Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՌԻՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Նոյեմբեր 01,2006 00:00

\"\"Հրանտ Խաչատրյանը այցելեց իր ստեղծած կուսակցության գրասենյակ։ Այցի նպատակը հստակ չի ձեւակերպվում

Նախորդ օրը ՍԻՄ պատվավոր նախագահ Հրանտ Խաչատրյանը հայտնել էր, որ պատրաստվում է այցելել իր կուսակցության գրասենյակ: Պրն Խաչատրյանը ՍԻՄ գրասենյակ եկավ ուղիղ ժամը 15-ին եւ բավականին հուզված էր: Բարձրացավ երկրորդ հարկ, լրագրողները՝ նրա հետեւից, սակայն պարոն Խաչատրյանին ներս թողնելուց հետո անվտանգության աշխատակիցները դուռը փակեցին լրատվամիջոցների քթի տակ: Մենք զանգահարեցինք Հայկ Բաբուխանյանին եւ խնդրեցինք մեզ եւս ներս թողնել, պատասխանեց՝ «Հրանտի գնալուց հետո»։

Հրանտ Խաչատրյանը ՍԻՄ-ը «գրոհելուց» հետո

Իրականացա՞վ ձեր նպատակը, ինչի համար այցելել էիք գրասենյակ, «Առավոտի» հարցին ի պատասխան՝ Հրանտ Խաչատրյանը, որը աննկարագրելի հուզված վիճակում էր, ասաց. «Դժվար է ասել, թե որն էր իմ նպատակը: Ես գրավոր հանձնարարություն էի ուղարկել, որ ինձ տրամադրեն փաստաթղթերը, կազմբաժնի վարիչ Արթուր Սիրեկանյանն ինձ ասաց, որ ինքն իրավասու չէ»: Դատելով իր վերջին քայլերից՝ կարելի՞ է ենթադրել, որ Հրանտ Խաչատրյանը փոխել է քաղաքականությամբ չզբաղվելու իր որոշումը. «Չէ: Եթե լավ եք հիշում իմ բանավոր հրաժարականը, ես պարտավորություններ ունեմ կուսակցության առաջ, որոնք պետք է կատարեմ, իսկ դա չի նշանակում, որ ես վերադառնում եմ մեծ քաղաքականություն: Ուղղակի թե՛ կուսակցության, թե՛ իմ կարգավիճակը անորոշ է, քանի դեռ ես փաստաթղթերի հանձնում չեմ կատարել, նյութական արժեքների հանձնում չեմ կատարել, իրավական առումով դեռ ես եմ այս կուսակցության ղեկավարը»,- եղավ պրն Խաչատրյանի պատասխանը: Դարձյա՞լ կայցելի կուսակցության գրասենյակ: Ասաց, որ կայցելի, երբ ուզի:

Նույն պահին կուսակցության գրասենյակում էին «ԱՄ» խմբակցության անդամ Գագիկ Կոստանդյանը, Գագիկ Թադեւոսյանը, Կորյուն Առաքելյանը: Նրանց այցը, ըստ ներկաների, զուտ բարեկամական էր: Ավելի ուշ Գագիկ Կոստանդյանը ասաց, որ Հայկը եւ Հրանտը 88 թվականից մտերիմ ընկերներ են եւ հաստատ մի օր կհաշտվեն, չի կարող այս իրավիճակը երկար տեւել, եւ խնդրեց լրագրողներին, որ իզուր իրավիճակը չսրեն:

Հայկ Բաբուխանյանը «գրոհից» հետո

Հարցին՝ ընդունվե՞լ է Հրանտ Խաչատրյանի հրաժարականը, ի պատասխան՝ Հայկ Բաբուխանյանն ասաց. «Հրանտ Խաչատրյանը ինքն է բացել համաժողովը, ինքն է ընդունել համաժողովի օրինականությունը եւ լեգիտիմությունը, ինչ վերաբերում է հետագային, ապա սեպտեմբերի 20-ին հրաժարական է տվել հրապարակավ, բոլորիդ ներկայությամբ, դրանից հետո նա այստեղ աշխատասենյակ չունի»: Ասաց նաեւ. «Ես իր հետ հանդիպելուց երբեք չեմ խուսափել, թեեւ ինքը երբեք ինձ հետ հանդիպելու ցանկություն չի արտահայտել, ինչ վերաբերում է այն ընթացքին, որ այսօր կատարվում է ՍԻՄ-ի դեմ, սա ակնհայտորեն իշխանությունների կողմից սանձազերծված քաղաքական հետապնդում է, նպատակը պարզ է՝ քանդել ընդդիմադիր քաղաքական կառույցները, որոնք կարող են այս կամ այն կերպ դիմադրել իշխանությունների այն ծրագրին, որը պետք է իրականացվի ընտրությունների ժամանակ: Փորձ է կատարվում քայքայել հայտնի սցենարներով, որոնք բազմիցս իրագործվել են, քայքայել ընդդիմադիր կուսակցությունները, հետապնդել նրանց ղեկավարներին, ակտիվիստներին, մամուլը: Բնական է, երբ իշխանությունները լուծել են հեռուստատեսությունների հարցը, եւ արդեն հինգ տարի է, ինչ Հայաստանը զրկվել է վերջին ընդդիմադիր հեռուստաալիքից, այսօր ամենազանգվածային ընդդիմադիր թերթը «Իրավունքն» է, եւ բնական է, խնդիր է դրված «Իրավունքը» ոչնչացնել: Իշխանությունները չեն կանգնում ոչ մի բարոյական սահմանափակման առաջ»: Արդյոք Հրանտ Խաչատրյանի այցը ՍԻՄ գրասենյակ դարձյա՞լ իշխանություններն են կազմակերպել հարցին ի պատասխան՝ Հայկ Բաբուխանյանն ասաց. «Ես չգիտեմ՝ իր հետ ինչ է կատարվում, համենայնդեպս, շատ տարօրինակ է, երբ մարդ հրապարակայնորեն խոստանում է այլեւս չզբաղվել քաղաքական գործունեությամբ, նույնիսկ հասարակական գործունեությամբ, սակայն հանկարծ մեկուկես ամիս հետո իբր թե փոշմանեց, եւ ես վստահ չեմ, որ դա այդպես է»:

Ըստ կուսակցության փոխնախագահի, ՍԻՄ-ը արդեն տեւական ժամանակ ենթարկվում է հետապնդումների. «Այդ քաղաքական հետապնդումները իշխանությունների կողմից կազմակերպված են եղել դեռեւս այս տարվա փետրվար ամսից, դրա համար օգտագործվել են մի քանի պաշտոնյաներ, որոնք ՍԻՄ-ի անդամ էին, բաց միաժամանակ պետական բարձր պաշտոնների են: Դա է խնդիրը, որ մեր մի շարք ուսուցիչներ հեռացվում են ուսուցչական աշխատանքից՝ ՍԻՄ անդամ լինելու պատճառով, սակայն մի շարք պաշտոնյաներ մնում են, օրինակ՝ վարչապետին կից խորհրդի անդամ Կարեն Վարդանյան, հարկային տեսչության գործերի կառավարիչ Սեդրակ Վարդանյան, հանրային ռադիոյի բաժնի վարիչ Արթուր Սահակյան: Այդ մարդիկ փորձեցին մեր կուսակցությունում կատարել հեղաշրջում՝ նպատակ ունենալով տիրանալ «Իրավունք» թերթին»։ Իսկ ի՞նչ կապ ունի Հրանտ Խաչատրյանը իշխանությունների այդ ծրագրերի հետ: Հայկ Բաբուխանյանը առաջարկեց. «Հրանտ Խաչատրյանին եկեք թողնենք հանգիստ, ինձ թվում է՝ որոշ ժամանակ անց ամեն ինչ պարզ կլինի»։

Ինչո՞ւ է ուժեղացվել ՍԻՄ անվտանգությունը

Լրագրողներին կուսակցության գրասենյակ դժվարությամբ են ներս թողնում. հենց մուտքի մոտ, համակարգչի առաջ, որը նաեւ տեսագրող սարք է, նստած են մի քանի ամրակազմ տղաներ, ովքեր մանրակրկիտ հետաքրքրվելուց հետո են որոշում՝ ներս թողնե՞լ, թե՞ ոչ: Այս հատուկ անվտանգության միջոցառումները Հայկ Բաբուխանյանը բացատրեց այսպես. «Որովհետեւ որոշ ժամանակ առաջ մենք ստացել ենք ահաբեկումներ»: Ասաց, որ ճնշումները շարունակվում են նաեւ այսօր, դրանք հատկապես ուժեղ են Արարատի մարզում. «Ամենամեծ ճնշումը Արարատի մարզում է, դուք հիշում եք, այնտեղ իմ դեմ մահափորձ է եղել, բացի դրանից, հենց այս գիշեր մեզ անհայտ մարդիկ եկել են, փորձել են դուռը ջարդել, պահակային ծառայությունը տեղում էր, եւ այդ մարդիկ փախել են»: ՍԻՄ-ի ղեկավարները ոստիկանություն չեն դիմել:

Հ. Գ. Ինչպես հայտնի է, Հրանտ Խաչատրյանի հետ ՍԻՄ-ից հեռացած չորս անդամները երեկ դիմել են Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան` ՍԻՄ 17-րդ համագումարը չեղյալ հայտարարելու հայցադիմումով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել