Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ ՉԳՐԱՆՑՎԵՑԻՆ

Հոկտեմբեր 31,2006 00:00

\"\"Աջափնյակի թաղապետի ընտրություններին ներկայացել էր ընտրողների մոտ 25%-ը

Աջափնյակի բնակիչները նախապես գիտեին, որ ընտրվելու է դատախազի եղբայրը, այդ պատճառով էլ ընտրությունների չէին գնում:

Հոկտեմբերի 29-ին Աջափնյակ համայնքում տեղի ունեցան թաղապետի ընտրություններ: Ինչպես կանխատեսվում էր, Աջափնյակի նոր թաղապետ ընտրվեց ՀՀ գլխավոր դատախազի եղբայրը՝ անկուսակցական Ռուբեն Հովսեփյանը, իր օգտին ստանալով ձայների մեծամասնությունը՝ 13 հազար 930 քվե: Մյուս երկու թեկնածուները՝ դաշնակցական Գագիկ Սարգսյանը եւ «Ժողովրդավարական ուղի» կուսակցության (ԺՈՒԿ) Աջափնյակի տարածքային կառույցի ղեկավար Իշխան Արշակյանը, հավաքել էին համապատասխանաբար 2416 եւ 1920 ձայն: Անվավեր է համարվել 680 քվե: 31 աջափնյակցի էլ ընտրելու իր իրավունքը վերականգնել է դատարանի միջոցով: Աջափնյակն ունի 75 հազար 185 ընտրող, որից թաղապետի ընտրությանը մասնակցել է ընդամենը 18 հազար 902-ը, այսինքն՝ կարելի է ասել, որ աջափնյակցիների շուրջ 75 տոկոսն իրենց ընտրությունների նկատմամբ միանգամայն անտարբեր էր: Հիմնականում ընտրությանը գնում էին տարեցները: «Առավոտի» հետ զրույցում իրենց՝ քվեարկության չմասնակցելն աջափնյակցիներն այսպես բացատրեցին. «Հավատը կորցրել ենք, զզվել ենք անվերջ խոստումներից, առավել եւս, երբ չենք ճանաչում թեկնածուներին, չգիտենք՝ ովքեր են նրանք եւ ինչ կարող են անել համայնքի համար»:

Տեսնելով ընտրողների պասիվությունը՝ Ռ. Հովսեփյանի համախոհները ստիպված ողջ օրվա ընթացքում թաղ առ թաղ ընկած՝ ընտրողներին «Գազել»-ներով տեղափոխում էին ընտրատեղամասեր: Պարոն Հովսեփյանի օգտին քարոզարշավը նույնիսկ ընտրության օրն էր շարունակվում. մի խումբ երիտասարդներ ընկած տնետուն՝ իրենց ծանոթ-բարեկամներին համոզում էին ձայնը տալ Ռ. Հովսեփյանին: Այս փաստն արձանագրել էին նաեւ Գ. Սարգսյանի եւ Ի. Արշակյանի նախընտրական շտաբներում: Գ. Սարգսյանի խոսքերով, Հովսեփյանի թիմակիցները 15-րդ թաղամասի շենքերից մեկի բնակիչներին վերելակը նորոգելու համար 100 հազար դրամ են տվել՝ պայմանով, որ գնան եւ ընտրեն Ռ. Հովսեփյանին:

Ի. Արշակյանի կարծիքով էլ, ընտրություններն արդար լինել չեն կարող, քանի որ պետական ապարատն աշխատում է Ռ. Հովսեփյանի օգտին. «Մարդիկ ընտրության չեն գալիս, որովհետեւ բոլորին էլ պարզ է, որ ամեն ինչ նախապես որոշված է: Աղվան Հովսեփյանը կկիրառի իր լծակներն ու հնարավորությունները»: Ընտրություններին աջափնյակցիների պասիվ մասնակցության համար պարտված թեկնածուները նաեւ իրենք իրենց մեղադրեցին, որ ընտրարշավի ժամանակ լավ չեն աշխատել: ԺՈՒԿ նախագահ Մանուկ Գասպարյանը, որը ուշի ուշով հետեւում էր ընտրությունների ընթացքին, ասաց. «Ռուբեն Հովսեփյանի թաղապետ դառնալը մտածված քայլ է Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի կողմից, քանի որ նրա անցնելու դեպքում 2007-2008 թվականներին Աջափնյակում ապահովելու են իրենց վերարտադրումը»: Մ. Գասպարյանի խոսքերով, իրենց նախընտրական շտաբը ահազանգ է ստացել, որ Ռ. Հովսեփյանի կողմնակիցները ընտրության օրն էլ շարունակել են 100 դոլարով ձայներ գնել:

Այս առնչությամբ երբ փորձեցինք պարզաբանում վերցնել Ռ. Հովսեփյանից, նա կտրուկ հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ: Ի դեպ, ընտրությունների օրը պարոն Հովսեփյանի շտաբում ժամը 23-ին արդեն մեծ քեֆ էր, դեռ քվեարկության արդյունքները չէին ամփոփվել, բայց Ռ. Հովսեփյանի ընկերներն արդեն շնորհավորում էին թաղապետ Հովսեփյանին: Նրան սատարելու էին եկել մի խումբ պատգամավորներ՝ Աղասի Արշակյանը, Վահրամ Բաղդասարյանը, Լյովա Խաչատրյանը եւ այլք:

Ընդհանուր առմամբ, ընտրությունների ընթացքում լուրջ խախտումներ չգրանցվեցին: Սիլիկյան թաղամասի 06/02 ընտրատեղամասում Գ. Սարգսյանի վստահված անձը արձանագրել էր, որ երկու ընտրող փորձել են երկրորդ անգամ տարբեր անձնագրերով քվեարկել, բայց թույլ չեն տվել: Իսկ Լուկաշենի 06/03 ընտրատեղամասը ժամը 18-19-ի սահմաններում մոտ կես ժամով հոսանքազրկվել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել