Բաց նամակ ՀՀ կուսակցություններին, անկախ պատգամավորներին, քաղաքական գործիչներին
Այսօր բոլորդ հայտարարում եք արդար ընտրությունների անցկացման ցանկության մասին, սակայն ձեր քննարկումներից կարելի է տպավորություն ստանալ, որ Դուք արդյունավետ լուծումը չեք գտնում: Միգուցե չգիտեք նաեւ, թե ովքեր են անարդար ընտրության կազմակերպիչները եւ ինչպես են իրականացվում կեղծիքները: Միաժամանակ՝ կուսակցությունները եւ քաղաքական ուժերը այնպիսի կեցվածք են ընդունել, ըստ որի՝ ընտրությունների եւ ընտրական մեխանիզմների բարեփոխումների հարցում միակ շահագրգիռ ուժը քաղաքական կառույցներն են կամ Վենետիկյան հանձնաժողովը, իսկ Հայաստանի քաղաքացիները կամ, այսպես կոչված, ընտրողները գործիք են նրանց ցանկությունները կամ ծրագրերը իրականացնելու համար: Այլապես, ինչով բացատրել, որ այդ կարեւորագույն հարցի շուրջ չեն կազմակերպվում բաց ժողովրդական քննարկումներ: Այս ամենը վերաբերում է ինչպես իշխանամետ, այնպես էլ ընդդիմադիր կուսակցություններին եւ քաղաքական գործիչներին:
Շատ կուզենայինք հավատալ, որ դա այդպես չէ եւ որպեսզի համոզվենք դրանում, ինչպես նաեւ նկատի ունենալով, որ ընտրություններին ընտրողների մասնակցությունը գաղտնի չէ, դիմում ենք արդար ընտրությունների մասին մտածող բոլոր շահագրգիռ ուժերին. օրենսդրորեն ապահովել փաստացի մասնակցած ընտրողների ստորագրությամբ ցուցակների հրապարակայնությունը տեղամասային հանձնաժողովի կողմից՝ մեկ օրինակը ընտրությունների հաջորդ օրը փակցնելով ընտրական տեղամասերում՝ մինչեւ Հանրապետական կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումը եւ պաշտոնական հրապարակումը, ինչպես նաեւ այդ ցուցակի պատճենը վճարովի տրամադրելով ցանկացած վստահված անձի կամ դիտորդի՝ նրանց առաջին իսկ դիմումի դեպքում: Համոզված ենք, որ այդ մեխանիզմի կիրառման դեպքում անհրաժեշտ չի լինի ոչ ընտրողների մատները թանաքոտել, ոչ նկարահանել, ոչ էլ հանձնաժողովի անդամների ատեստավորում անցկացնել եւ այլն:
Այն հնարավորություն կտա առավելագուն չափով նվազեցնել լցոնումները եւ կապահովի յուրաքանչյուր քաղաքացու կողմից վերահսկման հնարավորությունը: Օրինակ՝ եթե որեւէ քաղաքացի սկզբունքորեն չի մասնակցել ընտրություններին կամ վստահ է, որ իր բարեկամը, հարեւանը տարբեր պատճառներով հաստատ չէին կարող մասնակցել ընտրություններին, ապա ընտրությունից հետո նա կարող է համոզվել՝ արդյոք ստորագրե՞լ են իր կամ իր իմացած անձի փոխարեն եւ քվեաթերթիկը գցել քվեատուփ: Առաջարկության իրականացումը չի պահանջում լրացուցիչ ծախսեր, կարող է ապահովել ընտրողների մասնակցության ցուցակների կեղծարարության առավելագույն նվազեցումը, կանխարգելման եւ վերահսկողության արդյունավետ մեխանիզմների իրականացումը: