Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԲՈՒՐՎԵԼ ԵՆ. ԿԱՆ ՎԿԱՆԵՐ

Հոկտեմբեր 30,2006 00:00

\"\"«Առավոտի» երեկվա համարի «Պագոնավորներն» իրենց տարերքում» հրապարակման մեջ տեղ գտած իրադարձության շուրջ փորձեցինք

մեկնաբանություն ստանալ Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանից, Տավուշի մարզի ոստիկանության վարչության պետ Գենադի Սարգսյանից եւ Իջեւանի քաղաքային ոստիկանության բաժնի պետ Սամվել Գալստյանից:

Մարզային ոստիկանության վարչության պետ Գենադի Սարգսյանը հոկտեմբերի 26-ին կատարվածը որակեց «սովորական աշխատանքային պրոցես»: Ինչպես տեղեկացրել էինք «Առավոտում», Տավուշի մարզային եւ Իջեւանի քաղաքային ոստիկանության վարչության պետերը, իրենց տեղակալներով եւ անձնակազմով շուրջ երեք ժամ շրջափակել էին Իջեւանի քաղաքապետարանի շենքը եւ ներսում գնում էր ինչ-որ լուրջ եւ լարված վիճաբանություն: «Առավոտի» հարցին, թե կոնկրետ ի՞նչն էր այդ օրը «հունից հանել» օրինապահներին, պարոն Սարգսյանը պատասխանեց. «Քաղաքապետարանը չի կատարում կառավարության 1993թ. որոշումը՝ քաղաքի բազմաբնակարան շենքերի բնակիչների քարտադարանները հանձնել մարզի ոստիկանության անձնագրային բաժին: Մի քանի անգամ դիմել եմ քաղաքապետին, ամեն անգամ ասել է էսօր-էգուց ու չի տվել: Հա ձգեց, հա ձգեց, ասաց ցուցակները կգրեմ կտամ: Տասնհինգ օր է՝ ասում է կտամ: Երեկ չէ առաջին օրը հետը զրուցել եմ, ասաց, որ Երեւանում է, կգա՝ կհանդիպենք: Երեկ առավոտից իրիկուն սպասեցի՝ չեկավ, զանգում էի՝ հեռախոսները չէին պատասխանում: Հետո իմանում եմ, որ առավոտից Իջեւանում է: Ես էլ գնացի, մտա մոտը, ասացի պտի տաս, ես հո քո երեխեն չե՞մ»: «Առավոտի» հաջորդ հարցին, թե քաղաքապետի հետ «զրույցի» ժամանակ արդյո՞ք վիճաբանություն չի եղել, իրավապահը խիստ զարմացավ. «Չէ, ի՞նչ վիճել, մենք միասին սուրճ ենք խմել, որը եփել էր իր քարտուղարուհին: Քաղաքապետը ինձ մինչեւ առաջին հարկ ուղեկցեց, ասացի մի արի՝ անձրեւ է, ասաց՝ պարոն Սարգսյան, ո՞նց կլինի, դուք թրջվում եք, ես էլ պիտի թրջվեմ: Վերջում համբուրվել ենք: Կան վկաներ»:

Քաղաքապետի եւ ոստիկանության վարչության պետի «համբուրվելու» եւ «աշխատանքային պրոցեսում զրուցելու» մասին այլ տվյալներ փորձեցինք ճշտել նաեւ Վարուժան Ներսիսյանից: Սակայն քաղաքապետի հեռախոսները երեկվանից անջատված էին:

Իսկ Իջեւանի քաղաքային ոստիկանության բաժնի պետ Սամվել Գալստյանը խնդրեց մեր հեռախոսազրույցը հետաձգել. «Հետո կխոսենք, էլի, ես հիմա զբաղված եմ»: Նա միայն հակիրճ ասաց. «Ընդամենը գնացինք, որ քարտերը տեղափոխենք, բանավոր համաձայնությամբ չեն տվել: Այդքան բան»: Վերջում նա «Առավոտի» նախորդ օրվա հրապարակումը համարեց «հերյուրանք» եւ անջատեց հեռախոսը: Մեզ չհաջողվեց անգամ ճշտել, քաղաքապետն ու քաղաքային ոստիկանության պետը նույնպե՞ս համբույրով են իրար հրաժեշտ տվել, թե՞ ոչ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել