Հայաստանում՝ ուսանող, ԱՄՆ-ում՝ մատուցող
Երեւանի պետական համալսարանի պատերին ամենուրեք փակցված է մի հայտարարություն, որտեղ 18-24 տարեկան ուսանողներին առաջարկվում է ամառային արձակուրդներին ուղեւորվել ԱՄՆ՝ սպասարկման ոլորտում աշխատելու: Ուսանողական ծրագիրը կոչվում է «Work & Travel», եւ արդեն այդ ծրագրով բազմաթիվ ուսանողներ են մեկնել ԱՄՆ, որոնց մեծ մասը չի վերադարձել: Հաշվի առնելով, որ առաջարկ ներկայացնող ընկերությունը պահանջում է, որ մեկնել ցանկացող ուսանողը լինի խելացի, ինտելեկտով, անգլերենի լավ իմացությամբ, բնավորությամբ լինի շփվող, մարդամոտ՝ այս ծրագիրը անխուսափելիորեն նպաստում է այն ուսանողների արտահոսքին, ովքեր մեր երկրի զարգացման համար կարող էին պիտանի լինել:
«Work & Travel» ընկերությունից ծրագրի մասին հեռախոսով որեւէ ինֆորմացիա չտրամադրեցին, ուստի մենք, որպես ուսանող, դիմեցինք ընկերության գրասենյակ՝ ցանկանալով ծանոթանալ առաջարկի մանրամասներին:
ԱՄՆ-ում ուսանողներին առաջարկում են աշխատել սպասարկման ոլորտում՝ հիմնականում որպես մատուցող, առաքիչ, վաճառող, լվացարար՝ մեկ ժամի համար վարձատրելով 6-10 դոլար: Մեկնելու հետ կապված բոլոր ծախսերը պետք է հոգա ուսանողը. 100 դոլար վճարի դեսպանատուն դիմելու համար, թարգմանի բոլոր պահանջվող փաստաթղթերը, մեկնելու տոմսի, ինչպես նաեւ Ամերիկայում մնալու, ուտելու ծախսերն էլ պետք է նախատեսի: Ընդհանուր առմամբ՝ միայն ԱՄՆ հասնելու համար ուսանողն ընկերությանը պետք է վճարի 2000 դոլար: Ըստ ընկերության պատասխանատուների, իրենք այդ գումարի դիմաց խոստանում են դեսպանատուն դիմելու համար ուղղություն ցույց տալ եւ ԱՄՆ-ում աշխատատեղ ճարել: Բայց եթե դեսպանատունը մերժում է, ֆիրման պատասխանատվություն չի կրում եւ դեսպանատան ու փաստաթղթերի համար ծախսված գումարները չի վերադարձնում: Բացի այդ, եթե ԱՄՆ-ում գործն ուսանողի սրտով չեղավ կամ խոստացվածից ավելի քիչ վարձատրեն՝ դարձյալ ուսանողը ֆիրմայից ոչինչ չի կարող պահանջել: «Մեր ֆիրման ոչ մի երաշխիք չի տալիս»,- մեզ հետ զրույցում պարզաբանեց «Work & Travel»-ի աշխատակիցը (որը չցանկացավ ներկայանալ)՝ ասելով, որ «ուսանողը ուզի թե չուզի, դուր գա աշխատանքը թե ոչ՝ եթե հասել է Ամերիկա, պիտի համաձայնվի աշխատել, քանի որ արդեն պայմանագիր է կնքել, գումար է մուծել, վերջիվերջո պիտի հանի՞ այդ գումարը»:
Թեեւ ծրագրով նախատեսված է, որ ուսանողը պետք է մեկնի ամառային արձակուրդներին, բայց գրասենյակում մեզ ասացին, որ ընդհանուր ուղեւորությունը տեւում է հունիսի 1-ից նոյեմբերի 1-ը, այսինքն՝ ուսանողը 2 ամիս՝ սեպտեմբերին ու հոկտեմբերին դասերից բացակայելու է: «Work & Travel»-ի աշխատակիցն էլ չհերքեց, որ շատ դեպքերում ուսանողները չեն վերադառնում: Ավելին՝ երբ մենք խոստովանեցինք, որ ԱՄՆ-ում բարեկամներ ունենք եւ այնտեղ գնում ենք մնալու նպատակով, ֆիրմայի ներկայացուցիչը հավաստիացրեց, որ դա պրոբլեմ չի լինի, դժվարն այնտեղ անլեգալ մնալն է: