Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ դպրոցները քայքայվում են

Հոկտեմբեր 30,2006 00:00

\"\"Սադախլոյի շուկայի փակումը նպաստել է արտագաղթին

Տավուշի մարզի սահմանամերձ Բագրատաշեն գյուղն ունի երկու դպրոց, մեկը՝ ութամյա, իսկ մյուսը՝ միջնակարգ: Երկու դպրոցներն էլ չունեն տարրական կոմունալ հարմարություններ, անհրաժեշտ գույքը հեռու է բավարար լինելուց, բացակայում են կրթական գործը հավուր պատշաճի կազմակերպելու համար անհրաժեշտ պայմանները:

Բագրատաշենի թիվ 2 ութամյա դպրոցի տնօրեն Արկադի Մակյանի ներկայացմամբ՝ իրենց դպրոցը նաեւ բավարար գույք եւ լաբորատոր սարքավորումներ չունի, ինչ էլ կա՝ հին է ու ոչ արդիական: Հատկապես շենքը կարիք ունի հիմնանորոգման, հակառակ դեպքում՝ շուտով փուլ կգա: «Տանիքը ջրհորդան չունի, եւ հորդառատ անձրեւները լցվում են պատերի մեջ ու խոնավացնում շենքը: Կարելի է ասել՝ դաս ենք անում գերխոնավ սենյակներում: Ամեն տարի ասում են կնորոգենք, բայց գումար չեն տալիս»,- դժգոհեց տնօրենը:

Իսկ թիվ 1 միջնակարգ դպրոցն ուսումնական գործընթացը կազմակերպում է մասնատված, կիսախարխուլ մի քանի շենքերում: Այնտեղ անգամ նորմալ աթոռ ու սեղան չկա: Սակայն դպրոցի տնօրեն Ռազմիկ Եսայանը տեղեկացրեց, որ արդեն ունեն նորակառույց դպրոց՝ բոլոր հարմարություններով, բայց վարանում են տեղափոխվել, քանի որ գույք չունեն: «Մեր տեղեկություններով, մարզպետարանը սեղանների եւ աշակերտական նստարանների համար գումար ստացել է, բայց դեռ գույքը տեղ չի հասնում եւ ստույգ չենք կարող ասել՝ ե՞րբ կբերեն»,- ասաց պարոն Եսայանը:

Ճիշտ է, տնօրեններն ու ուսուցիչները չդժգոհեցին աշակերտների ուսման որակից, բայց մի բան փաստ է, որ դպրոցներն աչքի չեն ընկնում բուհերին ուսանող տալու առատությամբ. ըստ տնօրենի՝ շրջանավարտների ընդամենը 10-15%-ն է ընդունվում բուհ:

Ուսուցիչները նաեւ դժգոհում էին դպրոցներում իրականացված օպտիմալացումից: Նրանց ասելով, դասարանների խոշորացումը հարված էր ե՛ւ աշակերտներին, ե՛ւ ուսուցիչներին: Ուսուցիչները, որ սովոր էին մի քանի երեխայով դաս պարապել, չեն կարողանում հարմարվել դպրոցների օրինակելի կանոնադրության հետ, որի համաձայն սահմանված է դասարանների ձեւավորման հստակ ձեւ՝ ըստ աշակերտների թվի: Դասվար Գոհար Մաթեւոսյանի խոսքերով՝ «30-33 աշակերտից բաղկացած դասարաններում կան տարբեր մակարդակի երեխաներ՝ թույլեր եւ ուժեղներ: Մեր լարված աշխատանքի արդյունքում չենք ստանում այն, ինչ ուզում ենք: Սա բարեփոխում չէ, այլ կրթության խաթարում»:

Որքան էլ զարմանալի է, ի տարբերություն մյուս սահմանամերձ գյուղերի, այս դպրոցները մասնագետների պակաս գրեթե չունեն: Միայն թիվ 2 դպրոցն է, որ չունի աշխարհագրության եւ ռուսաց լեզվի մասնագետներ, ինչի պակասը, ըստ տնօրեն Մակյանի, լրացնում են մանկավարժական ու մասնագիտական լուրջ փորձ ունեցող այլ ուսուցիչներ:

Պարզվում է՝ Սադախլոյի շուկայի փակումը բացասական է ազդել նաեւ դպրոցի վրա: Շատ ծնողներ, կորցնելով իրենց եկամտի միակ աղբյուրը, բռնում են արտագաղթի ճամփան: Նրանք հիմնականում մեկնում են Ռուսաստան, պատահում է նաեւ՝ Վրաստան: Այս գործընթացը, ըստ ուսուցիչների, գնալով մեծ թափ է ստանում: Ուսուցիչներից մեկն ասաց, որ 15 աշակերտից բաղկացած դասարանում, շուկայի փակվելուց հետո, մնացել է 8 աշակերտ: Ինչի արդյունքում դպրոցը ֆինանսների պակասից էլ ավելի կքայքայվի:

Բագրատաշենի թիվ 2 ութամյա դպրոցի տնօրեն Արկադի Մակյանը մի օրինակ բերեց. «Եթե մյուս տարիներին մինչեւ սեպտեմբերի վերջ դասագրքերի համար պահանջվող գումարներն ամբողջությամբ հավաքագրվում էին, ապա այս տարի հավաքվել է միայն 20%-ը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել