Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Հոկտեմբեր 30,2006 00:00

\"\"ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ քսաներեքերորդ

ՄԻԱԿ ՏՂԱՄԱՐԴԸ

Թանգարանի աղջկերքի ու կանանց հետ մի պատառ բան ուտելուց ու իրենց եփած սուրճն անուշ անելուց հետո իրենք ու ես արդեն սինխրոն զգում էինք իմ ավելորդությունն էդ թանգարանում, իսկ ուտելուց առաջ, ընդհակառակը, իմ կարիքը լավ էլ զգում էին, քանի որ ես էդ օջախի գլխավոր ու, միեւնույն ժամանակ, միակ տղամարդն էի, եւ, փաստորեն, իրենք արդեն վարժվել էին առանց ինձ սեղան չնստել, եւ եթե պերերիվից ուշանում էի, իրենք խառնվում ու անհանգստանում էին ինձ համար եւ առանց ինձ սեղան չէին նստում՝ մինչեւ որ հայտնվում էի, ու հայտնվելուցս հետո էլ, եթե մի ժամից ավել էի մնում, էլի՛ էին անհանգստանում ու լարվում՝ ինչպես բոլոր նորմալ օջախներում են կանայք ու աղջիկները լարվում, երբ տան տղամարդը ժամերով տանն ու իրենց շնչներին է նստում, եւ որ էդ թանգարանն օջախի պես բան էր՝ ես ամեն օր էի զգում, մանավանդ է՛ն տոնական ու հատուկ դեպքերում, երբ մենք կոլեկտիվով նստում էինք Թումանյան գերդաստանի մեծ սեղանի շուրջ, ու ես էլ նստում էի սեղանի գլխին՝ մեծն Օհանեսի աթոռին, ու ինձ էդ օջախի կանայք ու աղջիկները, կարելի է ասել, հարգում էին, որովհետեւ, ինչպես արդեն ասացի, ես ճիշտ ժամանակին հայտնվում ու ճիշտ ժամանակին էլ անհետանում էի եւ երբեք իրենց շնչներին չէին նստում ու իրենց վրա չէի թթվում, չնայած՝ երբ հատուկ ու տոնական առիթներով Թումանյանների էդ երկար սեղանի գլխին նստած ու մի քանի բաժակ խմած էի լինում, ոտս մի քիչ կախ էի գցում, քանի որ թանգարանի աշխատողների մեջ մի քանի ջահելներ ու սիրուններ կային, բայց մի քանի րոպե ոտս կախ գցելուց էն կողմ չէի անցնում, քանի որ էդ հիմնարկի բարոյական մթնոլորտն ինձնից շատ առաջ էր ստեղծվել, ու էդ մթնոլորտը փոխելու ցանկություն առանձնապես չունեի էլ, մանավանդ որ՝ հենց էդ մթնոլորտն էր ամեն օր ինձ էդ թանգարան բերողը, ու ես հիմա թանգարանային էս ամեն ինչին էսպես մակերեսորեն եմ անդրադառնում, որովհետեւ միանգամայն այլ բան էի ուզում պատմել, իսկ ինչ վերաբերում է Թումանյանի թանգարանի մեր էդ համընդհանուր հինգ տարիներին, դրանց մի օր շատ ավելի խորքանց ու մանրամասն կանդրադառնամ: Եթե, իհարկե, Աստված կամենա:

Ես ցուրտ ու մութ տարիներին դեպի Թումանյանի թանգարան իմ ամենօրյա ու հետիոտն ընթացքը վերհիշելով՝ հիշեցի նաեւ, որ ամենօրյա իմ էդ ճանապարհին՝ մինիստրության ու Հանրագիտարանի մայթին եւ էդ շենքերի միջեւ ընկած որեւիցե կետում համարյա ամեն օր նույն ժամին հիսունն անց մի մարդու էի հանդիպում, ու գրեթե ամեն օր իրար դեմ էինք դուրս գալիս, որովհետեւ ես ամեն օր նույն ժամին դեպի թանգարան էի բարձրանում, իսկ ինքը, ընդհակառակը, դեպի Խանջյան էր իջնում, եւ սովորաբար ու հիմնականում իրար հանդիպում եւ իրար դեմ էինք դուրս գալիս Սպենդիարյանի թանգարանի մոտերքում, ու էդ մարդը մշտապես անթրաշ էր, այսինքն՝ ինքն է՛ն մարդկանցից էր, որ մշտապես են անթրաշ լինում, ու չնայած սրանց թրաշը երբեւէ մորուքի չի վերածվում, այսինքն՝ ժամանակ առ ժամանակ թրաշվում է՛լ են, բայց սրանց թրաշված լինելը ոչ ոք չի տեսնում, ու էդ մարդն էլ, որին համարյա ամեն օր Նալբանդյան-Թումանյան խաչմերուկի մոտերքում տեսնում էի, էդպես անթրաշ ու թախծոտ՝ իմ կողմից Թումանյանի ձախ եւ իր կողմից աջ մայթով ամեն օր գրեթե նույն ժամին՝ ցերեկվա մեկից մեկն անց կեսի արանքներում քթի տակ դժգոհ փնթփնթալով, ինքն իր հետ վիճելով, ավելի ճիշտ՝ վիրտուալ ինչ-որ հակառակորդի հետ շարունակաբար վիճելով ու կռվելով՝ ամեն ինչից դժգոհ դեմքով ամեն օր դիմացս էր դուրս գալիս, ու ես էլ ամեն օր իրեն ընդառաջ գնալով՝ արդեն իր փնթփնթոցի ու կռվի մեջ կրկնվող անուններ էի նշմարում եւ արդեն, կարելի է ասել, մտած էի իր հոգեվիճակի մեջ, ու չնայած շատ էի ձգտում, բայց ոչ մի կերպ ինձ չէր հաջողվում իր ու իր էդ ամենօրյա հակամարտության մասին ավելին իմանալ, եւ օրեցօր ավելի ու ավելի էի ուզում իր էդ խոսքուկռվի բուն բովանդակությունն իմանալ, ու արդեն մտքումս հաստատ որոշել էի ծանոթանալ ամեն Աստծո օր դեմս բուսնող էդ անթրաշի հետ ու խոսակցություն բացելով՝ որեւէ կերպ պարզել, թե ո՞ւմ հետ է ամեն օր էդպես կատաղի կռվում ու վիճում՝ երբեմն ամենակոպիտ հայհոյանքներով ու ձայնը չափից ավելի բարձրացնելով, ու չնայած արդեն հաստատ էի մտադրվել հետը ծանոթանալ ու խոսակցություն բաց անել, բայց հատկապես էն օրերին, երբ հաստատ որոշած ու տրամադրված էի լինում հետը խոսակցություն բաց անել, թարսի պես էդ օրերին ինքն առանց իմ կողմ նայելու՝ կողքովս արագ-արագ անցնում էր, կամ էլ՝ իր երեւութական թշնամու հետ թունդ կռվի բռնված՝ ինձ վրա էր հառում ատելությամբ լեցուն իր աչքերը, եւ, ըստ երեւույթին, պատերազմի ու հաղթանակների էդ տարիները, որ բոլորս միահամուռ խավարի ու ցրտի տարիներ ենք անվանում, էդ անթրաշի վրա է՛լ էին խստագույնս անդրադարձել, ու էդ անթրաշն ամեն Աստծո ցերեկ Սպենդիարյանի թանգարանի մատույցներում շարունակ ինչ-որ մեկի դեմ ահավոր կռիվ մղում եւ իր էդ վիրտուալ թշնամուն էնպիսի հայհոյանքներ էր տալիս, որ դրանք հիմա ձեզ գրավոր ներկայացնելը չափազանց անհարմար է, եւ իր էդ կռիվն էնքան թեժ էր, որ ես ամեն օր որոշում ու ամեն օր որոշումիցս հետ կանգնելով՝ ռիսկ չէի անում իր կռիվն ընդհատել ու հարցս տալ, ու մտքիս մեջ շարունակ ձեւակերպվող ու վերաձեւակերպվող հարցս մոտավորապես հետեւյալն էր՝ «ո՞ւմ հետ եք էդպես թունդ վիճում ու կռվում», եւ երբ մի օր վերջապես ռիսկ արի ու փոխանակ իմ ձախով շարունակեի ճանապարհս՝ ուղիղ իր դեմ ցցվեցի ու ասացի՝ «կարելի՞ է ձեզ մի հարց տալ», ինքն իր կռիվն ընդհատելով ու ապշահար հայացքով ինձ նայելով ասաց՝ «նախ ե՛ս եմ ուզում ձեզ մի հարց տամ», եւ երբ ճարահատյալ ասացի՝ «տվեք», անթրաշը խորամանկ ժպտալով՝ հարցրեց ու ասաց. «Էս արդեն վեց ամսից ավել կըլնի՝ ամեն օր իրար դեմ ենք դուս գալի, ու ամեն օր տենում եմ, որ ինքդ քու հետ խոսում ու ինչ-որ մեկին շատ գեշ քֆրտում ես. ուզում եմ իմանամ՝ էդ ո՞ւմ հետ ես ամեն օր ըտենց թունդ կռիվ տալի, ախպե՛ր ջան»:

Ես ցնցվեցի ու ահագին ժամանակ ապշահար իրեն էի նայում, ու ինքն էլ ահագին ժամանակ տեղում մնացել ու ներողամտորեն լուռ էր, եւ երբ իրեն ասացի՝ «երեւի ինձ ինչ-որ մեկի հետ շփոթում եք», ինքն ինձ ներողամտորեն ժպտալով ասաց՝ «շատ հնարավոր ա», եւ երբ ասացի՝ «ո՛չ թե հնարավոր ա, այլ հաստատ շփոթել եք», ինքն ասաց՝ «կներես, ախպեր ջան. որ ըտենց ա՝ դո՛ւ քո հարցը տուր. ինչ-որ հարց էիր ուզում ինձ տաս», եւ ես շփոթված ասացի՝ «ոչ մի հարց չունեմ» ու իր ձախով շարունակեցի ճանապարհս եւ երբ Հանրագիտարանի մոտերքում շրջվեցի, տեսա՝ ինքն է՛լ է շրջվել ու իմ կողմ է նայում, ու ես շարունակեցի ճանապարհս եւ ճանապարհս դանդաղ գնալով՝ ռիսկ չէի անում որեւէ բան մտածել եւ երբ Թումանյան-Աբովյանի հատման կետում՝ Վրեժի գաստրոնոմի մոտ նկարիչ Մկրտչյան Կարոյին տեսա, ուղեղս վերստին սկսեց գործել, եւ առաջին միտքը՝ որ գլխումս ծագեց, հետեւյալն էր՝ «Կարոն ու ուրիշներն էլ ե՞ն ինձ-ինձ խոսելս ու ինձ-ինձ կռվելս տեսել, թե՞ անթրաշը բացառություն ա», ու երբ էս բանը մտածելով՝ մոտեցա Կարոյին, բարեւեցի ու հարցրի՝ «էս ո՞ւր», ասաց՝ «Արտակի հետ կինո «Մոսկվայի» մոտ ժամադրված եմ», եւ երբ հարցրի՝ «ո՞ր Արտակի», ասաց՝ «Վարդազարյան» ու ավելացրեց՝ «էսօր համ ի՛մ ծնունդն ա, համ էլ՝ իրա. որոշել ենք իրար հետ նշենք՝ մի բաժակ բան խմենք», եւ ես իրեն շնորհավորեցի ու ասացի՝ «վաղն էլ իմ ծնունդն ա», եւ ինքն ասաց՝ «վաղը համ էլ Սերվետի ծնունդն ա», եւ երբ իրեն ասացի՝ «չգնա՞նք Սերվետի արվեստանոցում չորսիս ծնունդները նշենք», Կարոն ասաց՝ «հիմի Արտակը կգա՝ կորոշենք», ու հենց էդ պահին հայտնվեց Վարդազարյան Արտակը, եւ, հիշում եմ, ես ու ինքը գրկախառնվեցինք, որովհետեւ ահագին ժամանակ իրար չէինք տեսել:

Մարտի քսանյոթն էր, բայց թվականը չեմ հիշում. ընդամենը հիշում եմ, որ պատերազմի տարիներից մեկնումեկն էր, եւ ես է՛ն շատերից մեկն էի, որ ռազմաճակատում գտնվելու փոխարեն՝ ահա ամենաթիկունքում էի, ու է՛ն քչերից էի, որ ամենաթիկունքում գտնվելուս համար հոգուս խորքում լավ էլ ամաչում էի, մանավանդ որ՝ էն ժամանակ դեռեւս չգիտեի, որ պատերազմը շուտով հաղթական ավարտվելու է, ու պատերազմի ժամանակ ճակատում չգտնվողներս պատերազմի բարեհաջող ավարտից հետո լավ էլ մուննաթ ենք գալու պատերազմի ժամանակ ռազմաճակատում գտնվողների վրա, ու էն ժամանակ չէի էլ կարող պատկերացնել, թե ընդամենը մի քանի տարի անց միայն զոհվածներին է հաջողվելու փրկվել չկռվածներիս համատարած մուննաթից, եւ քանի որ Արտակի ու Կարոյի ծննդյան էդ մարտի քսանյոթին ապագայից որեւէ տեղեկություն չունեի, հիշում եմ, Սերվետի արվեստանոցում էդ օրը համարյա չէի խոսում ո՛չ թե բնածին քչախոսությանս պատճառով, այլ է՛ն պարզ պատճառով, որ ոչ մի կերպ չէի կարողանում հարմարավետ տեղավորվել դասալիքի իմ կաշվի ու տարածքի մեջ, եւ դասալիքի իմ բաժին տարածքում շարունակ անհանգիստ էի եւ հայրենիքից ու ազնվությունից խոսելն է՛լ էի անհարմար համարում, եւ արվեստից ու գրականությունից խոսելն էլ հարմար չէր, որովհետեւ էդ տարիներին արվեստի ու գրականության մեջ էլ չկայի, այլ միայն՝ Թումանյանի թանգարանում, ու էդ թանգարանում էլ ընդամենն ընդմիջման ժամերին կայի, ու չնայած էդ թվականը ճշգրիտ չեմ հիշում, բայց հիշում եմ, որ Թումանյանի թանգարանի տնօրենի պաշտոնում լինելս ու մնալս է՛լ էր դասալքությանս հետ ուղղակիորեն կապված, որովհետեւ էդ պահի դրությամբ քառասունհինգս չէր լրացել, եւ քանի որ պատերազմ էր, մինչեւ քառասունհինգ տարեկաններս զինապարտ էինք, եւ Թումանյանի թանգարանի տնօրենի պաշտոնում գտնվելս, փաստորեն, օրինականացնում էր ռազմաճակատից բացակայելս ու թիկունքում անհեթեթ վիճակում գտնվելս, որովհետեւ, ըստ օրենքի, հիմնարկի տնօրեններին ճակատ տանելու իրավունք որեւէ մեկին չէր տրված, ու էդ առումով ինձ անհանգստացնող չկար, այսինքն, զինապարտ լինելով հանդերձ՝ զինապարտ չէի, ու զինապարտ չլինելս, փաստորեն, տնօրեն լինելուս շնորհիվ էր, ու երեւի հիմնականում էդ հանգամանքն էր պատճառը, որ ես էդ թվերին կառչած էի տնօրենի իմ աթոռից, որի վրա համարյա չէի էլ նստում, չնայած հնդկական ծագմամբ հարյուրամյա հազվագյուտ աթոռ էր, որը ֆոնդային իր էր ու ժամանակին Հովհաննես Թումանյանին էր նվիրվել իշխանուհի Մարիամ Թումանյանի ձեռամբ, ու հենց էդ հանգամանքն էր պատճառը, որ էդ աթոռը ո՛չ թե թանգարանի էքսպոզիցիայի ամենաերեւելի տեղերում էր դրված, այլ՝ թանգարանի տնօրենների տակ, որովհետեւ Ֆրիդայից, Վերժինեից ու ինձնից առաջ էդ թանգարանի տնօրենները Թումանյանի դուստրերն էին եղել եւ, բնականաբար, չէին ցանկացել, որ Իշխանուհու ու մեծ լոռեցու կապերի մասին մի ավելորդ անգամ վկայող էդ աթոռը հայտնվեր էքսպոզիցիայի ամենաերեւացող մասերում, ու իրենց էդ չցանկանալը միանգամայն հասկանալի ու միանգամայն բնական էր, ինչպես որ էսօր հասկանալի ու բնական է Սեւակի հարազատների վերաբերմունքը Սեւակի ու Սուլամիթայի առնչությունները քչփորած ու էդ կապերը վերջնականապես ջրի երես հանած Չարխչյան Հովիկի հանդեպ, չնայած, մյուս կողմից էլ, Հովիկի գրած էդ գիրքն է՛լ է միանգամայն բնական գոյություն թեկուզեւ է՛ն իմաստով, որ եթե Սեւակն ու Թումանյանը շատ ուզենային, իրենց էդ նախաամուսնական կամ արտաամուսնական կապերի մասին ո՛չ Չարխչյան Հովիկը կիմանար եւ ո՛չ էլ մահկանացուներիցս որեւէ մեկը, այսինքն, իրենք իրենց էդ կապերից որեւէ հետք չէին թողնի՝ ինչպես որ ե՛ս ամուսնությանս նախօրյակին բոլոր հետքերս ջնջեցի՝ աղբարկղը բերնեբերան լցնելով մինչամուսնական իմ սիրային նամակներով ու լուսանկարներով, ու էդ բանն արեցի միանգամայն անկաշկանդ ու մաքուր սրտով, եւ հիմա էդ արածս հիշելով՝ ո՛չ թե ուզում եմ բանաստեղծ լինելս հիշել ու հիշեցնել, այլ, ընդհակառակը, ուզում եմ շեշտել, որ ես էս առումով ավելի շուտ Թումանյանի ու Սեւակի հարազատների՛ կողմն եմ, քան՝ Թումանյանի ու Սեւակի, որովհետեւ ութսունյոթի գարնանն իմ մինչամուսնական բոլոր կապերի վկայություններն աղբարկղը լցնելով՝ միանգամայն հստակ գիտակցում ու հասկանում էի, որ միանգամայն նոր կյանք եմ սկսում եւ էդ միանգամայն նոր կյանքը միանգամայն նոր վիճակով ու զրոյից պիտի սկսեմ, եւ էդ զրոյից սկսելուս պահը մեկին մեկ համընկնում էր Մոսկվայի Գորկու ինստիտուտի ուսանողական ժամկետիս ու բոհեմական կյանքիս ավարտի հետ, եւ գարնանային ու չափազանց իմաստավոր մի իրիկուն, երբ Մոսկվայից վերջնական վերադարձել ու վերջնականապես որոշել էի միանգամայն նոր կյանք սկսել, Կինոյի տան մոտ հանդիպեցի Հավատացյալ Խորենին, որը, ինչպես միշտ, ներկայից կտրված ու հավերժության մեջ շողշողում էր, եւ երբ ինքն ինձ հարցրեց՝ «էս ո՞ւր էիր՝ չկայիր», ասացի՝ «էրկու տարի Մոսկվայում էի», եւ երբ հարցրեց՝ «էրկու տարի Մոսկվայում ի՞նչ էիր անում», ասացի՝ «սովորում էի», եւ երբ հարցրեց՝ «սովորո՞ւմ էիր, թե՞ ռուս աղջկերքի հետ էիր ֆռֆռում», ասացի՝ «էդ է՛լ ա պատահել», եւ երբ ասաց՝ «փաստորեն, մեղքերի մեջ ես», եւ երբ հարցրի՝ «աղջկերքի հետ ֆռֆռալը մե՞ծ մեղք ա», ինքը ժպտաց ու ասաց՝ «մեղքը մեղք ա. մեծ ու փոքր չկա», եւ երբ հարցրի՝ «բա ո՞նց էդ մեղքերս քավեմ», ինքը վերստին ժպտաց ու ասաց՝ «անհնարին բան չկա, Արմեն ջան» եւ ավելացրեց՝ «ուզո՞ւմ ես՝ Տիրոջից մեղքերիդ թողություն խնդրեմ», եւ երբ ասացի՝ «դու հո տերտեր չե՞ս, որ մեղքերիս թողություն խնդրես», ինքն ասաց՝ «տերտեր չեմ, բայց արդեն կարում եմ Տիրոջ հետ կոնտակտի մեջ մտնեմ, մենակ թե՝ պիտի մեղքերդ անկեղծ խոստովանես», եւ երբ ասացի՝ «ձեւը չգիտեմ. ոչ մի անգամ չեմ խոստովանել», ինքն ասաց՝ «ես ձեւը գիտեմ, ես կասեմ՝ դու կկրկնես», եւ երբ ասացի՝ «դու իմ մեղքերը չգիտես. ո՞նց կասես», ինքը ժպտաց ու ասաց՝ «մեղքը մեղք ա. ընդհանուր բառերով կասեմ», եւ երբ հարցրի՝ «ե՞րբ էդ գործն անենք», ինքն ասաց՝ «թեկուզ հենց հիմա», ու հենց էդ պահին մի քանի կաթիլ անձրեւ կաթաց, եւ երբ Հավատացյալ Խորենին ասացի՝ «ոնց որ անձրեւ ա ուզում գա», ինքն ասաց՝ «քանի անձրեւը չի ուժեղացել, պիտի մեղքերիդ թողություն խնդրենք, որովհետեւ հեչ պարզ չի՝ մեկ էլ երբ իրար կհանդիպենք», եւ մինչ էս բաներն էինք խոսում, արդեն թեթեւ մթնել էր, ու երբ նստեցինք Վերնիսաժի նստարաններից մեկին, անձրեւն ուժեղացավ, եւ Հավատացյալն ասաց՝ «էս անձրեւից որ չվախենանք ու հենց հիմի քեզ համար թողություն խնդրենք, երեւի ավելի ընդունելի լինի», ու էդ ասելով՝ ինքն ափերը միացրեց, նայեց վերեւ ու մրմնջալով սկսեց Աստծուն դիմել, եւ Աստծուն դիմելով՝ ահագին մրմնջաց, այնուհետեւ վերստին ինձ նայեց ու ասաց՝ «հիմա ինչ որ ասեմ՝ հետեւիցս բառ առ բառ կկրկնես», ու ես բառ առ բառ կրկնում էի գործածս մեղքերի մասին Հավատացյալ Խորենի ասածները, ու էդ ընթացքում անձրեւն է՛լ ավելի սաստկացավ, ու անձրեւի կաթիլներն սկսեցին չռռալ Հավատացյալ Խորենի դեմքն ի վար, ու էնպիսի տպավորություն էր, կարծես իմ մեղքերը մրմնջալով ու թվարկելով՝ Խորենը հեկեկում ու լաց էր լինում, եւ ես, իր ասածները մեկ առ մեկ ու բառ առ բառ կրկնելով եւ արդեն անձրեւին համակերպված, մեղքերս էի խոստովանում՝ ինչպես ուշիմ ու լսող երեխան է ծնողի առաջ իր արած չարությունները խոստովանում՝ առանց որեւէ մանրամասն ու էպիզոդ բաց թողնելու, ու չնայած Հավատացյալի ասածները բառ առ բառ կրկնելով՝ ինձանից բառ չէի ավելացնում, այդուհանդերձ, Խորենի ասածներն ու թվարկածները մեկին մեկ ի՛մ մեղքերն էին, ու չնայած իր թվարկածներն էդ պահին մեղքերի մի հսկա սար էին ներկայացնում՝ դողացնելով ու սարսափեցնելով էդ ողջ մեղքերն ու շեղումները կրողիս, բայց հիմա որ մտածում եմ՝ նոր եմ հասկանում, որ իմ էդ մեղքերն առանձնապես լուրջ մեղքեր չէին, ու եթե էդ ամենը մեղք համարենք, ուրեմն՝ էն ժամանակվա ու հիմիկվա ջահելությունը ոտից գլուխ մեղքերի մեջ է, այսինքն՝ ես երկու տարի Մոսկվայում ընդամենը սովորական ջահելական կյանք էի ապրել, ու մոսկովյան իմ էդ ջահելական կյանքն ընդամենը երեւանյանի համեմատ էր մեղսալի, եւ եթե Աստված կամենա, ու ես սկսեմ մոսկովյան իմ էդ երկու տարիներին անդրադառնալ, դրանում ինքներդ է՛լ կհամոզվեք, բայց առայժմ իմ էդ երկու տարիներին չեմ անդրադառնա, մանավանդ որ՝ էս առումով ինձ շտապեցնող չկա, ու Հակոբյան Տիկոն էլ էս պահի դրությամբ Թիֆլիսում է ապրում ու աշխատում, այսինքն՝ հնարավորություն ունեմ անշտապ ու միանգամայն մաքուր սրտով շարունակել եւ ավարտին հասցնել իմ ու Լիզայի էդ ընդամենը մեկ օրվա պատմությունը, բայց մինչ այդ պիտի հիշեմ ու ավելացնեմ, որ երբ Հավատացյալ Խորենի միջնորդությամբ ապաշխարեցի պրծա, եւ երբ Խորենն իր ճանապարհով դեպի կինո «Մոսկվայի» մոտի իր տուն շարժվեց, ես Մամիկոնյանի արձանի մոտով եկա մեր տուն, ու չնայած ահավոր տեղատարափ էր, առանձնապես չէի վազում, որովհետեւ ոտից գլուխ արդեն ջուր էի եւ ավելի թրջվելու տեղ արդեն չունեի, եւ երբ թրջված տուն մտա, մայրս ինձ տեսնելով՝ սարսափահար ճչաց՝ «էս վիճակդ ի՞նչ ա, ա՛յ տղա», եւ ես ասացի՝ «մեղավո՞ր եմ, որ սելավ ա», եւ ինքը հարցրեց ու ասաց՝ «մի տեղ մտնեիր՝ մինչեւ անձրեւը կտրվեր», եւ ես ասացի՝ «էս անձրեւը կտրվողը չի», եւ մայրս ասաց՝ «շուտ շորերդ փոխի, թե չէ՝ սաթրջան կկպնես», եւ երբ թաց շորերս հանեցի ու սրբիչով սրբվելուց հետո չորերը հագնելով՝ լողասենյակից դուրս եկա, մայրս ասաց՝ «էն աղջիկը զանգեց», եւ երբ հարցրի՝ «ի՞նչ աղջիկ», մայրս ասաց՝ «էն՝ որ որոշել ես հետը ամուսնանալ», եւ երբ ասացի՝ «ոչ մի բան էլ չեմ որոշել», մայրս ասաց՝ «մինչեւ ե՞րբ ես ըսենց չամուսնացած մնալու», եւ ես ասացի՝ «ում ցույց եմ տալի՝ անուն ես կպցնում», եւ մայրս ասաց՝ «էս վերջինը ոնց որ մյուսներից հաջող էր», եւ ես հարցրի՝ «ի՞նչ վերջին», եւ մայրս ասաց՝ «էս զանգողը՝ Մարինեն», եւ ես ասացի՝ «մեկնումեկի հետ կամուսնանամ», եւ մայրս ասաց՝ «հաստա՞տ», եւ ես ասացի՝ «հա. արդեն հաստատ եմ որոշել», եւ մայրս ասաց՝ «փառք Աստծո. էդ ե՞րբ որոշեցիր», եւ ես ասացի՝ «մի քիչ առաջ», եւ մայրս ծիծաղեց ու ասաց՝ «անձրեւի տակ էի՞ր որոշում», եւ ես ասացի՝ «հա» ու ընդամենը երկու ամիս անց իսկապես ամուսնացա, իսկ մինչ այդ ոտի վրա թոքաբորբ տարա, այսինքն՝ ապաշխարանքի ու խոստովանության էդ գործընթացն ինձ վրա ընդամենը մի թոքաբորբ նստեց, ավելի ճիշտ՝ երկու թոքաբորբ, եւ եթե ես իմը ոտի վրա տարա ու հետագայում միայն տեղեկացա, որ թոքաբորբ եմ տարել, ապա իմ ու իմ Աստծո միջնորդ Խորենն իր թոքաբորբն ահագին ծանր տարավ ու ահագին պառկեց, եւ երբ հիվանդատես գնացի ու խոսքի մեջ ասացի, որ իզուր էդ սելավի տակ ինձ խոստովանեցրեց, ինքն ինձ ժպտաց ու ասաց՝ «էդ գործը, Արմո ջան, զոհեր ա պահանջում», ու ես նույնպես ժպտալով ասացի՝ «բայց քո վրա ավելի թանկ նստեց, քան՝ իմ», եւ Խորենը քառասուն աստիճան տաքության մեջ շատ մեղմ ժպտաց ու ասաց՝ «էդպես էլ պիտի լիներ», ու էդ պահին ութսունյոթի գարունն էր, ու եթե էդ ամառ չամուսնանայի՝ հետո երեւի ընդհա՛նրապես չամուսնանայի, որովհետեւ ընդամենը մի քանի ամսից Շարժումն սկսվեց, եւ եթե մինչ էդ ամուսնացած չլինեի, հաստատ որեւէ կուսակցության կողմ կշեղվեի ու մինչեւ վերջ կխորանայի, որովհետեւ, հերոսական ու անձնազոհ անձնավորություն չլինելով, ես, այնուամենայնիվ, լճացած վիճակներին է՛լ երկար չեմ դիմանում, ու նաեւ էդ հատկությունս է պատճառը, որ հաճախակի եմ շեղվում էս վեպիս բուն ու հիմնական սյուժեից, եւ ահա բուն ու հիմնական սյուժեիցս շեղվելով՝ եկա ու հասա Շարժման օրերը ու էդ օրերից էլ առաջ անցա՝ ընդհուպ պատերազմի տարիներից մեկնումեկի մարտի քսանյոթը, եւ քանի որ հաջորդ օրն էլ իմ ու Սերվետի ծնունդն էր, չորսիս ծնունդները Սերվետի արվեստանոցում միացրինք, ու չնայած Կարոն պնդում էր էդ բանը չանել, բացատրելով, որ նախօրոք ու ժամանակից շուտ ծնունդ նշելը լավ բան չի, բայց, փաստորեն, նշեցինք, ու էսօրվա օրով ինքն ու Արտակն են մեր էս երկրային անցուդարձերից բացակա, ու էդ օրը մենք մինչեւ գիշերվա կեսը Սեւոյի արվեստանոցում էինք ու շարունակ չորսիս կենացներն էինք միացրած ու առանձին-առանձին խմում, ու հիմնականում իրենք էին խոսում, որովհետեւ իրենք խոսելու բան ունեին, ու, հիշում եմ, Կարոն նոր էր վերադարձել Էմիրաթներից ու էնտեղի իր ցուցահանդեսից էր պատմում, եւ էդ օրերին իր արվեստանոցը խանութ ու սրճարան դարձրած Սերվետը, հիշում եմ, ազատ ձեռներեցության կարեւորությունից էր խոսում, իսկ Արտակը, որ էդ օրերին Շամշադինի միլպետն էր, պատասխանատվության զգացումից էր խոսում՝ շարունակաբար մեզ հիշեցնելով, որ պետություն ենք կառուցում, ու ես էդ օրը Սեւոյի էդ սրճարան արվեստանոցում ձկան պես լուռ էի, ու լռությանս պատճառն էլ ո՛չ թե բնածին քչախոսությունս էր, այլ այն, որ ես ո՛չ Էմիրաթներում էի եղել, ո՛չ ազատ ձեռներեցությամբ եւ ո՛չ էլ պետության շինարարությամբ էի զբաղվել, այսինքն՝ էդ օրվա դրությամբ որեւէ ասելիք չունեի ու շարունակ էդ չորսիս ռազմաճակատից բացակայելու մասին էի մտմտում, որովհետեւ իննսունմեկին Ազատի ու Նավասարդյան Աշոտի հետ մարտի քսանութին իմ ու Աշոտի ծնունդները միացյալ նշել էինք, ու էդ պահի դրությամբ Ազատն ու Աշոտը Ղարաբաղում էին, ու էդ հանգամանքն ավելի՛ էր շեշտում դասալիք լինելս եւ անձամբ ի՛մ դասալիք լինելն էր շեշտում եւ ոչ թե՝ Արտակի, Սերվետի կամ Կարոյի, որովհետեւ Սերվետն ու Կարոն արդեն քառասունհինգն անց էին, այսինքն՝ արդեն զինապարտ չէին, իսկ Արտակն էլ, ինչպես արդեն ասացի, Շամշադինի միլպետն էր, այսինքն՝ ճակատից առանձնապես հեռու չէր ու սահմանի հենց բերնին էր իր միլպետությունն անում ու էդ օրն էլ, հիշում եմ, սահմանամերձ փոխհրաձգության զանազան դեպքեր էր հիշում ու պատմում, եւ Կարոն ու Սեւոն էլ իրե՛նց գործերի բարդություններից էին խոսում, եւ միայն ես էի լուռ ու բերնեբերան ամոթով լեցուն, որովհետեւ պարապությունս ու բուն կյանքից ահավոր բացակայությունս ամեն քայլափոխի հետապնդում էին ինձ, եւ պարապությունս ու բուն կյանքից մշտական բացակայությունս ավելի էին ահագնանում, երբ թանգարան էի մտնում եւ սկսում էի թանգարանի կնանիքի ու աղջկերքի հետ թանգարանային մեր ընդհանուր գործերից խոսել, բայց աչքիցս ամենաշատն ընկնում էի հատկապես է՛ն պահերին, երբ ամեն առավոտ սովորությանս համաձայն ինձ հարմարեցնում էի գրասեղանիս, որի վրա միեւնույն ճեփճերմակ ու դափդատարկ թուղթս էր, ու էդ թուղթս երկար ժամանակ էդպես դափդատարկ ու ճեփճերմակ էլ մնում էր, այսինքն՝ երեսս արդեն չէր բռնում, որ առաջվա պես շարունակեի ոտանավոր գրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել