Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱԱ ինստիտուտներում լարված իրավիճակ է

Հոկտեմբեր 31,2006 00:00

ԳԱԱ ինստիտուտներում գնալով ահագնանում են անհանգստությունները՝ կապված տնօրենների առաջիկա ընտրությունների հետ:

Ինստիտուտների գիտխորհուրդներն ու նախկին տնօրենները հետզհետե համոզվում են, որ իրականում տնօրենների ընտրություններ չեն լինելու, այլ պարզապես նշանակումներ՝ նախագահության քմահաճույքով: Դեռեւս պարզ չէ, թե երբ տեղի կունենան այդ «ընտրությունները», իսկ մինչ այդ, այս օրերին ԳԱԱ բաժանմունքներում ընթանում են քննարկումներ՝ ինստիտուտների ներկայացրած թեկնածությունների շուրջ: Նախապես ինստիտուտների ներսում եղել են գաղտնի քվերակություններ՝ առաջադրված թեկնածուների շրջանակում, սակայն դրանք որեւէ ազդեցություն չեն կարող ունենալ նախագահության որոշման վրա, այնպես, ինչպես բաժանմունքների քննարկումներն ու եզրակացությունները: Եվ հիմա շատ գիտնականներ հուսահատության մեջ են: Օրինակ, մեխանիկայի ինստիտուտի 45 հոգանոց գիտխորհրդից միայն 28-ն է մասնակցել քվեարկությանը: Իսկ 17-ը պարզապես բոյկոտել է՝ ասելով, որ, միեւնույն է, իրենց խոսքը որեւէ գին չունի: Այս մասին մեզ ասաց ինստիտուտի արհմիության նախագահ Ազատ Սարգսյանը: Բացի այդ, կոլեկտիվը, մեր տեղեկություններով, դեմ է նաեւ ակադեմիկոս, ԳԱԱ նախագահության անդամ Սերգեյ Համբարձումյանի առաջադրած թեկնածուին՝ Կարեն Ղազարյանին, սակայն դժգոհությունն ավելի շատ ոչ թե հենց Կ. Ղազարյանի անձին է վերաբերում, այլ նրան, որ վերեւներից ճնշում է նկատվում: Պրն Սարգսյանը կոլեկտիվի դժգոհության մասին չխոսեց, միայն մատնանշեց քվեարկության արդյունքները, ըստ որի՝ 28 հոգուց միայն 7-ն է կողմ քվեարկել Կարեն Ղազարյանին, 14 ձայն ստացել է գիտխորհրդի կողմից առաջադրված Վահրամ Հակոբյանը եւ 17 ձայն՝ ինստիտուտի նախկին տնօրեն Լենսեր Աղալովյանի թեկնածուն՝ Ավետիք Սահակյանը: Արհմիության նախագահը հույս հայտնեց, որ նախագահությունը, այնուամենայնիվ, հաշվի կառնի կոլեկտիվի ձայները, ինչպես ժամանակին խոստացել է ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:

Նշենք, որ պարոն Մարտիրոսյանն իր ընտրվելուց հետո լրագրողներին էլ խոստացավ աշխատել բաց ու թափանցիկ: Սակայն ակադեմիան շարունակում է ցանկացած հարց քննարկել փակ դռների հետեւում, ու լրագրողներն այդ շենքում պարզապես մերժված անձինք են: Դրանում մեկ անգամ եւս համոզվեցինք օրերս, երբ փորձում էինք մասնակցել բաժանմունքներում ընթացող քննարկումներին: Հետեւաբար՝ ստիպված ենք հետեւել տարածվող լուրերին:

Ըստ այդ լուրերի՝ քննարկումներից մեկի ժամանակ բավական թեժ բանավեճ է ծավալվել Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի թեկնածուների շուրջ: Արդեն գրել էինք, որ նախկին տնօրեն, ակադեմիկոս Կոնստանտին Ղարագյոզյանն առաջադրել էր կենսաբանական գիտությունների դոկտոր Աստղիկ Պեպոյանի թեկնածությունը, ով տեղում կազմակերպված ընտրություններում ձայների մեծամասնություն էր ստացել գիտխորհրդի կողմից: Առավել քիչ ձայներ էր ստացել տնօրենի տեղակալ, դոկտոր, պրոֆեսոր Աննա Բոյաջյանը, ում թեկնածությունն առաջադրել էր ակադեմիկոս Գագիկ Ստամբոլցյանը:

Եվ ահա, քննարկումների ժամանակ Ա. Պեպոյանի հասցեին բավական լուրջ քննադատություններ են տեղացել: Ընդ որում՝ նաեւ իր գիտական ղեկավարի կողմից: Թե իբր Ա. Պեպոյանը դրամաշնորհային ծրագրեր իրականացնելիս որոշակի խնդիրներ է ունեցել արտասահմանցիների հետ, արդյունքում՝ որոշ ծրագրեր ոչ լիարժեք են իրականացվել, եւ ինստիտուտի տնօրենը ստիպված է եղել բացատրություններ ներկայացնել գործընկերներին՝ իրավիճակը հարթելու համար: Կարծիքներ են հնչել նաեւ, որ որոշ հին տնօրեններ՝ մասնավորապես այս ինստիտուտի դեպքում, առաջադրում եւ առաջ են տանում թույլ թեկնածուների, որպեսզի նրանց տնօրեն դարձնելով՝ իրենք մնան «իշխանության»: Տիկին Պեպոյանը մեզ հետ զրույցում հերքեց արտասահմանցիների հետ կապված տեղեկությունը, ավելին՝ ասաց, որ այս պահին 2 ծրագիր է ղեկավարում՝ 300 հազար եւ 380 հազար դոլար արժողությամբ՝ աղեստամոքսային հիվանդությունների կարգավորման միկրոկենսաբանական ասպեկտներին վերաբերող, եւս մեկը՝ շուտով կիրականացնի ճապոնացիների հետ համատեղ: Տիկին Պեպոյանը որեւէ մեկի անունը չհրապարակեց, սակայն ասաց, որ որոշ մարդիկ նպատակաուղղված՝ կեղտոտ տեխնոլոգիաներ են բանեցնում, ընդհուպ՝ իրեն վարկաբեկող նամակներ են հղում այդ նույն արտասահմանցիներին:

Մյուս թեկնածուն՝ Աննա Բոյաջյանը, ինչպես նաեւ Ա. Պեպոյանի գիտական ղեկավար Ժաննա Կծոյանը հրաժարվեցին որեւէ մեկնաբանություն տալ այս կապակցությամբ:

Հ. Գ. Առաջիկայում սպասվում են նաեւ ԳԱԱ թղթակից անդամների ընտրություններ, որոնք չեն իրականացվել արդեն 6 տարի: Առաջադրումների ժամկետն արդեն լրացել է: Ներկայացված 129 հավակնորդների մեջ է նաեւ ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանը, ում թեկնածությունն առաջադրել են ԵՊՀ-ն եւ Մեխանիկայի ինստիտուտը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել