Լրահոս
Օրվա լրահոսը

ՅՈԹ ՀՈԳՈՎ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ՏԱՍԸ ԵՐԳ ԵՆ ԵՐԳՈՒՄ

Հոկտեմբեր 30,2006 00:00

\"\"Կրթության եւ գիտության նախարարությունը վերջերս բոլոր մարզերից ստացել է ուսումնասիրությունների արդյունքներն այն մասին, թե ինչպես են 2006-2007 թթ. կոմպլեկտավորվել թերբեռնված դասարանները:

Այսինքն՝ եթե դպրոցը ֆինանսապես չի կարող համապատասխան դասաժամեր ու կադրեր տրամադրել այն դասարանին, որտեղ ընդամենը 4-5 (կամ պակաս) աշակերտ կա, հետեւաբար, միակ ելքը մնում է այն, որ ստեղծվեն բազմակոմպլեկտ դասարաններ. օրինակ, տարրական դասարանները միավորվում են իրար հետ, միջին դասարանները՝ իրար, ավագը՝ իրար հետ եւ այլն: Այդպիսով՝ մենք որոշ դպրոցներում ունենք նույնիսկ քառակոմպլեկտ դասարաններ: Օրինակ՝ Սյունիքի մարզի Տանձատափ գյուղի դպրոցի տարրական բոլոր դասարաններում միասին (1-3-րդ դասարաններ) կա 4 աշակերտ՝ 6 տարեկան, 6.5 տարեկան (կրտսեր եւ ավագ 1-ական առաջին դասարանցի) եւ 1-ական 2-րդ եւ 3-րդ դասարանցի: Եվ այս 4 աշակերտները դասերն անցկացնում են միասին: Սյունիքի մարզի դպրոցներում ընդհանուր առմամբ կա 67 քառակոմպլեկտ եւ 279 երկկոմպլեկտ դասարան:

Նույն մարզի Տաշտուն գյուղում էլ տարրական դպրոցից մեկ եռակոմպլեկտ դասարան է ձեւավորվել, որտեղ մի հոգի 6 տարեկան է, 1-ը՝ 7 տարեկան, 1 հոգի՝ 2-րդ դասարան եւ 3 հոգի՝ 3-րդ դասարան: Ընդհանրապես այս մարզում աշակերտների թվի առումով պատկերը խիստ տխուր է: Բարձրավան գյուղում, օրինակ, 1-3-րդ դասարաններում կա ընդամենը մեկ 2-րդ դասարանցի, 1-ին եւ 3-րդ դասարաններ պարզապես չկան: Միջին դպրոցում՝ 4-8-րդ դասարաններում, սովորում է 11 հոգի, իսկ ավագ դպրոցում՝ 14 հոգի: Այսինքն՝ ողջ դպրոցում սովորում է ընդամենը 26 երեխա: Վերոնշյալ մյուս գյուղերում էլ պատկերն առանձնապես չի տարբերվում: Սա խոսում է արագընթաց արտագաղթի ու ծնելիութ յան պակասի մասին: Եվ եթե այսպես շարունակվի՝ շատ գյուղերում պարզապես դպրոցները կփակվեն աշակերտ չլինելու պատճառով:

Բազմակոմպլեկտ դասարաններ, ցավոք, կան ոչ միայն սահմանամերձ ու բարձր լեռնային մարզերում: Կոտայքի մարզում, օրինակ, կա 6 քառակոմպլեկտ եւ 60 երկկոմպլեկտ դասարան: Արարատում՝ 24 երկկոմպլեկտ դասարան կա կրտսեր առաջին դասարաններում, 26 երկկոմպլեկտ՝ ավագ առաջինում: Առաջին դեպքում գերիշխում են 5.5-6 տարեկանները, 2-րդում՝ 6.5-7 տարեկանները։ Արմավիրում նույնպես մեծ է երկկոմպլեկտ 1-ինցիների թիվը՝ համապատասխանաբար 18 եւ 8:

Կոմպլեկտավորման առումով նորմալ վիճակ է միայն Երեւանում։ Իսկ Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռիի, Վայոց ձորի մարզերից տվյալներ ԿԳՆ-ն դեռեւս չունի։

Իսկ ինչ ծրագրերով են ուսուցիչները պարապում տարբեր դասարանների աշակերտների հետ միաժամանակ։ Բնականաբար, պետականորեն, քառակոմպլեկտ (եւ նույնիսկ երկկոմպլեկտ) դասարանների համար պետական համապատասխան ծրագրեր գոյություն չունեն: Եվ դասերն անցկացվում են ուսուցիչների սեփական մտահղացմամբ ու երեւակայությամբ: ԿԳ փոխնախարար Բագրատ Եսայանը խնդրին հոռետեսորեն չի վերաբերվում։ Նա նույնիսկ կարծում է, որ ավելի հեշտ է մի քանի հոգու հետ առանձին-առանձին տարբեր ծրագրերով պարապել, քան 30 հոգու հետ՝ միեւնույն ծրագրով: Ստացվում է, որ, ասենք, մինչ ուսուցիչն առաջին դասարանցուն տառ է սովորեցնում, մյուսները պետք է կարողանան կենտրոնանալ ու իրենց տրված հանձնարարությունը կատարել, կամ էլ՝ ձանձրույթով սպասել իրենց հերթին: Իսկ ուսուցիչն էլ պետք է գերբնական ուժ ունենա՝ 45 րոպեի ընթացքում 4 անգամ կտրվել մի ծրագրից եւ անցնել մյուսին: Էլ չենք խոսում ժամանակակից՝ թիմային եւ համագործակցային մեթոդների մասին, որոնք այդպես էլ չեն հասնի այս գյուղեր:

Փոխնախարարի կարծիքով, այստեղ զուտ մեթոդիկայի ճիշտ ընտրություն եւ կիրառում է պետք, որպեսզի մյուսներն անուշադրության չմատնվեն. «Ամբողջ աշխարհում կա այս խնդիրը՝ Ռուսաստանում, Կանադայում, զարգացած շատ երկրներում»: Միայն թե այնտեղ այդ դասարաններում պարապում են պրն Եսայանի նշած հատուկ մեթոդներով: Իսկ մեզ մոտ դեռեւս պլանների մեջ է մանկավարժական համալսարանում նմանատիպ մեթոդներով կադրերի պատրաստման խնդիրը կամ այդ նույն գյուղերի ուսուցիչների վերապատրաստումը՝ տարբեր տարիքային խմբերի հետ միաժամանակ աշխատելու ուղղությամբ։ Բ. Եսայանը որոշ գյուղերում աշակերտների պակասը բացատրում է ծնելիության անկմամբ եւ արտագաղթով, սակայն ոչ թե երկրի սահմաններից դուրս, այլ՝ գյուղերից դեպի քաղաք. «Խնդիր ունենք նաեւ այդ գյուղերի պահպանման ռազմավարական ծրագիրը զարգացնելու»:

Մենք փորձեցինք այս թեմայի շուրջ խոսել նաեւ Սյունիքի մարզպետարանի կրթության վարչության պետ Լյուդվիգ Հարությունյանի հետ: Նա մեզ ասաց, որ իր հաշվարկներով մարզում ընդհանրապես քառակոմպլեկտ դասարաններ չկան, կան միայն երկկոմպլեկտ դասարաններ, որոնք եղել են միշտ, նույնիսկ կոմունիստների ժամանակ: Փոխարենը մեր միջոցով հարց ուղղեց ԿԳ նախարարությանը. «Մեղք չի՞ Սյունիքի մարզը, որ այսքան քիչ թվով դասարաններ է պահում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել