Լրահոս
Օրվա լրահոսը

Մտածողությունը՝ ափսեի մեջ

Հոկտեմբեր 30,2006 00:00

Երեկ Չարենցի տուն-թանգարանում հեղինակային ափսեների իր հավաքածուն ցուցադրեց ճանաչված մտավորական, գրող Ռուբեն Անգալադյանը:

Արվեստագետն «Առավոտին» տեղեկացրեց, որ ցուցադրվում է 50 ստեղծագործություն: Մտահղացումը ծնվել է այն ծամանակ, երբ նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանն առաջին անգամ իրեն նկարազարդ ափսե է նվիրել: «Այս արվեստաձեւը պատմական, գեղարվեստական խնդիր է լուծում»,- ասաց նա:

Ըստ Ռ. Անգալադյանի, հեղինակային իրենց գործերում ամենապայծառ ափսեներն են ներկայացրել տարեց նկարիչներից Էդգար Արծրունյանցն ու Քնարիկ Հովհաննիսյանը: Իրենց ափսեներն էին ներկայացրել Ռ. Էլիբեկյանը, Ս. Խարազյանը, Մ. Դիլանյանը, Ա. Գրիգորյանը, Արա Շիրազը, Քիքին, Միրա Խոն, Կ. Նիգարյանը, Ռ. Աջիկյանն ու այլք:

Ցուցահանդեսին ներկա ՀՀ առաջին տիկին Բելլա Քոչարյանը հիացած ասում էր, «Գեղեցիկ է, շատ է գեղեցիկ»: Ապա ցանկություն հայտնեց տարբեր ազգությունների նկարիչների նմանատիպ ցուցահանդեսին իր հավաքածուից էլ ցուցադրել, «Այդքան շատ չէ, բայց կարող եմ»,- ասաց նա:

Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանն էլ նկատեց, որ թերեւս առաջին անգամ է նկարազարդ ափսեների ցուցադրություն կազմակերպվում: Դիմելով ներկա արվեստագետներին, նա պատրաստակամություն հայտնեց բարեգործական ցուցահանդես-վաճառք կազմակերպել:

Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը հայտնեց, որ նկարիչները կարիք ունեն այսպիսի վերաբերմունքի: Նա հավելեց. «Շնորհիվ այս ցուցահանդեսի՝ սկիզբ է դրվում մոռացված ավանդույթի՝ ափսեների նկարազարդման մշակույթին»:

Ռ. Անգալադյանը «Առավոտին» ասաց, որ մտադիր է ցուցադրել իր ռուսական հախճապակե հավաքածուն նույնպես:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել