Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՈԼԻՏԵԽՆԻԿՈՒՄ ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆՆԵՐ ՉԿԱՆ

Հոկտեմբեր 30,2006 00:00

\"\"Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ռեկտորի ընտրություններին հետեւել են կադրային փոփոխությունները:

Համալսարանի նորընտիր ռեկտոր, ՀՅԴ անդամ Ոստանիկ Մարուխյանը պրոռեկտորների փոփոխության ժամանակ «անառիկ է թողել» այդ պաշտոններում զբաղեցնրղ հարազատ կուսակից 2 ընկերների՝ Սուրեն Աղբալյանին եւ Լաերտ Հովհաննիսյանին: Վերջինս պահպանել է իրեն վստահված ֆինանսների, սոցիալական եւ ուսանողական գծով պրոռեկտորի պաշտոնը: Ուսումնական գծով պրոռեկտոր Սուրեն Աղբալյանը տեղափոխվել է գիտական աշխատանքների գծով պրոռեկտորի պաշտոնին (փոխարինելով պռոռեկտոր Հարություն Թերզյանին), նրա փոխարեն ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր է նշանակվել Գագիկ Թորոսյանը: Քանի որ պարոն Մարուխյանը, իր խոսքով ասած, օգտվել էր համալսարանի կադրային բազայի բոլոր հնարավորություններից, մեր զրույցի ժամանակ ամենայն մանրամասնությամբ ներկայացրեց Գ. Թորոսյանի անցած գիտական եւ մասնագիտական ուղին՝ ընդգծելով. «միջազգային ասպարեզում բավականին հայտնի անձնավորություն»: Իսկ ի պատասխան մեր այն դիտարկմանը, որ Գ. Թորոսյանը մեր հասարակությանը հայտնի է որպես նախկին Գերագույն խորհրդի պատգամավոր Ռուբեն Թորոսյանի եղբայր, պարոն Մարուխյանը բացառեց Ռուբեն Թորոսյանի դերակատարությունը եղբոր՝ Գագիկ Թորոսյանի նշանակման գործում: «Ռուբեն Թորոսյանի հետ ես ունեմ ամենալավ փոխհարաբերությունները՝ անկախ որեւէ հանգամանքից (՞): Ճիշտն ասած, Գագիկ Թորոսյանը պետք է նեղանար, եթե իրեն նշանակած լինեին նրա համար, որ ինքը Ռուբեն Թորոսյանի եղբայրն է,- ժպիտով հավելեց պարոն Մարուխյանը:- Ես գնահատել եմ մարդու գիտական վաստակը, ոչ թե որեւէ մեկի եղբայրը լինելու հանգամանքը»:

Նախկին ռեկտորի գործունեության ընթացքում գոյություն ունեցող տարբեր ուղղությունները համակարգող 5 պրոռեկտորների պաշտոնին ավելացել է եւս մեկը՝ վերականգնվել է ուսումնամեթոդական աշխատանքների եւ մասնաճյուղերի գծով պրոռեկտորի պաշտոնը, որը վարում է մեքենագիտության եւ մեխանիկայի դեպարտամենտի վարիչ Միքայել Հարությունյանը: Պրոռեկտորների նշանակման գործընթացում կատարվել է նաեւ գործառույթների որոշակի վերաբաշխում՝ ստեղծվել է միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների գծով պրոռեկտորի պաշտոնը, որը զբաղեցնում է ուսումնական գծով նախկին պրոռեկտոր Ռուբեն Աղգաշյանը:

Կադրային մյուս փոփոխությունը, պարոն Մարուխյանի գնահատմամբ, համալսարանի համար ձեռքբերում է. տնտեսական գծով պրոռեկտորի պաշտոնում նշանակվել է Արտաշես Խաչատուրի Նազարեթյանը (փոխարինելով նախկին պրոռեկտոր Խաչիկ Խաչատրյանին): «Ազգանունը եւ հայրանունը, կարծում եմ, արդեն որոշ բան ասաց, հայտնի դերասան Խաչիկ Նազարեթյանի որդին է: Կադրային բազան երբ նայեցի, ինձ պետք էր մարդ, որը արտադրատեխնիկական որոշակի փորձառություն ունենար՝ սկսել է հերթափոխի պետից, …մեզ մոտ տեղափոխվել է 2003 թվականից: Նրան այս պաշտոնում նշանակելուց հետո սխալված չեմ լինի ասել, որ էական բարելավում է գնացել այս ոլորտում»,- սա համալսարանի ռեկտորի գնահատականն է իր իսկ նշանակած կադրերի վերաբերյալ: Իսկ համալսարանի մեր աղբյուրների հավաստմամբ՝ պարոն Նազարեթյանը համալսարանի հաստիքային աշխատող չի եղել, նա այս համալսարանում ընդամենը ժամավճարային աշխատանք է վարել: Ինչ վերաբերում է «էական բարելավմանը», նույն աղբյուրների համաձայն, պրն Նազարեթյանը դեռեւս չի պատկերացնում նույնիսկ իր կարգավորման առարկան եւ ցանկացած աշխատանք կատարելիս դիմում է ենթակաների օգնությանը:

Մեր այն դիտարկմանը, թե ինչու են հատկապես ոչ դաշնակցական պրոռեկտորները ազատվել պաշտոնից, պրն Մարուխյանն ասաց. «Նորանշանակ պրոռեկտորներից որեւէ մեկը կուսակցական չէ, ես հարյուր տոկոսով վստահեցնում եմ, եւ ամենակարեւորը՝ ես որդեգրած ունեմ իմ քաղաքականությունը, որը բարձրաձայնել եմ բոլոր մակարդակների վրա եւ հավատարիմ եմ մնում դրան՝ համալսարանում որեւէ մեկի կադրային տեղաշարժը եւ ընտրությունը չի արվում կուսակցական հանգամանքով: Մարուխյանն իր ընտրությունը կատարում է միայն այն սկզբունքով, թե այս մարդը ունի՞ հնարավորություն ղեկավարելու այդ ոլորտը: Եթե որեւէ մեկը կգտնվի ու կասի, թե ես այլ տեսանկյունից եմ մոտեցել ցանկացած մարդու ծառայողական առաջընթացին, ապա, մեղմ ասած, կմեղանչի ճշմարտության առաջ: Ուզում է լինի կոմունիստ, ուզում է լինի ՀՀՇ-ական, ռամկավար, թե դաշնակցական՝ եթե այդ մարդը այդ պահին այդ տեղում անհրաժեշտ է, ես խնդիր չունեմ»: Այդ դեպքում արդյո՞ք պարոն Մարուխյանը խնդիր չի ունենա հարազատ կուսակցության հետ. չէ՞ որ, գիտենք, եթե հանկարծ ՀՅԴ-ն որոշի՝ Գեղամ Մանուկյանը լողի չեմպիոն կդառնա: Նույն կերպ էլ կուսակցությունը կարող է պրն Մարուխյանին հանձնարարություններ տալ: Բացի այդ, մեր աղբյուրների համաձայն, նշանակված պրոռեկտորների շարքում չբացահայտված դաշնակցականներ կան: «Իմ կատարած նշանակումներից ոչ մեկը չբացահայտված դաշնակցական չէ»,- վստահեցրեց պարոն Մարուխյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել