Հարգենք այս տարվա սեպտեմբերին 12-ամյա դպրոց մուտք գործած հազարավոր 5-6 տարեկաններին, նրանց բնույթին ու մարմնին արագ համապատասխան դարձնենք գործող դպրոցը՝ միշտ հիշելով, որ շատ ավելի հեշտ է նոր դպրոց ստեղծել, քան եղածը փոխել:
12-ամյա միջնակարգ հանրակրթական դպրոցը մեզանում եւ՛ փաստ է, եւ՛ օրենք. ժամանակավրեպ է նրա դեմ պայքարը: Պարզապես պետք է այսօրվա երեխաների համար արդյունավետ դարձնել դպրոցը: Մեկ միասնական (10-ամյա թե 12-ամյա) ընդհանուր դպրոցի գոյությունը ես անարդյունավետ եմ համարել միշտ: 5-7 տարեկան 1-ին դասարանցին ու 17-18 տարեկան ավարտական դասարանցին երկու տարբեր մարդիկ են: Հարգանքը նրանց նկատմամբ, իսկ կրթության մեջ փոփոխությունները՝ հիմնված միայն սովորողի եւ ուսուցչի փոխադարձ հարգանքի վրա, պարտադրում են խիզախել եւ ստեղծել երկու ինքնուրույն դպրոց՝ կրտսեր ու ավագ տարիքի երեխաների համար առանձին: Ես պնդում եմ, որ կրթության փոփոխություններին թափ, ուղղվածություն եւ խորություն կարելի է հաղորդել, եթե ճիշտ ընտրվեն կրթական համակարգի կառուցվածքային նոր միավորների՝ ինքնուրույն կրտսեր եւ ավագ դպրոցների մոդելները:
Կրտսեր (տարրական), միջին (հիմնական) եւ ավագ դպրոցները մեզանում եղել են եւ կան անունով միայն՝ որպես 10-ամյա (12-ամյա) միասնական հանրակրթական դպրոցի աստիճաններ: Հանրապետության 1332 հանրակրթական դպրոցից այսօր միայն 12-ն է տարրական ինքնուրույն դպրոց, այն էլ հարկադրված՝ միշտ երազելով միջնակարգ, գոնե ութամյա դառնալու մասին: Հանրապետությունում գործում է ընդամենը 151 հիմնական դպրոց՝ նորից պայքարելով (երազելով) միջնակարգի կոչման համար եւ ընդամենը 30-ի չափ ավագ դպրոց՝ վարժարանի կամ արհեստագործական դպրոցի տեսքով: Այսպիսով՝ Հայաստանի կրթական համակարգի կառուցվածքային միավորը մեկ միասնական 10-ամյա միջնակարգ դպրոցն է: Մենք առաջարկում ենք 6-ամյա ուսուցմամբ ինքնուրույն կրտսեր դպրոցի եւ 6-ամյա ուսուցմամբ ինքնուրույն ավագ դպրոցի մոդելներ՝ մեկ ու միասնական 12-ամյա միջնակարգ դպրոցի ու միջնակարգ կրթության ծրագրի փոխարեն, երկու ինքնուրույն կրթական ծրագիր: Ինքնուրույն՝ որպես ուսումնական հաստատություններ եւ կրթական ծրագրեր՝ իրենց խնդիրներով, սովորողներով եւ ուսուցիչներով, կրթության բովանդակությամբ, ուսումնական գործի կազմակերպմամբ, ֆինանսավորման ու կառավարման կարգով, ուսուցողական նյութական միջավայրով (շենքով, ներքին ու արտաքին բակերով, սովորողներին հարմար ու համապատասխան կահույքով), ուսուցման միջոցներով։ Կրթության եւ գիտության նախարարության Երեւանի փորձարարական-հետազոտական միավորումում՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, պետական ֆինանսական աջակցությամբ իրագործվում են պետական այլընտրանքային մանկավարժության ինքնուրույն կրթական ծրագրերը՝ 6-ամյա կրտսեր դպրոցի եւ 6-ամյա ավագ դպրոցի մեր առաջարկած մոդելները: Սա ասում եմ ոչ որպես թերթային գովազդ:
Սովորական երեւանյան իրականության մեջ, տարիների մանկավարժական գիտափորձի արդյունքում ծնված նոր դպրոցները՝ 2-12 տարեկանների զարգացման դպրոց-պարտեզը, ազատ երեխայի իրագործման 6-ամյա ուսուցման կրտսեր դպրոցը, 13-18 տարեկանների մասնագիտական կողմնորոշման, մասնագիտական կրթության նախապատրաստման ու մասնագիտական ուսուցման ավագ դպրոցները՝ 6-ամյա ուսուցման վարժարանը եւ արհեստագործական դպրոցը, քառամյա ուսուցման գեղարվեստի վարժարանը ապացուցեցին իրենց կենսունակությունը եւ կարող են որպես մոդել-դպրոցներ արժեքներ ներկայացնել: Ահա ինչու կրթության եւ գիտության նախարարությունը նախաձեռնել է հրապարակային լսումներ, մեր՝ հեղինակային մանկավարժության հիշյալ ծրագրերը արժեւորելու նպատակով: Հայտնի հոգեբան Պիաժեն ժամանակին եւ հիմնավոր ապացուցեց, որ 6-12 տարեկանները զարգացման (ճանաչողության) առումով ներկայացնում են նույն կրթատարիքային՝ կոնկրետ գործողության փուլ, երբ երեխայի մտավոր գործընթացում հայտնվում են տրամաբանության եւ առարկաներն իրենց նմանությամբ կամ տարբերությամբ համակարգելու կարողության նախադրյալները: Նախագործողության կրթատարիքային փուլում (2-6 տարեկանում) երեխան սովորում է, թե ինչպես ճանաչել շրջապատը՝ արտաքին աշխարհի մասին ունեցած իր պատկերացումների կամ մտքերի միջոցով: Այս փուլը (2-6 տարեկանների մանկապարտեզ կամ նախակրթարան) կարող է գործել ինքնուրույն եւ առանձին, կարող է միաձուլվել (ինչպես մեր կրթահամալիրում) մեկ միասնական՝ 2-12 տարեկան երեխաների դպրոց-պարտեզի մեջ: Կրթությունը երկարատեւ շարունակական ընթացք է, որի հաջողությունը շատ բանով պայմանավորված է դրա համար անհրաժեշտ իմացումի «հավես», հաջողակի վստահություն եւ սովորողի հմտություններ փոխանցող բազային կրթությամբ: Ինքնուրույն կրտսեր դպրոցը սովորական եւ ազատ երեխայի (կրթություն բոլորի համար) բազային կրթության արդյունավետ՝ մատչելի, բաց-ժողովրդավարական եւ արդար, հիգիենիկ-անվտանգ հաստատություն է, որն ապահովում է երեխայի անօտարելի իրավունքների պաշտպանությունը: Բազային կրթության դպրոցը՝ որպես նոր հաստատություն, կարծում եմ, անհրաժեշտ կառույց է դպրոցը մարդկայնացնելու, կենդանացնելու ճանապարհին: Ինքնուրույն կրտսեր դպրոցը, ի դեպ, կա նոր Կրթակարգով՝ որպես քառամյա տարրական ուսուցման 1-4-րդ դասարանների եւ ինտեգրված ուսուցման 5-6-րդ դասարանների ուսուցման տրամաբանական (օրգանական) ծրագիր: Ով ծանոթ է Կրթակարգում ամրագրված հանրակրթության նոր հենքային ուսումնական պլանին, հեշտ կնկատի իմ ասածը, իսկ ինքնուրույն կրտսեր դպրոցի «մանկավարժական փիլիսոփայությանը» ես կանդրադառնամ առանձին հոդվածով: Կրտսեր դպրոցներն ավարտողները (իսկ կրտսեր դպրոցում պիտի սովորեն ու այն պիտի ավարտեն բոլորը) իրենց ազատ ընտրությամբ ուսուցումը կշարունակեն ինքնուրույն ավագ դպրոցների հանրապետական ցանցի օղակներից մեկում: Երեխայի բազային կրթության ինքնուրույն 6-ամյա ուսուցման կրտսեր դպրոցը կամ 2-12 տարեկանների դպրոց-պարտեզը՝ որպես երեխայի բազային կրթության արդյունավետ հաստատություն, հատկապես օգտակար կարող է լինել փոքր գյուղական համայնքներին: Մենք պատրաստ ենք գործուն աջակցել նախարարությանը մինչեւ 30-40 երեխայով որեւէ գյուղում բազային կրթության դպրոցի (դպրոց-պարտեզի) մոդելի ստեղծման հարցում: Երեխայի բազային կրթության ինքնուրույն կրտսեր դպրոցի (դպրոց-պարտեզի) գոյությունը օրակարգի խնդիր է դարձնում նրա ուսուցչի պատրաստման եւ վերապատրաստման բակալավրիատի իրագործումը:
Պիաժեն երեխայի զարգացման 4-րդ փուլը (սկսվում է 12 տարեկանից եւ շարունակվում մինչեւ հասունություն) կոչում է կանոնավոր գործողությունների ժամանակահատված: Այն բնութագրվում է մտածողության կանոնակարգմամբ եւ տրամաբանական մտածողության յուրացմամբ՝ առավել ճկուն դարձնելով մտավոր փորձարարությունը՝ տիրապետել վերացական մտքերի, առաջ քաշել վարկածներ, հասկանալ ուրիշների եւ սեփական գաղափարների իմաստը: Մենք մեր փորձով վստահ ենք, որ այս կրթատարիքային փուլը պիտի ունենա իր ինքնուրույն դպրոցը՝ որպես տարատեսակ ավագ դպրոց՝ 6-ամյա (7-12-րդ դասարաններ) կամ եռամյա (10-12-րդ դասարաններ):
Ավագ դպրոցի տարատեսակները թվարկված են Կրթակարգում եւ միայն կյանքում այդ ցանկը կճշտվի ու կամբողջանա: Մենք պատրաստ ենք գործուն աջակցել նախարարությանը՝ որեւէ մարզում գյուղական համայնքների երեխաների համար նրանց համապատասխան ավագ դպրոց ստեղծելու հարցում: Մասնագիտական ուսուցման կարգավիճակի շնորհումը ինքնուրույն ավագ դպրոցներին կարող է փրկել միջին մասնագիտական եւ արհեստագործական կրթության հաստատությունները (քոլեջները եւ ուսումնարանները)՝ դրանք վերածելով ինքնուրույն ավագ դպրոցների: Խոսքն իհարկե ֆինանսական (նյութական), տեխնիկական ու մանկավարժական նոր կազմակերպմամբ՝ ամբողջական ավագ դպրոցի մասին է:
Այո, ես առաջարկում եմ տարրալուծել միջին դպրոցի՝ հիմնական կրթության 5-8-րդ դասարանները ինքնուրույն կրտսեր եւ ավագ դպրոցների կազմում՝ ստեղծելով կրտսեր դպրոցի ավագ 5-րդ, 6-րդ դասարաններ: Պարտադիր դպրոցի 7-րդ, 8-րդ, 9-րդ դասարանները կարող են դառնալ 6-ամյա ինքնուրույն ավագ դպրոցի օրգանական աստիճանը (ավագ դպրոցի կրտսեր դասարաններ)՝ դեռահասի պարտադիր ուսուցման եւ ապագա (հնարավոր) մասնագիտական գործունեության միջեւ արդյունավետ կապեր հաստատելով: 7-րդ, 8-րդ, 9-րդ դասարանները՝ որպես կրթական ծրագիր, կարող են գործել առանձին եւ ձեւավորել ինքնուրույն պարտադիր հանրակրթական դպրոցը:
Կառուցվածքային այսպիսի փոփոխությունները հնարավոր կդարձնեն ավելի արդյունավետ օգտագործել եղած շենքերը, նյութական միջոցները՝ կրթական ծրագիրը անհատականացնել եւ երեխաների տարիքային առանձնահատկություններին համապատասխան՝ մանկապարտեզ չունեցող գյուղական համայնքներում, ունենալ փոքրաքանակ կրտսեր դպրոց-պարտեզներ, վատ օգտագործվող կիսադատարկ քաղաքային մանկապարտեզները՝ վերածելով մեր նկարագրած կրտսեր դպրոց-պարտեզի՝ հարմարավետ նյութական միջավայրով, քաղաքային մոնստր-դպրոցների դեմն առնել՝ ստիպելով քաղաքի կենտրոնի հայտնի դպրոցներին վերջապես կրթական ծրագիր իրականացնել, արդյունավետ դարձնել ավագ դպրոցը եւ արդիականացնել՝ ներառելով աշխատուժի շուկայի եւ մասնագիտական կրթության համակարգ, լրացուցիչ պատնեշել երեխայի մանկությունը (ազատ զարգացումը) ռեպետիտորական դպրոցից: