Լրահոս
Օրվա լրահոսը

«ԾԱՌԸ ՕՏԱՐ ՀՈՂՈՒՄ ՉՈՐԱՆՈՒՄ Է»

Հոկտեմբեր 30,2006 00:00

\"\"Ասում է Ռուսաստանի հայերի միության Մոսկվայի մասնաճյուղի աշխատակից Սեդրակ Պապիկյանը՝ խոսելով Մոսկվայում ապրող նոր սերնդի հայերի մասին:

– Պարոն Պապիկյան, Ձեր կառույցը նպատակ ունի հայապահպանության խնդիրն այստեղ ամուր հիմքերի վրա պահել: Որքանո՞վ է դա ստացվում: Կարծես թե այսօրվա սերունդը ձուլվելու ավելի մեծ հակում ունի, քան, օրինակ, Եղեռնից հետո աշխարհի տարբեր անկյուններ սփռված մեր նախնիները:

– Այո, դա ճիշտ է: Թեեւ այսօր Մոսկվայում շատ հանգիստ կարելի է դիտել հայաստանյան հեռուստատեսություն, լսել հայկական համերգ եւ այլ մշակութային հաղորդումներ, բայց, այո, այսօր ավելի հեշտությամբ են մարդիկ ձուլվում այլ ազգերին եւ դա ունի իր մեկնաբանությունը: Այն ժամանակ՝ կոնկրետ 1915-ից հետո, կարմիր եղեռն էր, մարդու հոգում մեծ ցավ կար, որ իրեն սպանում են, ուզում են վերացնել իր ազգային պատկանելության համար: Եվ այդ ցավը վրեժ էր առաջացնում՝ պահել իր ինքնուրույնությունը: Այսօրվա սերունդը խաղաղ պայմաններում, կամովին, հարկադրված է եղել լքել հայրենիքը, ինչը հեշտ բան չէ: Հեշտ չէ թողնել ծնողներին, ընտանիքը, հարազատներին: Եվ մարդն սկսում է ինքն իրեն արդարացնել իր սեփական խղճի առջեւ: Նա ներքին կռիվ ունի ինքն իր հետ: Իսկ արդարանալու ամենահեշտ եղանակը ուրիշներին մեղադրելն է: Ինքնաբերաբար մարդու մեջ առաջանում է թշնամություն, մեղադրանք դեպի գործող կարգերը, հետեւաբար՝ դեպի հայրենիքը, որում ստեղծված պայմաններն են իրեն տարել օտարություն: Ու մարդը մի տեսակ խռոված երկրից, ազգից, սկսում է չկարեւորել դրանց արժանիքները եւ այդ արժանիքների պահպանումը: Սերունդների այդ տարբերությունը հենց դրա մեջ եմ ես տեսնում, թե ինչ պայմաններում են հեռացել հայրենիքից:

– Իսկ կոնկրետ ի՞նչ քայլեր եք ձեռնարկում ազգայինը պահպանելու համար:

– Ցավոք, կա մի չգրված օրենք՝ ինչ էլ որ անես՝ ծառը օտար հողում միշտ չորանում է: Ամեն ինչ առաջին հերթին գալիս է ընտանիքից: Կան ընտանիքներ, որոնցում ամուր է դրված հայապահպանության խնդիրը, հայկական ավանդույթները բարձր մակարդակի վրա են: Նման ընտանիքներում հեշտ է պահպանել լեզուն ու մշակույթը, մեզ համար նույնպես հեշտ է նման ընտանիքների ու նրանց երեխաների հետ աշխատելը: Բայց կան ընտանիքներ, որտեղ հենց ծնողները մտածում են, որ հայոց լեզուն իրենց պետք չէ, նրանք խոսում են ռուսերեն, ապրում օտար վարք ու բարքով: Նման ընտանիքների հետ դժվար է աշխատել, այդ դեպքում մենք առաջին հերթին աշխատում ենք ծնողների հետ: Մենք ունենք ազգագրական երգի, պարի խումբ, հաճախ ենք կազմակերպում համերգներ, երեկոներ, նպատակ ունենալով մոսկվաբնակ հայ ընտանիքներին համախմբել եւ պահպանել նրանց մեջ սերը ազգայինի նկատմամբ: Կարեւոր է, որ երեխաների մեջ հպարտության զգացում առաջացնենք, հիշեցնենք մեր ազգային այն արժեքները, այն մեծությունները, որոնցով աշխարհն է հպարտանում՝ Ազնավուր, Խաչատրյան, Ջիգարխանյան, Առնո Բաբաջանյան, Ճարտարապետ Կարո Հալաբյան, ում կառույցներն այսօր դասվում են Մոսկվայի կարեւորագույն շինությունների շարքում: Երբ հայ երեխան այստեղ տեսնում է, որ ինքը հպարտանալու բան ունի, դառնում է ինքնավստահ, հպարտ եւ սիրում է իր ազգը: Երբ մեր միության նախագահն ազատեց ռուս ծովայիններին, հայ երեխան զգաց, որ ինքը մենակ չէ, որ իր մեջքն ամուր է իր հայրենակցի շնորհիվ: Իսկ երբ Մոսկվայի փողոցներում տեսնում է բարձրաձայն հայհոյանքներով խոսացող հայի, ամաչում է իր ազգային պատկանելությունից եւ թաքցնում է այն: Բացի այդ, Մոսկվան մեգապոլիս է, այստեղ մարդը մի այլ ռիթմի մեջ է ապրում, որը նրան ճնշում է: Այստեղի հայի վիճակը այնքան էլ նախանձելի չէ, պարզապես մարդիկ օրվա հացի խնդիր են լուծում: Եվ դժվար է այդ ռիթմի մեջ կարեւորն ու անկարեւորը տարանջատել:

– Բայց, երեւի թե, ի վերջո գալի՞ս է սթափվելու, զգոնանալու ժամանակը:

– Այո, գալիս է, բայց, ցավոք, շատ անգամ ուշացած է գալիս: Կոնկրետ մեր միությանը մարդիկ դիմում են այն ժամանակ, երբ խստագույնս վիրավորված է լինում իրենց ազգային եւ մարդկային արժանապատվությունը կամ ոտնահարված՝ իրավունքները: Մինչ այդ ոչ ոք չի մտածում ազգովի համախմբվելու, միասին լինելու, միության կողքին եւ միության մեջ լինելու մասին, ինչը ցավալի է: Դիմում են այն ժամանակ, երբ պաշտպանվելու խնդիր են ունենում: Այդ ժամանակ է արթնանում ազգայինի գաղափարը: Եվ մի ցավալի իրողություն եւս, երեխաների ծնողները մեզ դիմում են այն ժամանակ, երբ երեխան արդեն թմրանյութ է օգտագործում, երբ հայտնվել է վատ շրջապատում, երբ երեխան դարձել է անկառավարելի՝ ծնողի համար: Այսինքն, երբ ծնողը զգում է, որ կորցնում է երեխային, այն ժամանակ է միայն ուզում նրան վերադարձնել ազգային ակունքներին՝ եկեղեցուն, լեզվին եւ այլ արժեքներին: Բայց, ցավոք, արդեն շատ ուշ է լինում:

– Ուրեմն ելքը միայն Ձեզ հետ համագործակցե՞լն է:

– Միությունը ուժ է, մարդը մենակ չի կարող ուժեղ լինել: Ինչպես նաեւ մի մարդը չի կարող կազմակերպություն լինել: Կոչ եմ անում այստեղ եկող եւ արդեն այստեղ գտնվող բոլոր հայերին, գալ, միանալ մեզ, դա այդքան էլ դժվար չէ: Եվ համոզված եմ, որ մենք ավելի կուժեղանանք եւ կարող ենք ավելի շատ խնդիրներ լուծել մեզ համար եւ, որ ամենակարեւորն է՝ կապահովենք ազգապահպանության խնդիրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել