Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրապետականին հունից մի՛ հանեք

Հոկտեմբեր 31,2006 00:00

Իսկ դա, ըստ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի, խիստ վտանգավոր կարող է լինել մյուսների համար:

Հարգելի հեռուստադիտողները եւ ռադիոլսողներն արդեն շատ լավ գիտեն, որ ՕԵԿ-ՀՀԿ տեղական նշանակության մարտերը սովորաբար ընթանում են Արմեն Աշոտյանի եւ բոլոր ՕԵԿ-ականների միջեւ, մինչդեռ կիրակի օրը, «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման ժամանակ, նժդեհական սուրը փոխանցվեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանին:

Երեկ մենք պարոն Մելիքյանին մի քանի հարց ուղղեցինք իր հայտարարությունների կապակցությամբ, մասնավորապես, փորձելով հասկանալ՝ նշանակո՞ւմ է սա, արդյոք, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն իր թիվ մեկ ախոյան է տեսնում հենց ՕԵԿ-ին, ոչ թե, ասենք, «Բարգավաճ Հայաստանին»:

Գագիկ Մելիքյանն ասաց, որ իրենք ախոյաններ չունեն, այլ միայն մրցակիցներ. «Մեկը մի քիչ ուժեղ, մյուսը մի քիչ թույլ, դա կարեւոր չէ, բոլորը մեր մրցակիցներն են, եւ ճիշտ կլինի, եթե քարոզարշավն ընթանա բարոյական չափանիշների շրջանակում: Ես համոզված եմ, որ առաջիկա ընտրություններում կլինեն դեպքեր, երբ բարոյազուրկ քարոզարշավ կսկսվի, առանձին դեպքերում մեզ կփորձեն հունից հանել, եւ, ի դժբախտություն իրենց, արդեն մենք հունից դուրս ենք գալիս»: Իսկ այդ «հունից դուրս գալը» ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ ՀՀԿ-ի մրցակիցների համար: Ըստ Գագիկ Մելիքյանի, ազդեցությունը կարող է լինել «ահավոր, մենք կհակազդենք այնպես, ինչպես իրենք պատկերացնում են մեզ հունից դուրս վիճակում»:

Փոխադարձ ատելությունն այնքան անթաքույց է, որ պարզապես անհասկանալի է, թե ինչպես են այս երկու ուժերը երեք տարի աշխատել միասին, արդյո՞ք այն ժամանակ եւս ՕԵԿ-ը Հանրապետականին հունից հանում էր. «Միշտ չէր, որ հաջողվում էր մեզ հունից հանել, բայց ցանկացած դեպքում փորձ արվում էր, սակայն միշտ չէր, որ ստացվում էր: Հանրապետականը իր բնույթով, իրոք, պահպանողական կուսակցություն է եւ սովորություն չունի իր արածների մասին թմբկահարել բարձր ամբիոններից, ի տարբերություն մյուսների, ովքեր իրենց են վերագրում նաեւ ուրիշների կողմից արված գործերը: Մենք սովորաբար համեստորեն լռում էինք՝ չասելով, որ այդ լավ գործերը մենք ենք արել, իսկ ուրիշները օգտագործում էին մեր լռությունն իրենց շահադիտական նպատակների համար եւ ժողովրդի աչքին թոզ էին փչում, ներկայացնելով, թե 2006-ից իրականացվող անվճար բուժօգնությունը միայն իրենց մենաշնորհն է կամ ավանդների փոխհատուցումը միայն իրենց մենաշնորհն է: Բայց ո՞վ չգիտի, որ այդ ամենը կատարվել է Հանրապետական կուսակցության կողմից, մեր կուսակցության քվեների միջոցով, վարչապետի անմիջական մասնակցությամբ: Գաղտնիք չէ, որ առանց Հանրապետականի, որեւէ քաղաքական ուժ հնարավորություն չուներ նման խոշոր քայլեր իրականացնել»: Պարոն Մելիքյանն ասաց նաեւ, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում Հանրապետականը լուրջ հավակնություններ ունի եւ վստահ է, որ իր ակնկալիքները իրականանալու են: Ի պատասխան մեր դիտարկման, թե բոլոր քաղաքական ուժերն էլ իրենց հավակնությունների մասին դա են ասում, նշեց. «Պատճառն այն է, որ մեր ժողովուրդը ոչ մեկին չի մերժում, ով իրեն դիմում է՝ ասում է, հա, քեզ կընտրեմ, դա է պատճառը, որ ընտրությունների արդյունքներն ամփոփելիս մյուսներին թվում է, թե արդյունքները կեղծված են: Դա է, որ խաբուսիկ տպավորություն է ստեղծում քաղաքական ուժերի մեջ, եւ իրենց թվում է, թե ամբողջ ժողովուրդը իր ձայնը պետք է տար հենց իրենց եւ ոչ թե ուրիշին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել