Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳԼԽԱՎՈՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԻՆ ՉԵՆ ԼՍՈՒՄ

Հոկտեմբեր 30,2006 00:00

Երբ նույնիսկ Սամվել Դանիելյանն իր համաձայնությունը չի տալիս, կառուցապատողները, միեւնույն է, իրենց գործն անում են:

\"\"Սա քաղաքապետարանի նախկին շենքն է, որը շուտով կդառնա 5 հարկանի:

 

 

 

\"\"Այս շենքի ճարտարապետական կամարները խեղաթյուրվել են:

Վերջին ասուլիսներից մեկում Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը վստահեցրեց, որ այսուհետեւ քաղաքապետարանը թույլ չի տալու մայրաքաղաքի շենքերի հարկայնությունն ավելացնել: Ըստ նրա, օրինակ, չորս հարկի համար նախատեսված շենքը հինգ հարկանի չի դառնա, քանի որ դա մեծ վնաս է հասցնում շենքի սեյսմակայունությանը: Սակայն այսօր մայրաքաղաքում բազմաթիվ ցածրահարկ շենքեր վերածվում են բազմահարկերի: Օրինակ, քաղաքապետարանի նախկին շենքը, որն այժմ պատկանում է «Արդշինինվեստբանկին», չորս հարկանի է, բայց շուտով մի քանի հարկ էլ կավելացվի: Արդեն շենքի տանիքում երկաթե կոնստրուկցիաներ են տեղադրված եւ բուռն շինարարություն է ընթանում: Նույն պատկերն է նաեւ Սարյան փողոցում՝ «Հայփոստի» շենքի հարեւանությամբ գտնվող հինգ հարկանի բնակելիներից մեկում: Չնայած որ այդ շենքը շատ հին է եւ վթարային, քաղաքապետարանը թույլտվություն է տվել այն վեց հարկանի դարձնելու: Կառուցապատողներն արդեն վեցերորդ հարկի շինարարությունն ավարտել են, տեղադրել են եվրոպատուհաններ եւ նույնիսկ յոթերորդ հարկը կառուցելու ծրագրեր են գծել: Երեկ երբ մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Ս. Դանիելյանին հիշեցրինք իր տված խոստումը, նա արդարացավ, որ իր ասածները ոչ բոլոր շենքերին են վերաբերում: Կոնկրետ նախկին քաղաքապետարանի շենքը, ըստ պարոն Դանիելյանի, ամբողջովին վերակառուցվում է. «Այդ դեպքում շենքը փոփոխությունների է ենթարկվում, հիմքերն ամրացվում են, եւ հարկայնությունն ավելացնելը չի ազդի շենքի սեյսմակայունության վրա»: Ինչ վերաբերում է Սարյան փողոցի բնակելիին, ճարտարապետը հավաստիացրեց, որ չնայած իրենք այդ շենքի 6-րդ հարկի համար որեւէ թույլտվություն չեն տվել, բայց, չգիտես ինչպես, կառուցապատողը բոլոր օրինական փաստաթղթերը ձեռք է բերել. «Վերջերս էլ նրանք դիմել էին մանսարդային հարկ կառուցելու համար, սակայն մերժել ենք»:

Արաբկիր համայնքի Ազատության 1 հասցեում եւս մի բնակելի շենք կա, որը ճարտարապետական արժեք է ներկայացնում, սակայն այնտեղ էլ այս օրերին մեծ շինարարություն է ընթանում: Շենքի առաջին հարկը գնած սեփականատերերը այդտեղ բիզնես ծավալելու համար՝ որոշել են իրենց տարածքն ընդլայնել, որով կխաթարվի շենքի ճարտարապետական տեսքը: Այս առնչությամբ էլ պարոն Դանիելյանը վստահեցրեց, որ կառուցապատումն անօրինական է եւ որ ինքն այդ շինարարությունը դադարեցնելու համար որոշման նախագիծ է պատրաստում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել