Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՎԱՆԴԱՏՈՒՆԵՐԸ ԴԵՌ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ

Հոկտեմբեր 30,2006 00:00

Սմբատ Մնացականյանը «Էկոնոմինվեստբանկ» է ներդրել $25 հազար («հին փողով»), բայց բանկի սնանկացումից հետո ստացել է $8 հազար («նոր փողով»):

2000-ականներին, երբ Հայաստանում բանկային-ֆինանսական համակարգը նոր-նոր էր ձեւավորվում, մեր երկրում գործող տասնյակ բանկեր, չկարողանալով բանկային շուկայում գործունեություն ծավալել, իրար ետեւից սնանկացան եւ սկսեցին լուծարվել: Բազմաթիվ ավանդատուներ, որոնք ժամանակին հավատացել էին այդ բանկերի տված գայթակղիչ խոստումներին, մինչ օրս չեն կարողանում հետ վերադարձնել իրենց ներդրած գումարները:

«Էկոնոմինվեստբանկը», որի խորհրդի նախագահը Արմավիրի մարզից ընտրված ԱԺ պատգամավոր Տարոն Սահակյանն էր, այդ լուծարված բանկերից մեկն է: Ավանդատու Սմբատ Մնացականյանը 2001-ին այդ բանկում 25 հազար դոլար ավանդ է ներդրել ու խաչ քաշել այդ գումարի վրա: Նրա ներկայացմամբ՝ գումարը ներդնելուց ուղիղ 10 օր անց Կենտրոնական բանկը «Էկոնոմինվեստբանկին» զրկել է բանկային լիցենզիայից: Այդ ժամանակից ի վեր Ս. Մնացականյանը եւ էլի մի խումբ խաբված ավանդատուներ անընդհատ ժողովներ են արել ու բանկի ներկայացուցիչներից պահանջել իրենց գումարները:

Ամեն անգամ «Էկոնոմինվեստբանկի» պատասխանատուները ավանդատուների գլխի տակ փափուկ բարձ են դրել՝ խոստանալով, որ պետք է վաճառեն Զաքյան 2բ հասցեում գտնվող մոտ 400 քմ տարածքը եւ առաջնահերթ նրանց պարտքերը վերադարձնեն: Այդ տարածքի 1 քմ-ն գնահատվել է 1000 դոլար, ու չնայած բազմաթիվ գնորդներ են հայտնվել, բանկի սեփականատերերը բոլորին «խրտնեցրել են». տարածքի համար պահանջել են 400 հազար դոլար, բայց փոխարենը՝ փաստաթղթերում փորձել են ձեւակերպել ավելի քիչ գումար:

Այնուամենայնիվ, այդ տարածքը, որը լուծարված բանկի ամենամեծ կապիտալն էր, վաճառվել է, բայց, ըստ ավանդատու Սմբատ Մնացականյանի, վաճառքից ստացված գումարը բանկի խորհրդի նախագահն է տնօրինել, եւ իրենց այդպես էլ ոչ մի կոպեկ չի հասել: «Տարոն Սահակյանը բանկի տարածքը ներկայացնելով «Ադամանդ» աճուրդների կենտրոն, մի քանի անգամ աճուրդ կազմակերպեց ու արհեստականորեն գինը հասցրեց 1քմ-ն 320 դոլարի, որը շուկայական արժեքից մի քանի անգամ էժան էր: Քանի որ «Էկոնոմինվեստբանկը» ինքնալուծարային գործընթացում էր, ԿԲ վերահսկողության վարչությունը պարտավոր էր հետեւել, որ իրենց կողմից համաձայնեցված ինքնալուծարային կարգավիճակի անցած բանկը կատարի իր պարտավորությունները, որ ակտիվները չանհետանան, մինչդեռ նրանք դա չարեցին: Իմ գրավոր դիմումներին ի պատասխան, որ «Էկոնոմինվեստբանկի» ակտիվներն անօրինական են օտարվում, ԿԲ-ից պատասխանում էին՝ անհրաժեշտ է սպասել»,- «Առավոտին» բողոքեց ավանդատու Սմբատ Մնացականյանը: Նույն բողոքով նա դիմել է դատախազություն, ՀՀ նախագահին, վարչապետին, սակայն այդ դիմումներն ավանդատուի վրա թանկ են նստել, քանի որ բանկի խորհրդի նախագահ Տարոն Սահակյանը, Ս. Մնացականյանի պատմելով՝ սկսել է իր ու մյուս բողոքողների գլխին գործ սարքել. «Իմ դեմ դատարաններին մեղադրանքներ էր ներկայացնում՝ ինձ հանելով մարդասպան, իբր ես զինամթերքի վաճառքով եմ զբաղվում, տարբեր երկրների ազգային անվտանգությունների կողմից ուղարկված մարդ եմ եւ այլն: Բանը նույնիսկ նրան հասավ, որ ինձ 3 օրով ձերբակալեցին»:

Կոնկրետ այս ավանդատուի ներդրած գումարների մի մասը՝ մոտ 8000 դոլարը, բանկը մարել է, բայց, ըստ Ս. Մնացականյանի, այն արդեն արժեք չի ունեցել. «2001-ին դոլարի փոխարժեքը 585 դրամ էր, իսկ 2005-ին, երբ վերադարձվեց իմ ներդրումների մի մասը, դոլարն արդեն արժեզրկված էր ու փոխհատուցումը, կարելի է ասել, չնչին է»:

Ներկայումս բանկի ակտիվներում ոչինչ չի մնացել, եւ ավանդատուներն իրենց ներդրած փողերը (ընդհանուր առմամբ՝ մոտ 60 հազար դոլար) «գրել են սառույցին»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել