Լրահոս
Օրվա լրահոսը

Անհավասար պայմաններ բուհերի համար

Հոկտեմբեր 30,2006 00:00

Նախ որակյալ կրթություն, հետո՝ բիզնես

Բաց նամակ ՀՀ նախագահին, ՀՀ ԱԺ նախագահին, ՀՀ վարչապետին

Հայաստանի անկախացումից հետո պետական բուհերի հետ միասին, այլընտրանքային կրթություն իրականացնելու նպատակով, հանրապետությունում սկսեցին գործել մասնավոր բուհեր, որոնք հետագայում սնկի պես աճեցին՝ հատելով 130-ի սահմանագիծը: Սակայն հետագայում շատերը չդիմակայեցին ստեղծված մրցակցությանը եւ լուծարվեցին:

2000֊ից, կրթական գործունեությունն ամուր հիմքերի վրա դնելու նպատակով, Հայաստանում սկսվեց բուհերի պետական հավատարմագրման գործընթացը։ Այսօր հավատարմագրվածների ընդհանուր թիվը հասնում է 30-35-ի։

Այսպիսով, ներկա դրությամբ Հայաստանում բարձրագույն կրթություն է իրականացնում 90 բուհ (20 պետական եւ 70 ոչ պետական): Փոքր տարածք ունեցող մեր պետության համար մի քիչ շատ չէ՞ այդ թիվը: Իհարկե, շատ է: Եվ զարմանալի չէ, որ դա հանգեցնում է անցանկալի հետեւանքների. «ուսանող փախցնելու» մոլուցքով տարված որոշ գործարարներ սովորելու իրավունք են տալիս նաեւ ապաշնորհ երիտասարդների, որոնք տարիներ շարունակ իրենց գոյությունը քարշ են տալիս բուհերում, ապա ներկայանում մասնագիտական դիպլոմով, հաճախ էլ ղեկավար պաշտոններ զբաղեցնում: Դա առկա է թե պետական, թե ոչ պետական բուհերում:

Ասվածը լուրջ մտորումների տեղիք է տալիս: Իրականացվող կրթական գործունեության հպանցիկ վերլուծությունն անգամ հանգեցնում է տխուր մեկնաբանությունների: Օրինակ՝ ի սկզբանե սխալ, առնվազն նկատելի թերություններով է ընթացել բուհերի գործունեության թույլտվության (լիցենզիայի) գործընթացը: Բուհական կրթություն իրականացնելու կարեւորագույն պայմաններից մեկը, անշուշտ, սեփական շենքային բազայի առկայությունն է, մի պայման, որը հաճախ շրջանցվում է: Փաստ է, որ բուհերի մեծ մասը գործում է վարձակալած, կրթական գործունեության համար անհրաժեշտ պայմաններից զուրկ տարածքներում: Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտում, օրինակ, ծվարել են մի շարք հավատարմագրված բուհեր: Նկատենք, որ ուրիշի մասնաշենք զբաղեցնող խելոք գործարարն այնտեղ անհրաժեշտ կապիտալ ներդրումներ չի անի: Մինչդեռ, եթե բուհի հիմնադիրը սեփականության իրավունքով կառուցել կամ գնել է բուհի համապատասխան տիպային մասնաշենք, այն ստեղծելու վրա հսկայական ֆինանսական միջոցներ ներդրել, ապա նա պետք է դողա այդ տարածքի վրա, այն դարձնի շահութաբեր, ջանքեր թափի որակյալ կրթություն տալու համար: Սեփական ուսումնական մասնաշենք ունեցող գործարարը այն չի կարող օգտագործել այլ նպատակների համար, կշարունակի ներդրումներ կատարել, կստեղծի անհրաժեշտ կրթական ծրագրեր, ուսումնամեթոդական պարագաներ, գրականություն, որակյալ դասախոսական կազմ: Արդյունքում նա կունենա մեծ քանակով ուսանողներ, ուստի եւ կարող է մեծ շահույթ ակնկալել:

Բուհերի լիցենզավորման եւ հավատարմագրման գործընթացը թերի է նաեւ այն առումով, որ այդ կարգը չի տարածվել պետական բուհերի վրա: Հետեւաբար, ստացվում է, որ «Կրթության մասին» օրենքի համաձայն, այդ բուհերի շրջանավարտները պետական դիպլոմներ ստանալու իրավունք չունեն, բայց ստանում են:

Ի վերջո, հավատարմագրման գործընթացը ենթադրում է, որ պետական եւ հավատարմագրված ոչ պետական բուհերը պետք է դրվեն նույն հարթության վրա, մասնավորապես. ա/ զինվորական ծառայության տարկետման իրավունքից պետք է հավասարապես օգտվեն (կամ հավասարապես չօգտվեն) բոլոր ուսանողները, բ/ ընդունելության համար ՀՀ կառավարության նախատեսած պատվերը պետք է համամասնաբար բաշխվի 2 կարգի բուհերի վրա, գ/ բժշկական մասնագիտությունների գծով հետդիպլոմային մասնագիտացում (ինտերնատուրա, կլինօրդինատուրա) տալու իրավունքից պետք է հավասարապես օգտվեն (կամ հավասարապես չօգտվեն) բոլոր բժշկական բուհերը՝ պետական եւ ոչ պետական:

Կարծում ենք, որ նման մտահոգություններ ունեն հասարակության բոլոր խավերի ներկայացուցիչները: Չէ՞ որ բուհերի ուսանողները նրանց ընտանիքների անդամներն են: Ուրեմն ժամանակն է, որ կառավարությունը վերանայի բուհերի լիցենզավորման պայմանները: Առանց դրա հնարավոր չէ իրականացնել ազնիվ եւ արդար մրցակցություն, իսկ առանց մրցակցության չկա նաեւ զարգացում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել