Լրահոս
Օրվա լրահոսը

«Առանց պայմանների ի՞նչ եվրոպականացում»

Հոկտեմբեր 30,2006 00:00

\"\"Ասում են գյումրեցի մանկավարժները

Շիրակի մարզի մոտ 40 դպրոց, ինչպես արդեն տեղեկացրել ենք, չունի կրտսեր առաջին դասարան. պատճառը երեխաների «դեֆիցիտն է», ինչն զգալի է ինչպես Գյումրիում, այնպես էլ գյուղական համայնքներում:

Դպրոցի տնօրենների ու մանկավարժների կարծիքով, 12-ամյա կրթական համակարգին անցնելու, ասել է թե՝ եվրոպականացվելու համար դպրոցներում համապատասխան պայմաններ դեռ ստեղծված չեն: Օրինակ, մարզում կան լեռնային գյուղեր, որոնց խորհրդային տարիներից ժառանգած «անճոռնի» կառույցներում ձմռանը հավերժ «սկվազնյակ» է, դասասենյակները ոչ մի ձեւով չեն տաքանում: «Դե արի ու էդ փոքրիկներին բացատրի, որ վառարանները պաժառի բույն են, մոտ գնալ չի կարելի»,- մեզ հետ զրույցում ասում էին մանկավարժները՝ նկատի ունենալով կրտսեր առաջինցիներին: Իսկ ընդհանուր առմամբ դպրոցի տնօրենները «եվրոպացվելու» ջերմ կողմնակից են, եւ այդ հարցում ունեն իրենց ուրույն կարծիքը. «աշխարհից հետ մնալը հայերին ամոթ է»: Գյումրիի թիվ 10 դպրոցի տնօրեն Մարտին Փաշայանի կարծիքով, ինքը թեեւ երկու ձեռքով կողմնակից է դպրոցների եվրաինտեգրվելու գաղափարին, սակայն հայկական դպրոցներում այն կատարվեց հապշտապ, դասվարները համարյա թե չվերապատրաստվեցին, մեկամսյա դասընթացները բավարար չէին եւ այլն: Թիվ 17 միջնակարգ դպրոցի դաշնակցական տնօրեն Կարապետ Ներսիսյանի կարծիքով էլ. «Բոլորս էլ պատկերացնում ենք, թե Եվրոպայի կրթական համակարգից հետ մնալը ինչ ծանր հետեւանքներ կարող է ունենալ Հայաստանի վրա: Ո՞վ չգիտի, որ Եվրոպա ուսանող ուղարկելով գովազդում ենք մեր երկիրը, այսօր արտասահմանցիները Հայաստանի մասին գաղափար կազմում եմ միայն առանձին անձերի հետ շփվելով»: Իսկ Շիրակի դպրոցներն ունե՞ն համապատասխան նյութատեխնիկական բազա 12-ամյա համակարգին անցնելու համար: Ըստ Կարապետ Ներսիսյանի, նման հնարավորություններ ունեն միայն Գյումրիի հատուկենտ դպրոցներ: Այստեղ, ըստ նրա, անհրաժեշտ են ոչ թե հռետորական ելույթներ, այլեւ պետության հոգածությունը, ֆինանսական կոնկրետ միջոցներ, որպեսզի յուրաքանչյուր դպրոցում գոնե մեկ դասարան կահավորվի պահանջվող նորմերով, այլապես դպրոցը իր ուժերով ի վիճակի չէ պայմաններ ստեղծել: «Ի՞նչ վատ կլիներ, որ կրտսեր առաջին դասարանցիներն իրենց դասընթացներն անցկացնեին նախակրթարանում, այստեղ բոլոր պայմանները կան, դպրոցն էլ նրանց ապահովեր միայն մանկավարժով: Գոնե երկրորդ դասարան փոխադրվելուց հետո սաները տեղափոխվեին դպրոց, մինչ այդ էլ դպրոցը արդեն կունենար բոլոր պայմանները: Այս միջոցով, կարծում եմ՝ նախակրթարանները կփրկեինք կործանումից. այսօր դրանք քայքայվում են: Դուք գիտեք, որ մանկապատեզները գտնվում են տեղական բյուջեի ֆինանսավորման տակ, բյուջեն էլ աղքատիկ է, մի կերպ է հավաքագրվում ու դրանով մանկապարտեզ պահելը բարդ պրոցես է, գոնե շանս տան, որ նախակրթարանները իրենք իրենց պահեն՝ սաներից հավաքած վարձավճարներով: Նոր համակարգին անցնելիս ամեն մի նախակրթարան միանգամից 25-30 երեխա կորցրեց»,- ասում է Կարապետ Ներսիսյանը:

Շիրակի մարզպետարանի կրթության վարչության կրթության բաժնի պետ Վարդան Ասլանյանը հակառակ կարծիք ունի: Ըստ նրա, 12-ամյա կրթությունը լրացնում է մանկապարտեզների բացը, որովհետեւ Հայաստանում նախադպրոցական ցանցը լիարժեք չի գործում: Օրինակ՝ Շիրակի մարզում 3500 երեխա է հաճախում մանկապարտեզ, ընդ որում՝ մանկապարտեզներ կան միայն մարզի քաղաքներում՝ Գյումրիում, Արթիկում, իսկ Մարալիկում, գյուղական բնակավայրերում դրանց թիվը շատ քիչ է: Ինչպե՞ս է վերաբերվում պաշտոնյան այն քննադատություններին, թե մարզի դպրոցներն իրենց խղճուկ պայմաններով պատրաստ չեն փոքրիկներին հյուընկալելու: «Կարող եմ ասել, որ մարզի 167 դպրոցից ջեռուցման հետ կապված պրոբլեմներ կան միայն գյուղական 56 դպրոցում, որոնք դեռ հեղուկ վառելանյութի վառարանների հույսին են, սակայն անկախ այն հանգամանքից, թե աշակերտը 12-ամյա դպրոցի առաջին դասարանցի է, թե 10-րդ դասարանցի՝ բոլոր պայմանները ստեղծված են նրանց վտանգից հեռու պահելու համար: Իսկ կրտսեր դասարան պահելու համար, վստահեցնում եմ, այնպիսի առանձնահատուկ պայմաններ, ինչպիսին պատկերացնում են հասարակությունը կամ լրագրողները, ամենեւին էլ պետք չեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել