Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանցիները միջակ մասնակցություն ունեցան

Հոկտեմբեր 31,2006 00:00

Իսկ լեգեոներականներն ընդհանրապես հարկ չհամարեցին Երեւան ժամանել

Մայրաքաղաքի «Դինամո» մարզասրահում ավարտվեց օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի եռակի գավաթակիր, Եվրոպայի չեմպիոն Ստեփան Սարգսյանին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի 11-րդ միջազգային խաղարկությունը: Երեւան էին ժամանել Ռուսաստանի, Բուլղարիայի, Ղազախստանի, Բելառուսի, Վրաստանի, Ուկրաինայի ուժեղագույն ըմբիշները: Հայաստանից մրցաշարում հանդես եկավ 35 մարզիկ: Շուրջ 90 մասնակցի եւ հյուրերի մեջ քիչ չէին օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի ու Ասիայի գործող ու նախկին չեմպիոններ, մրցանակակիրներ, անձինք, ովքեր անչափ մեծ հեղինակություն են վայելում ինչպես իրենց երկրներում, այնպես էլ մարզաձեւի միջազգային ու եվրոպական ֆեդերացիաներում:

Մրցաշարի ընթացքում Ստեփան Սարգսյանին՝ սպորտում ունեցած մեծ վաստակի համար, հանձնվեցին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հատուկ պարգեւը, ինչպես նաեւ Պետդումայի պատգամավոր եւ Ռուսաստանի հերոս, օլիմպիական եռակի չեմպիոն Ալեքսանդր Կարելինի հուշանվերը: Հայաստանի ըմբիշներից մրցանակային տեղ զբաղեցրեց ընդամենը հինգ հոգի: Երկրորդ մրցանակակիր դարձան 66 կգ քաշային Ժիրայր Հովհաննիսյանը եւ Գարսեւան Վարդանյանը՝ 74 կգ: Իսկ Օհան Գիքինյանը՝ 55 կգ, Սուրեն Մարկոսյանը՝ 66 եւ Էդգար Ենոքյանը բավարարվեցին երրորդ տեղով: Նախապես որոշված էր, որ մրցաշարին պետք է մասնակցեին նաեւ մեր լեգեոներականները, որոնց հետ թեեւ օլիմպիական խաղերի մասնակցության առումով որոշակի հույսեր են կապվում, բայց մեր հավաքականի մարզիչները նրանց ընդհանուր մարզավիճակի մասին այդպես էլ լիարժեք պատկերացում չունեն, քանի որ նրանք այստեղ չեն բնակվում ու որպես կանոն ազգային հավաքականի ուսումնամարզական հավաքներին չեն մասնակցում: Սակայն նրանք տարբեր պատճառաբանություններով այդպես էլ չներկայացան: Նման արհամարհական վերաբերմունքը խիստ մտահոգության տեղիք է տալիս: Կարծում ենք, որ նրանք գոնե հաջորդ տարվանից պետք է պարտադիր մասնակցեն հավաքներին կամ Հայաստանի հավաքականում նրանց ներկայության նպատակահարմարությունը վերանայման կարիք ունի:

Ինչ վերաբերում է հայաստանցի ըմբիշների մասնակցությանը, դրանք այնքան էլ գոհացուցիչ չէին, քանի որ հաղթողներ չունեցանք: «Մերոնց մասնակցության աստիճանը միջակ էր: Սա է մեր այսօրվա ունեցածը»,- ասացին մասնագետները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել