Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԶԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ

Հոկտեմբեր 31,2006 00:00

Անցնող շաբաթը հարուստ էր Հայաստանի մարզական կյանքում

Ռոբերտ Աղասարյանը՝ 12 տարեկանների աշխարհի չեմպիոն

Աջարիայի մայրաքաղաք Բաթումում ավարտվեց շախմատի 8-18 տարեկան պատանիների եւ աղջնակների աշխարհի առաջնությունը, որին ընդհանուր առմամբ մասնակցում էր 56 երկրի շուրջ 700 ներկայացուցիչ: Ռուսաստանը Վրաստանի հետ ունեցած քաղաքական տարաձայնությունների պատճառով հրաժարվել էր մասնակցել:

Բաթումում Հայաստանը ներկայացնող 30 շախմատիստ-շախմատիստուհիներից գերազանց հանդես եկավ մինչեւ 12 տարեկանների մրցապայքարին մասնակցող Ռոբերտ Աղասարյանը: Նա շվեյցարական մրցակարգով անցկացված 12 տուրում չկրեց եւ ոչ մի պարտություն, վաստակեց 9,0 միավոր եւ հռչակվեց իր տարիքային խմբի աշխարհի չեմպիոն: Իրեն գերազանց դրսեւորեց նաեւ Հրանտ Մելքումյանը (մինչեւ 18 տարեկաններ): Նա իր անվան դիմաց գրանցեց 8,0 միավոր եւ ընդամենը մեկ միավորով զիջելով գերմանացի Արիկ Բրաունին՝ նվաճեց աշխարհի առաջնության արծաթե մեդալը: Հայաստանի տղաներից երկուսը՝ 8-ամյա Մանուել Պետրոսյանը եւ 16-ամյա Հովիկ Հայրապետյանը, համապատասխանաբար` 8,0 եւ 7,5 միավորներով իրենց տարիքային խմբում գրավեցին 5-րդ տեղը, որը նույնպես բարձր ցուցանիշ է: Ընդ որում, Մանուելը, չնայած փոքր տարիքին, ամբողջ մրցաշարում հանդես եկավ մարտական տրամադրությամբ: Նա խաղացած 11 պարտիաներից եւ ոչ մեկում ոչ-ոքի չի արել՝ տարել է 8 հաղթանակ եւ երեք անգամ պարտվել:

Ցավոք, այս անգամ մեր աղջիկներն իրենց երկրպագուներին չուրախացրին: Նրանք ամփոփիչ մրցաշարային աղյուսակում տեղ են զբաղեցնում կամ երկրորդ տասնյակում, կամ միջին ու ստորին հորիզոնականներում:

Նվաճած մեդալների քանակով՝ մեկ «ոսկի» եւ մեկ «արծաթ», Հայաստանը 56 երկրների մեջ 6-րդն է:

Վաղը վճռորոշ հանդիպումն է

Կիպրոսում վաղն ավարտվում է ֆուտբոլի մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի առաջնության 7-րդ խմբի որակավորման մրցաշարը: Խմբում ընդգրկված են Հայաստանը, Հունգարիան, Կիպրոսը եւ Ադրբեջանը:

Հայաստանի հավաքականը մեկնարկային հանդիպումն անցկացրեց Լառնակայի «Անտոնիս Պապադոպուլոս» ստադիոնում՝ Ադրբեջանի իր հասակակիցների հետ եւ պարտվեց 1:2 հաշվով: Ըստ որոշ լրատվամիջոցների, խաղի հաշիվը բացել են հայաստանցիները եւ այն պահպանել մինչեւ 88-րդ րոպեն: Բայց վերջին երկու րոպեներին երկու գնդակ են ընդունել սեփական դարպասը:

Մեր թիմի մասնակցությամբ երկրորդ խաղը կայացել է կիրակի օրը Պարալինմի «Տասոս Մարկու» ստադիոնում՝ դաշտի տերերի հետ եւ ավարտվել հայաստանցիների նվազագույն առավելությամբ՝ 1:0:

Վճռորոշ հանդիպումները կայանալու են նոյեմբերի 1-ին: Այդ օրը հանդիպելու են Հայաստանն ու Հունգարիան, Կիպրոսն ու Ադրբեջանը: Հիշեցնենք, որ, ըստ կանոնակարգի, հաջորդ փուլ անցնում են խմբերում առաջին երկու տեղերը գրավող հավաքականները եւ երրորդ տեղ գրավածներից լավագույն արդյունք ունեցողը:

Երկու տուրից հետո 7-րդ խմբի մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ունի.

1. Հունգարիա 2 2 0 0 8-1 6

2. Հայաստան 2 1 0 1 2-2 3

3. Ադրբեջան 2 1 0 1 2-6 3

4. Կիպրոս 2 0 0 2 1-4 0

 

Վարդան Միլիտոսյանն աշխատանք է փնտրում

Երեկ օլիմպիական չեմպիոն, ՀԱՕԿ-ի փոխնախագահ, Երեւանի ծանրամարտի ՄՊՄԴ-ի տնօրեն Հոկսեն Միրզոյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ իրեն է դիմել ծանրորդ, Մոնրեալի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Վարդան Միլիտոսյանը՝ իրեն որպես մարզիչ աշխատանքի ընդունելու խնդրանքով: «Վարդան Միլիտոսյանը հայկական սպորտի ամենավառ դեմքերից է,- վրդովված ասաց նա:- Վարդանն է ինձ, Յուրի Վարդանյանին, Յուրի Սարգսյանին եւ մեր մյուս անվանի ծանրորդներին իր հաջողություններով ոգեւորել, մեր առջեւ բացել դեպի օլիմպիական բարձունքներ տանող ճանապարհը։ Նա եղել է Գյումրիի ծանրամարտի մարզադպրոցի տնօրենը, բայց ինձ անհայտ պատճառներով հեռացել է զբաղեցրած պաշտոնից: Որքան տեղյակ եմ, Վարդան Միլիտոսյանը վերջին շրջանում իր անձնական մեքենայով աշխատում է տաքսի ծառայություններից մեկում: Դա անհանդուրժելի է: Ես նրան անպայման ընդունելու եմ: Արդեն դիմել եմ Սպորտպետկոմի եւ ՀԱՕԿ-ի նախագահներին՝ իմ ղեկավարած մարզադպրոցում համապատասխան հաստիքի հարց լուծելու առաջարկով»:

«Փյունիկին» արգելե՞լ են

Ռուսալեզու զանգվածային որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկատվության համաձայն, ֆուտբոլի Հայաստանի 2006 թվականի չեմպիոնի կոչումը օրերս ժամանակից շուտ նվաճած Երեւանի «Փյունիկը» Մոսկվայում իրավունք չի ունենա մասնակցել ԱՊՀ եւ բալթյան երկրների չեմպիոնների միջեւ անցկացվող «Համագործակցության գավաթի» մրցաշարին: Նրա փոխարեն Հայաստանը ներկայացնելու իրավունք կունենա արծաթե մեդալակիրը, քանի որ նախորդ խաղարկությունում Հայաստանի բազմակի չեմպիոնը անվտանգության նկատառումներով չէր ներկայացել Բաքվի «Նեւֆթչիի» հետ կիսաեզրափակիչի հանդիպմանը ու հեռացել էր Մոսկվայից: Մասնավորապես, ադրբեջանական «Day Az»-ը տեղեկացնում է, որ այն ժամանակ Ռուսաստանի ֆուտբոլային միությունը «Փյունիկի» քայլը հիմնավորված չհամարելով՝ որոշում է կայացրել թիմին արգելել ապագայում մասնակցել «Համագործակցության գավաթի» մրցաշարին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել