Լրահոս
Օրվա լրահոսը

«ՉԵԿԱՆ՝ ՔԱՆԻ ՈՐ ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ ՉԲԱԺԱՆԵՑԻՆՔ»

Նոյեմբեր 01,2006 00:00

Աջափնյակի համայնքապետ ընտրված Ռուբեն Հովսեփյանի մտերիմներից մեկը, իր անունը չհրապարակելու պայմանով, ընտրությունների մասին խոսեց՝ բացելով փակագծերը:

– Աջափնյակի 75188 ընտրողներից քվեարկությանը մասնակցեցին 18932-ը: Նման ցածր ցուցանիշը բացատրում են այսպես՝ մարդիկ չցանկացան մասնակցել մի ընտրության, որի արդյունքները որոշված էին վաղօրոք:

– 75 հազարն ընդամենը հաշվառվածների թիվն է, որում ներառված են հանրապետությունում այժմ չբնակվողները, գուցե նաեւ մահացածները: Համոզված եմ, որ այս տվյալն ուռճացված է: Մեր կողմնակիցները շենքեր էին այցելում՝ գրքույկներ բաժանում, եւ նախապես գիտեինք, որ շատ դռներ են փակ: Ասենք, 16 թաղամասի օրինակով կարող եմ պնդել, որ 15-20 տոկոսը հաստատ բացակայում է Հայաստանից: Եթե բացակայողներին հանես՝ ընտրություններին 19 հազար մարդու մասնակցությունը ընտրական սովորական գործընթաց է: Բացի այդ, Ռուբեն Հովսեփյանի ընտրական շտաբն ի սկզբանե սկզբունք էր ընտրել, որ ընտրակաշառք չի լինելու եւ անցկացվելու են արդար եւ թափանցիկ ընտրություններ:

– Սակայն մեջբերեմ համայնքապետի թեկնածու Գագիկ Սարգսյանի պնդումը, թե Ռուբեն Հովսեփյանի թիմակիցները շենքերից մեկի վերելակը նորոգելու համար տվել են 100 հազար դրամ: Դաշնակցական այս թեկնածուն ե՛ւ ընտրություններից առաջ էր արդեն հայտարարում, թե Ռուբեն Հովսեփյանը ահաբեկելու է ընտրողներին, եւ ընտրություններից հետո պնդեց, թե Աջափնյակում ստեղծվել էր վախի մթնոլորտ:

– Ուղղակի ամոթալի է մեր որոշ քաղաքական գործիչների պահվածքը, որոնք առանց ապացույցներ ներկայացնելու՝ խորհրդարանական ամբիոնից հայտարարում են, թե ահաբեկո՜ւմ են, հասե՜ք եւ այլն (նշենք, որ ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանն էր ԱԺ-ում հայտարարել, թե Աջափնյակում «որոշ ոստիկաններ սկսել են ահաբեկել մարդկանց եւ որոշ դպրոցների տնօրենների, թե այսինչ թեկնածուին պետք է ընտրեք».- Ա. Ի.), երբ ողջ համայնքը խաղաղ օր եւ գիշեր անցկացրեց հոկտեմբերի 29-ին: Սա Աջափնյակում վերջին տարիների ամենախաղաղ ընտրարշավն էր՝ որեւէ միջադեպ, քաշքշուկ չեղավ, որեւէ խնդիր չառաջացավ ամբողջ ընթացքում: Մենք առավել վախենում էինք, թե կարող են սադրանք հրահրել, եւ չափից ավելի զգույշ էինք: Մեր ակտիվիստների 90 տոկոսը ընտրությունների փորձ չուներ եւ երբեք քարոզչություն չէր արել որեւէ թեկնածուի համար: Ես նաեւ գիտեմ, որ այս անգամ ընտրատեղամասեր գնացածների որոշակի տոկոսը նույնպես նախորդ տարիներին չի մասնակցել ընտրություններին:

– Ձեր մրցակիցներն ընդունում են, որ չեն եղել լցոնումներ, չեն կեղծվել արձանագրություններ: Սակայն անընդհատ շեշտվում է, որ այդ օրը երթուղայիններով մարդկանց եք տեղափոխել ընտրատեղամասեր:

– Երթուղայիններ եղել են: Ասենք, 15 թաղամասում դպրոցը վերանորոգվում էր եւ ընտրատեղամասը տեղափոխել էին ավելի վերեւ՝ մյուս դպրոց: Բնականաբար՝ «Ընտրական օրենսգրքի» խախտում չէ, երբ ապահովում ես ընտրողների տեղափոխումը տեղամաս: Իմիջիայլոց, այդ մարդիկ կարող էին շատ հանգիստ ընտրել Գագիկ Սարգսյանին կամ Իշխան Արշակյանին: Լավ գիտենք՝ ում ցանկանան, նրան էլ կընտրեն, եթե արատավոր վերահսկողություն չունես տեղամասում: Իսկ մենք նման վերահսկողություն չունեինք՝ 27 տեղամասերում հանձնաժողովի նախագահներ էին մի թեկնածուի՝ Գագիկ Սարգսյանի ներկայացուցիչները: Էլ չասած, որ ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Սամվել Երանյանն էլ է ՀՅԴ ներկայացուցիչ: Բայց պիտի նաեւ դրականը նշեմ՝ նրանք, լինելով մեծամասնություն, չեն արել խախտումներ:

Ասեկոսեներ կան, թե թաղային հեղինակություններ են մասնակցել մեր ընտրարշավին: Իմացեք՝ բացասական առումով հեղինակությունը կարող է միայն «կարուսել» կազմակերպել եւ լցոնում: Նա չի կարող մարդկանց բերել ընտրության: Եվ նման որեւէ հեղինակություն կանգնած չի եղել մեր կողքին:

– Բաց մնաց ընտրակաշառքի հարցը: Նախապես նշեցիք, թե այս ընտրությունն ապացույց դարձավ, որ մարդկանց «փչացրել են» ընտրակաշառքով:

– Մեր բնակչությունը մեղք չունի՝ գալիս, առաջարկում են, իրենք էլ սոցիալական վիճակի եւ այլ պայմանների պատճառով՝ վերցնում: Եվ սովորել են դրան: Կարծում եմ, որ որոշակի հատված չեկավ ընտրության, քանի որ իրոք չի բաժանվել ընտրակաշառք: 1-2 շենքերի բնակիչներ կային, որոնք ընդհանրապես չեկան ընտրության: Կարծում եմ, նախորդ տարիներին նրանց ընտրակաշառք էին բաժանել, սովորել էին:

Ընտրողների մեծ մասնակցությունը շատ հեշտ էր ապահովել. բաժանեինք՝ կգային 25-30 հազար հոգի: Որեւէ մեկին հարկավո՞ր է նման ընտրություն: Բացի այդ՝ մենք մեղավոր չենք, որ մեր մրցակիցները չկարողացան այնպես անել, որ իրենց կողմնակիցներն էլ ակտիվ լինեին, գային տեղամասեր: Նախորդ ընտրություններում Արծրուն Խաչատրյանը հաղթել է 14 հազարից մի քիչ ավելի ձայներով: Նրա մրցակիցը՝ Արման Սահակյանը, նույնպես ստացել է 14 հազար ձայն: Հիմա էլ Ռուբեն Հովսեփյանի օգտին են քվեարկել շուրջ 14 հազար ընտրողներ: Մինչ պարտվելը՝ մյուս 2 թեկնածուները բավականաչափ վստահ, անգամ ընտրախախտումով (կեսգիշերից կես ժամ անց, երբ արդեն արգելված էր քարոզչությունը) խոսում էին, թե ամենաուժեղ թեկնածուներն իրենք են: Այդպես խոսեցին-խոսեցին, իսկ քվեարկության օրն էլ երեւի զարմացան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել