Բայց արդյունքները դեռեւս չեն բավարարում
ՀՀ սպորտպետկոմի նախագահի տեղակալ Միքայել Իսպիրյանի գլխավորությամբ շարունակվում են «Մրցաշրջան-2006»-ում ըստ մարզաձեւերի Հայաստանի հավաքականների, մարզիկների մրցելույթների շուրջ նախնական լսումները:
Դրանք նվիրված են ֆեդերացիաների եւ հավաքականների նախապես կազմված ու հաստատված ծրագրերի կենսագործմանը: Ազատ ոճի ըմբշամարտին տրված նախնական գնահատականի մասին արդեն տեղեկացրել ենք: Դրան հաջորդեցին հունահռոմեական ոճի եւ աթլետիկայի քննարկումները: Խոսելով հունահռոմեական ըմբշամարտի մասին՝ պարոն Իսպիրյանը երեկ «Առավոտին» ասաց. «Նրանք իրենց առջեւ դրված խնդիրները գրեթե ամբողջությամբ կատարել են, բացառությամբ այն բանի, որ մեծահասակների աշխարհի առաջնությունում չեն կարողացել մեդալ նվաճել: Սակայն դա փոխհատուցվում է Եվրոպայի առաջնությունում Ռոման Ամոյանի եւ Կարեն Մնացականյանի երկու ոսկե մեդալներով: Ինչ վերաբերում է եկող տարի բացթողումները վերացնելուն, նրանք էլ, ինչպես ազատ ոճայինները, կանգնած են լինելու գլխավոր նպատակի՝ ամառային օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճելու խնդրի առջեւ, քանի որ աշխարհի առաջնությունն անցկացվելու է Բաքվում:
Աթլետների նախնական հաշվետվությունից հետո եզրակացությունն այն է, որ նրանք չեն կարողացել ուսումնամարզական հավաքներն ավելի բարձր մակարդակով ու պատասխանատվության զգացումով կազմակերպել, չնայած որոշակի տեղաշարժ կա:
Սակայն մասնագետները եւ ֆեդերացիան դրանք դեռեւս համաշխարհային մակարդակին հասցնելու գործում շատ անելիքներ ունեն: Ճիշտ է, երեք մարզիկներ իրենց մրցաձեւերում՝ 1000 մետր վազք, նիզականետում եւ եռացատկ, արդեն միջազգային կարգի արդյունքներ են ցույց տալիս, դառնում հաղթող ու մրցանակակիր եւ նրանց հետ որոշակի հույսեր կան կապված, բայց դա այլեւս չի բավարարում մեր պահանջները: Քննարկման ժամանակ այս առումով խոսվեց համապատասխան մարզաբազաների, գույքի բացակայության մասին, խնդիրներ, որոնք օբյեկտիվորեն խոչընդոտել են ավելիին հասնելուն: Սրանք խնդիրներ են, որոնց լուծման համար մասնագետների հետ լուրջ պետք է աշխատենք»:
Մեր հարցին, թե ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության մեկնարկից հունահռոմեական մեր երկու ըմբիշների ուշանալու, իսկ մեծահասակների աշխարհի առաջնությունում 120 կգ քաշային Յուրի Պատրիկեեւին մասնակցելու իրավունքից զրկելու առիթներով, երբ ըստ էության պետական բյուջեից հատկացված հազարավոր դոլարներ, փաստորեն, ջուրն ընկան, ֆեդերացիայի գործկոմի կայացրած մեղմ որոշումները բավարարո՞ւմ են սպորտի պետական կառույցի ղեկավարությանը, պարոն Իսպիրյանը պատասխանեց. «Որոշում կայացնելու, պատժաչափ սահմանելու իրավունքը ֆեդերացիայինն է: Բայց Սպորտպետկոմն այս լսումների ժամանակ ֆեդերացիային առաջարկեց վերանայել իր վճիռները, որոնց ավելի խորն ու հիմնավոր կանդրադառնանք բուն քննարկումների ժամանակ»: