Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐԲԱԾ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՍՊԱՌՆԱՑԵԼ ԷԻՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ

Հոկտեմբեր 31,2006 00:00

\"\"«Մեզ թվում էր, թե մենք պատանդ ենք հարբած ոստիկանների ձեռքին»,- ասում են Իջեւանի քաղաքապետարանի աշխատակիցները:

«Առավոտը» արդեն գրել էր, որ հոկտեմբերի 26-ին Տավուշի մարզի ոստիկանապետ Գենադի Սարգսյանը եւ Իջեւանի ոստիկանապետ Սամվել Գալստյանը մի խումբ ոստիկանների հետ «այցելել էին» Իջեւանի քաղաքապետարան: Տպագրել էինք նաեւ պարոն Սարգսյանի պարզաբանումները, որտեղ նա այդ այցելությունը որակել էր իբրեւ «սովորական աշխատանքային զրույց»: Իր հերթին ոստիկանությունն իր ինտերնետային կայքում տվեց «պարզաբանում» «Առավոտի» «ապատեղեկատվությանը»՝ նշելով, որ, ըստ ՀՀ ոստիկանության, «լրագրողը գնացել է մոլորյալ ճանապարհով»: Դա ստիպեց՝ ինչպես եւ խորհուրդ է տրվում պաշտոնական հաղորդագրությունում՝ «խորամուխ լինել փաստերի էության մեջ»:

Այդ նպատակով հոկտեմբերի 28-ին «Առավոտի» թղթակիցը եղավ Իջեւանի քաղաքապետարանում: Այդ օրը քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը տեղում չէր, իսկ քաղաքապետարանի աշխատակազմի մասնագետ Լինա Թիրաբյանը պատմեց. «Աշխատանքային օրը մոտենում էր ավարտին, հանկարծ աշխատասենյակ ներխուժեց ոստիկանության մոտ 10-15 աշխատակից եւ պահանջեց քարտադարանի սեյֆի բանալին: Մենք պատասխանեցինք, որ մեզ մոտ բանալի չկա: Նրանք վերցրին այլ չհրկիզվող պահարանի բանալի եւ փորձեցին դրանով բացել: Ներս մտավ քաղաքապետարանի բնակտնտեսության բաժնի ղեկավար Սիրակ Աղասարյանը, եւ նրանք դուռը ներսից փակեցին: Իրենց շատ կոպիտ էին պահում, անվայելուչ բառերով էին խոսում, մեզ դիմում էին «արայով»: Հետո եկավ մարզի ոստիկանապետ Գենադի Սարգսյանը եւ Աղասարյանից պահանջեց քարտադարանները: Ասում էր. «Կարող ա՞ տեղը չես բերում»: Կողքից մեկ ուրիշն ասաց, որ նա պետն է: Սիրակը պատասխանեց. «Իմ պետը չի: Կտամ այն ժամանակ, երբ իմ ղեկավարն ասի: Սարգսյանը հրամայեց ձերբակալել Սիրակ Աղասարյանին: Եվ նրան հարվածելով, ձեռքերից բռնած, հրելով՝ որպես մի հանցագործի, տարան ոստիկանություն: Ոստիկաններն իրենց շատ լավ էին զգում: Իրենց կարծիքով՝ մեծ հերոսություն են անում, որ ամբողջ թիմով հարձակվել են մեր աշխատակազմի վրա: Յուրաքանչյուր կին աշխատակցի կողքին կանգնած էր մի ոստիկան»:

Իսկ «Իջեւան» հեռուստաընկերության լրագրող Սուսաննա Չաբուխյանը պատմեց, «Մենք լսեցինք, որ քաղաքապետարանում ինչ-որ դեպքեր են կատարվում, բայց չգիտեինք, թե ինչ, եւ նկարահանող խմբով եկանք այստեղ, դրսում մարդիկ էին հավաքված, շենքը շրջափակված էր ոստիկաններով: Երբ ուզում էի բարձրանալ երկրորդ հարկ, հանկարծ մեկը սկսեց ձեռքիցս քաշել՝ վայր գցելու աստիճան, ասելով. «Հլա ստեղ եկեք, չեք նկարելու»: Ես ներկայացա եւ ասացի, որ տեղական հեռուստատեսությունից եմ եւ պետք է նկարահանենք: Չգիտեի, որ ինձ հրողը Տավուշի ոստիկանապետն էր եւ հարցրի. «Դու՞ք ով եք, որ խոչընդոտում եք իմ աշխատանքը: Եթե պատճառ կա, պարզաբանեք՝ չենք նկարահանի»: Նա շարունակում էր քաշքշել, այն աստիճան, որ քիչ էր մնում գլորվեինք: Իսկ մնացածն առանց միջամտելու նայում էին, թե ինչպես էր իրենց ղեկավարը դա անում: Ես դուրս եկա, ավելի ճիշտ՝ ինձ դուրս բերեցին քաղաքապետարանից բռնի ուժով: Դրսում կանգնած ոստիկանները հսկում էին մեր ամեն մի խոսքը, դրսում էլ չէին թույլ տալիս նկարահանել, մեր հասցեին անվայելուչ խոսքեր ուղղում: Եվ մենք չգիտեինք, թե ինչ է կատարվում ներսում: Օպերատորից ուզում էին վերցնել տեսախցիկի մարտկոցը: Երբ մարզի ոստիկանապետը դուրս եկավ-գնաց, նոր մենք իմացանք, թե ինչ է կատարվել ներսում: Նրանք անսթափ վիճակում էին՝ ալկոհոլի ազդեցության տակ: Նրանց պահվածքը ամենեւին էլ իրավապահի պահվածք չէր: Դրսում շատ մարդիկ էին հավաքվել եւ անհանգստացած էին, թե ինչ է կատարվում ներսում»,- պատմում է լրագրողը:

«Մենք այնպիսի վախեցած վիճակում էինք, կարծես պատանդ լինեինք հարբած ոստիկանների ձեռքին, բայց աշխատում էինք մեր վախը թաքցնել: Այնուհետեւ եկավ Իջեւանի ոստիկանության բաժանմունքի պետը, նա ստիպում էր մեր աշխատակազմի ղեկավարին՝ ակտ կազմել եւ քարտադարանը հանձնել: Աշխատակազմի ղեկավարն ասում էր, որ կտա միայն այն դեպքում, երբ համապատասխան որոշում բերեն, օրինական ձեւով: Ասում էր. «Մեկ ա, ջարդելու ենք, ավելի լավ ա դուք տաք»,- պատմում է քաղաքապետարանի աշխատակցուհի Լիանա Խաչինյանը:

Մելինե Թանանյանը ոստիկանների կատարածը համարում է «ավազակային ներխուժում, բլոկադա: Եվ նրանք համարվում են օրինապահնե՞ր: Մենք այդ ժամերին մեզ զգում էինք խիստ անպաշտպան, մենք հենց իրենցից՝ «օրինապահներից» պաշտպանվելու կարիք էինք զգում»: Իսկ Ալինա Գալստյանը խոստովանում է, որ մինչեւ այսօր իր մեջ ամեն պահ վախի ու սարսափի զգացողություն կա:

(Շարունակելի)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել