Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԱՉԱՏՐՅԱՆԸ՝ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոկտեմբեր 30,2006 00:00

Սակայն կառավարությունը օրհներգի «ընդունում-հաստատումը» դանդաղեցնում է

Ինչպես տեղեկացրել էինք, հոկտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ օրհներգի մասին» նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ։ Կառավարությունն անընդունելի է համարել ՀՀ օրհներգի տեքստի եւ երաժշտության մրցութային հանձնաժողովի որոշման հիման վրա ընտրված՝ երաժշտությունն առանց տեքստի ընդունելը: Որոշվել է «ՀՀ օրհներգի մասին» օրինագիծն ընդունել անցումային դրույթով, ըստ որի՝ Հայաստանի գործող օրհներգը ուժի մեջ է մեկ տարի ժամկետով՝ մինչեւ նոր օրհներգի երաժշտությունը եւ տեքստը նոր օրենքով սահմանելը:

«Առավոտը» ներկայացրել էր ԱԺ պատգամավորների խոսքը՝ մրցույթով անցած խաչատրյանական երաժշտության վերաբերյալ: Տեղին ենք գտնում ներկայացնել նաեւ մասնագետների՝ հայ անվանի մտավորականների խոսքը Ա. Խաչատրյանի երաժշտության եւ, ընդհանրապես, ՀՀ նոր օրհներգի մասին: Որքան էլ քաղաքականացված կամ քաղաքական, այնուամենայնիվ, երկրի օրհներգը նաեւ մշակութային արժեք է:

Անվանի արվեստագետների խոսքը ներկայացնում ենք առանց սրբագրման:

Գոհար Գասպարյան, օպերային երգչուհի- Օրհներգը պետք է լինի պարզ, ժողովրդին մատչելի, նրա սրտից բխող, միեւնույն ժամանակ՝ բարձր արվեստ, եւ ամենակարեւորը՝ այն պետք է ընտրի ժողովուրդը, ոչ թե իշխանության այս կամ այն թեւը ներկայացնող պաշտոնյաներ կամ դրանց նման մի բան:

Վահե Շահվերդյան, ռեժիսոր- Ես մրցութային հանձնաժողով ներկայացված մյուս օրհներգերին ծանոթ չեմ, բայց միանշանակ կարող եմ ասել, որ Խաչատրյանը մնում է Խաչատրյան:

Էդվարդ Թադեւոսյան, «Կոմիտաս» քառյակի ղեկավար- Չեմ գտնում, որ նոր հիմն ունենալը ամենակարեւոր խնդիրն է մեր օրերում: Բայց, կարծում եմ, ժամանակին Խաչատրյանի երաժշտության համար գրված Սարմենի խոսքերը, որն է՝ «Փառք քեզ, միշտ փառք, Սովետական Հայաստան», կարելի է վերափոխել հետեւյալ կերպ՝ «Փառք քեզ, միշտ փառք, ազատ անկախ Հայաստան»: Ի վերջո, Սարմենի տեքստից բխում է մեր երկրի պատմությունը եւ նրա փառքը գովերգող մտքեր: Մի խոսքով, կարծում եմ, Սարմենի տեքստը հնարավոր է ենթարկել փոփոխությունների:

Լեւոն Մալխասյան, ջազմեն- Մեր օրհներգը կարելի էր փոխել եւ կարող էր մնալ նույնը։ Վստահ եմ մի բանում, որ երկրի հիմնը բոլորս պարտավոր ենք սիրել, հարգել, ընդունել:

Վարդուհի Վարդերեսյան, դերասանուհի- Անկախ որեւէ նախապաշարումից, հասկանում եմ, որ Խաչատրյանի երաժշտությունը հիշեցնում է խորհրդային տարիները, բայց կանցնի մի սերունդ եւս, եւ այնժամ կհնչի խաչատրյանական հոյակերտ երաժշտությունը։ Ինչ խոսք, Խաչատրյանը եղել եւ մնում է անգերազանցելի։

Երվանդ Ղազանչյան, ռեժիսոր- Մինչ օրս չեմ կարողանում ուրախությունս, հիացմունքս զսպել, երբ հայտարարեցին, որ օրհներգերի մրցույթում հաղթել է Խաչատրյանի երաժշտությունը։ Հիմա մնում է, որ դրան համահունչ տեքստ լինի:

Հովհաննես Չեքիջյան, խմբավար- Ձեզ իմ կարծիքը չեմ հայտնի, որովհետեւ ընդամենը մեկ ստորակետ դնելով հետուառաջ՝ կաղավաղեք միտքս:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել