Հակադարձելով պնդումներին, թե քաղաքական գործունեությունը եւ բարեգործությունը օրենսդրությամբ համատեղելի չեն՝ իրենց նախաձեռնությունները հակաօրինական չեն համարում ո՛չ ԺԿ-ն, ո՛չ ՀՀԿ-ն:
Ոչ թե ԺԿ-ն, այլ «Ծաղիկները»
«Մոտ 2 տարի է, ինչ մենք ունենք մշակութային, բարեգործական հիմնադրամ, որը կոչվում է «Ծաղիկներ»: Այն համալրվում է իմ գումարներով եւ քաղաքացիների՝ ո՛չ կուսակցության,- մեզ հայտնեց Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը:- Եվ մեր ակցիաները ոչ մի կապ չունեն կուսակցության հետ: Ես՝ որպես անհատ, հիմնադրամի միջոցով, ասենք՝ 3 հազար «պրոտեզ»՝ վերեւն ու ներքեւը, տրամադրել եմ 60-ից բարձր տարեցներին: Հաշվի առնելով այն տեսքը, որ ունեն առանց «պրոտեզ», առանց ատամ մեր տարեցները՝ վարկաբեկում են մեզ արտերկրում: Գալիս, տեսնում են՝ խայտառա՜կ վիճակ է: Ոչ մի տեղ այդպիսի վիճակ չկա: Եվ մենք 4,5 մլն դրամի պայմանագիր ունենք, անցկացրել ենք հիմնադրամի միջոցով: Արդեն մոտ 50 հոգի գնացել, օգտվել են»: Մեր դիտարկմանը, թե իրենց կազմակերպած այցելությունների կամ այլ նախաձեռնությունների ընթացքում շեշտվում է ոչ թե «Ծաղիկներ» հիմնադրամի, այլ հենց Ժողովրդական կուսակցության անվանումը՝ Տիգրան Կարապետյանն առարկեց. «Ո՛չ: Ասվում է ԱԼՄ հոլդինգի ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու եւ Ժողովրդական կուսակցության նախագահ: Դա ուղղակի «կոմպլեկտ» ասվում է իմ մասին: Թող յուրաքանչյուր եթեր ինձ ցույց տան, ապացուցեն, որ ես որեւէ մեկից ձայն եմ պահանջել կամ ձայնի դիմաց ինչ-որ բան եմ տվել կամ էլ հարցրել եմ, թե ո՞ր կուսակցությունից եք: Անհնարի՛ն է»: ԱԼՄ-ի մշտական հեռուստադիտող չլինելով՝ այնուամենայնիվ, ինքս մի անգամ տեսել եմ, թե ինչպես է Տիգրան Կարապետիչը եթերում հայտարարում, թե իրեն ասում են, որ իր նախաձեռնությունները քաղաքական գործոն չեն, բայց դեռ կտեսնեն՝ ի՜նչ գործոն է: Այս մասին հիշեցմանս ԺԿ ղեկավարն այսպես արձագանքեց. «Այո, ինձ ասել էին, թե բարեգործությունը քաղաքական կատեգորիա չէ: Ես էլ ասել եմ, որ դա մարդկություն է: Մարդկությունը յուրաքանչյուր մարդու համար գործոն է: Ես բարեգործությունը չեմ դիտում՝ տարանջատված կյանքից: Համարում եմ, որ բարեգործությունն ունի ազգային ոգի, եւ մենք անում ենք մեր ազգի համար: Չէ, որպես գործոն՝ ինչ անում ենք՝ բիզնեսն էլ է քաղաքական հատկանիշ, քանի որ մարդը հարկեր վճարելով՝ նպաստում է բյուջեին եւ ազգին»: Տիգրան Կարապետյանը հայտնեց, որ մեկնում է Գյումրի, ուր այցելելու է 24 մանկապարտեզ, արդեն եղել է Վանաձորում՝ այցելել 20 մանկապարտեզ, եւ 13-ն էլ Հրազդանում. «Ես 2 տարեկան երեխաներից ոչ մի բան չեմ կարող ակնկալել: Դա քաղաքական նպատակներին չի ծառայում»:
Հետաքրքրվեցինք՝ պնդո՞ւմ է, թե իր նախաձեռնությունները որեւէ նպատակ չեն հետապնդում՝ քվեներ շահել ԺԿ-ի համար ԱԺ առաջիկա ընտրություններում: «Այո՛, ոչ մի դեպքում: Ես կարող եմ տեսահոլովակ ներկայացնել իմ հաղորդումներից, որտեղ ասել եմ, թե կուսակցությունը ոչ մի կապ չունի իմ արածների հետ,- ասաց Տիգրան Կարապետյանը:- Եվ իմը ոչ թե նախընտրական է, այլ՝ հետընտրական: Ես 2003 թվականից եմ սկսել այդ շարքը: Եվ լինի թե չլինի ընտրություն՝ ես անելու եմ դա»: Հարցին, թե ընտրարշավի փուլում է՞լ է շարունակելու, երբ ուղղակի արգելված կլինի՝ պատասխանեց. «Ո՛չ, այդ ժամանակ չեմ շարունակի: Բայց պատրաստ եմ հոկտեմբերի 31-ից մեր բոլոր բարեգործությունների լուսաբանման վրա՝ էկրանին անշարժ գրել, թե կուսակցությունն այդ գործոնի հետ ոչ մի կապ չունի՝ դա անհատ Կարապետյանն է անում, հիմնադրամի միջոցով»:
ՀՀԿ-ն բարեգործություն չի անում
Մինչ ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Աշոտյանը դժգոհում է, թե մնացած գրեթե բոլոր կուսակցություններն արդեն սկսել են զբաղվել իրենց նեղկուսակցական խնդիրներով եւ միայն իրենց կուսակցությունն է զբաղվում պետական շինարարությամբ՝ նրա կուսակիցները մարզերում դպրոցներին լաբորատոր սարքավորումներ են տրամադրում, եւ այդ մասին, ակնհայտորեն վճարովի հիմունքներով, գովազդում հեռուստաընկերություններով: Այդ սարքավորումները տեղ է հասցնում վարչապետի օգնական, ՀՀԿ մամուլի եւ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Էդուարդ Շարմազանովը, որը մեր նկատառումներին, թե նման գործունեությունը հակասում է մասնավորապես «Կուսակցությունների մասին» օրենքին՝ մեջբերեց այդ օրենքի այլ դրույթներ. «3-րդ հոդվածով նախատեսված է, որ յուրաքանչյուր կուսակցության խնդիրներն ու նպատակները սահմանվում են կանոնադրությամբ եւ ծրագրով: Եվ Հանրապետականի ծրագրում ու կանոնադրության մեջ իր հստակ ու կարեւոր տեղն ունեն նաեւ մեր պետության հասարակության կրթության հիմնախնդիրները: Դպրոցների տեխնիկական վերազինման ծրագիրը նախընտրական բնույթ չունի եւ ոչ էլ բարեգործական: Դա պարզապես կրթական որակի բարելավման ծրագիր է: Սա հերթական ծրագիր է, որը մենք սկսել ենք ոչ 2006-ին: Կարելի է ասել, որ նմանատիպ ծրագրեր եղել են կուսակցության գոյության գրեթե ողջ ընթացքում: Ընդամենը մի քանի օրինակ նշեմ՝ կուսակցությունն իր գոյության ընթացքում բազմաթիվ ազգայնական, ուսուցողական գրականություն է մատուցել դպրոցներին, որ ավելի բարձր մակարդակի վրա դրվի ռազմահայրենասիրական դաստիարակությունը: Եվ բնականաբար, դա չի կարող դիտվել ընտրակաշառք»: Մեր հարցին, թե այդպե՞ս է բացատրում նաեւ ուսանողական անվճար ավտոբուսները, որոնց վրա նշված է ՀՀԿ-ի անունը՝ պրն Շարմազանովը պատասխանեց, թե «Բարեգործության մասին» օրենքի 17 հոդվածով՝ «Յուրաքանչյուր ֆիզիկական անձ իրավունք ունի կամավոր հիմունքներով զբաղվել բարեգործությամբ: Բնականաբար, ֆիզիկական անձինք կարող են լինել նաեւ կուսակցական: Օրինակ, մենք Ավանում բարեգործական միջոցառում արեցինք, բայց այն իրականացվեց «Խութ» հիմնադրամի միջոցով, որի նախագահը ՀՀԿ Ավանի տարածքային կազմակերպության ղեկավար Տարոն Մարգարյանն է: Կամ՝ մեզ դիմել էր Հայաստանի հրեական համայնքը, որ օժանդակենք Եղեռնի եւ Հոլոքոստի զոհերի հուշարձանի կառուցմանը: Եվ ՀՀԿ-ն, ելնելով իր ծրագրային հիմնադրույթներից, ըստ որոնց՝ պետք է օժանդակենք քաղաքացիական հասարակության զարգացմանը եւ պաշտպանենք մարդու իրավունքները՝ օգնեցինք հրեական համայնքին: Հիմա դա՛ էլ չի կարող ընտրակաշառք դիտվել, քանի որ բխում է մեր ծրագրային հիմնադրույթներից»:
Հ. Գ. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից խոստացան մեր հարցադրումներին ավելի ուշ անդրադառնալ եւ ավելի հիմնավոր: