որ սոսկ ձեւականորեն Սերբիայի մաս համարվելով՝ 1999 թվականից ի վեր Կոսովոյի երկրամասը կառավարվում է ՄԱԿ-ի վարչակազմի կողմից: Կոսովոյի բնակչության 90 տոկոսը կազմող ալբանացիները հույս ունեն, որ բանակցությունների արդյունքում երկրամասը կստանա լիակատար անկախություն, մինչդեռ ՄԱԿ-ի հովանու ներքո Կոսովոյի խնդրի շուրջ ընթացող բանակցություններն առայժմ շոշափելի արդյունքների չեն հանգեցրել:

Անկասկած, առաջիկայում այս հարցը դարձյալ եռանդուն քննարկումներ կհարուցի մեր տարածաշրջանում ու, մասնավորաբար, Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում: Գաղտնիք չէ, որ Կոսովոյի շուրջ ծավալվող զարգացումներին անհամբեր հետեւում են նաեւ Հարավային Կովկասի չճանաչված կազմավորումներում եւ նրանց հարող շահագրգիռ երկրներում, անթաքույց հույսեր փայփայելով, որ Եվրոպայի սրտում տեղի ունեցող «լեգալ անջատման» նախադեպը կարող է իրավաքաղաքական լուրջ նախադրյալներ ստեղծել սեփական խնդիրների լուծման համար: Մասնավորապես, նման զուգահեռներ անցկացնելու արդարացիության եւ անհրաժեշտության մասին մի քանի անգամ հայտարարություններ է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Սակայն գրեթե նույնքան անգամ Վաշինգթոնից եւ Բրյուսելից նրան հակադարձել են, որ Կոսովոյի դեպքն առանձնահատուկ է եւ չի կարելի այն տարածել նախկին ԽՍՀՄ տարածքում առկա հակամարտությունների վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել