Լրահոս
Օրվա լրահոսը

Բանկի կեղծ աշխատակիցը խաբել է տնօրենին

Հոկտեմբեր 30,2006 00:00

\"\"Աճուրդն անվավեր չի ճանաչվել

«Դավիթ 1- ֆիրմա» ՍՊԸ տնօրեն Կոլյա Հովակիմյանը վարկ ստանալու նպատակով դիմել է «Մելլաթբանկ» ՓԲԸ: Բանկի մեկ այլ աշխատակցի երաշխավորությամբ որպես «վստահված անձ» հանդես եկած Տիգրան Թերզյանը խոստանում է օգնել Հովակիմյանին: Վերջինս, որ զբաղվում էր ՌԴ ուղարկվող կոշիկի եւ բանվորական արտահագուստի արտադրությամբ, հայտնում է իր մտադրության մասին. արտադրական նպատակներով գնել Երեւանի Պ. Տիչինայի փողոցի 3-րդ նրբանցքի 2/3 հասցեում գտնվող չգործող մանկապարտեզի 1698,8 քմ տարածքը: Թերզյանը պարտավորագիրը առաջարկում է ձեւակերպել իր անունով, պայմանով, որ վարկից 10 տոկոս մասնաբաժին ստանալուց հետո այդ տարածքը կվերաձեւակերպվի Կ. Հովակիմյանի անունով:

Հովակիմյանն իր անձնական միջոցներից կանխիկ 75.000 ԱՄՆ դոլարով գնում է մանկապարտեզը, կատարում բոլոր տիպի վճարումները: «Բանկի աշխատակիցը» ոչ մի լումա չի ծախսում: Չնայած Թերզյանը պարտավորագրով «իր» բաժնեմասը պետք է վերաձեւակերպեր ՍՊԸ տնօրենի անունով, սակայն նրանից գաղտնի, կեղծ փաստաթղթերով այն 18.000 դոլարով վաճառում է Արմինե Մանուկյանին:

Խաբված Հովակիմյանը դիմում է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարան՝ Թերզյանին չպատկանող տարածքը 3-րդ անձի վաճառելու պայմանագիրն անվավեր ճանաչելու համար: Դատարանը վաճառքը անվավեր է ճանաչում, համոզվում, որ միանձնյա սեփականատերը Հովակիմյանն է: Վճիռը չի բողոքարկվում, այն ստանում է օրինական ուժ: Սակայն դրանից հետո տեղի է ունեցել աճուրդ մանկապարտեզի գույքի վերաբերյալ, որը ըստ էության պատկանում էր Հովակիմյանին: Մինչեւ երեկ քաղաքացիական գործերով դատարանն այդ աճուրդն անվավեր չի ճանաչել: Այն դեպքում, երբ, քաղգործին զուգահեռ, Տիգրան Թերզյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքների դատախազության կողմից: Թերզյանը 2004թ. հունվարի 31-ին խարդախության համար դատապարտվել է 4 տարի 6 ամիս ազատազրկման: Դատարանում նա իրեն մեղավոր ճանաչեց եւ հայտնեց, որ «իր բնակարանը գրավից դուրս բերելու համար» այն «գաղտնի» վաճառել է Մանուկյանին: Վերջինիս հայրը՝ Ազատ Մանուկյանը, գտնվելով ԱՆ «Հրազդան» ՔԿՀ-ում, ցուցմունք էր տվել, որ իր աղջիկը հարեւանի փեսայից՝ Թերզյանից գնել է մանկապարտեզն ու այն վաճառել այլ անձանց: «Հարեւանի փեսան» Արմինեին խոստովանել էր, որ «սոցիալական ծանր վիճակից» ելնելով է «քցել» Հովակիմյանին: Ուշադրության արժանի է այն, որ «Մելլաթբանկը» ոչ քաղաքացիական գործով, ոչ քրեական՝ իր գործարար պատիվն արատավորող Թերզյանին չի հետապնդել: Արտադրական նպատակներով ձեռք բերած կառույցում իսկական քաոս է՝ բոլոր ատյաններում հաղթած անձը չի կարող զբաղվել իր գործով, քանի որ 3-րդ անձը դուրս չի գալիս տարածքից, իսկ դատարանն էլ Ա. Մանուկյանի օգտին՝ Թերզյանից 18.000 դոլարը բռնագանձելու փոխարեն աչք է դրել քրեական գործով տուժող ճանաչված, միակ օրինական սեփականատեր Հովակիմյանի տարածքի եւ այնտեղ առկա գույքի վրա:

Հովակիմյանի լիազորված անձ, փաստաբան Զարուհի Դանիելյանը նոր երեւան եկած հանգամանքների հիմքով դիմել է վճռաբեկ դատարան՝ այն հիմքով, որ հափշտակած գույքը ոչ ոք իրավունք չունի աճուրդի հանել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել