Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԻՐԱԶԵԿ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ

Հոկտեմբեր 31,2006 00:00

ՀՀ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Գառնիկ Իսագուլյանը հոկտեմբերի 28-ին «Ազդակ» ակումբում հայտարարել է, թե Իրան-Հայաստան գազամուղի մի հատվածը ՌԴ-ին փոխանցելու հարց ընդհանրապես գոյություն չունի. «Շատերն առանց հասկանալու՝ խոսքը ո՛ր խողովակաշարի մասին է, ինչի՛ մասին է՝ այս հարցը դարձրել են մամուլով քննարկման նյութ:

Անտեղյակ թե տեղյակ՝ մարդիկ ինչ ասես ասում են, չի՛ կարելի»: Թերեւս այս կշտամբանքն ակամա ուղղվում է նաեւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին, քանի որ նա էր հաստատել գազամուղի վերաբերյալ ռուսների հետ բանակցությունների փաստը: Նաեւ «ՀայՌուսգազարդի» գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանն էր հայտնել, թե գազամուղի վերաբերյալ գնման առաջարկներ են ստացել: «Չգիտեմ՝ ով ինչ է ասել: Ես չեմ էլ հետաքրքրվում, թե ով ինչ է ասում»,- անհողդողդ պնդել է Գառնիկ Իսագուլյանը: Լրագրողներն անգամ պատրաստակամություն են հայտնել նրա համար տեղում միացնել Կարեն Կարապետյանի ձայնագրությունը: Սակայն խորհրդականը պահանջել է, որ իրեն ներկայացնեն ստորագրած փաստաթուղթ, որ ինքն այն համարի հավաստի:

Եվ նման տեղեկացվածությամբ ազգային անվտանգության խորհրդական աշխատող մարդը, երբ նրան առաջարկել են մեկնաբանել ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի՝ ռուս-վրացական հակամարտության շուրջ Հայաստանի դիրքորոշման հստակեցման անհրաժեշտության մասին հայտարարությունը, սեփական կարեւորության գիտակցմամբ պատասխանել է. «Եթե դուք գտնում եք, որ նրա ամեն մի հայտարարությունը արժանանալու է Հայաստանի պետական բարձրաստիճան պաշտոնատար անձանց մեկնաբանությանը՝ չարաչար սխալվում եք: Ինձ չեն հետաքրքրում այդ կարգի հայտարարությունները, ուր մնաց թե՝ արձագանքենք»:

Մոտ մեկ ժամ շարունակ լրագրողները փորձել են պարզել, թե Գառնիկ Իսագուլյանն ի՞նչն է համարում ազգային անվտանգության տեսանկյունից անհանգստացնող, եւ ի վերջո ստացել հետեւյալ պատասխանը, թե միակ հարցը լրատվամիջոցներն են. «Շատ լուրջ խնդիր է: Մամուլն ամեն օր ստիպված նայում եմ՝ ուղղակի ինչ-որ դեպք վերցնում եւ ուռճացնում են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել