Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԵՄ «ՄԵԾ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ»

Հոկտեմբեր 30,2006 00:00

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը երեկ «Փաստարկ» ակումբում կարծիք հայտնեց, որ հայերս այլասիրության տարօրինակ դրսեւորումներ ունենք. «Այս պահին շատ մոդայիկ է դարձել Ֆրանսիան սիրելը:

Շատ եմ գնահատում այդ մշակույթը, սակայն, եթե Ֆրանսիային անհրաժեշտ չլիներ՝ երբեք Ցեղասպանության վերաբերյալ նման նախագիծ չէր ընդունի: Մեզ պաշտպանելով՝ Ֆրանսիան իրեն է պաշտպանում: Եթե այսպես շարունակվի, Էյֆելյան աշտարակը կդառնա աշխարհի ամենաբարձր մզկիթը: Ես ուզում եմ, որ մենք սթափ գնահատենք մեր նկատմամբ կիրառվող մարդասիրական եւ քաղաքական քայլերը»: Ըստ Ալվարդ Պետրոսյանի՝ դա մեզ կօգնի «ստրուկի հոգեբանությամբ չընկնել սրա ու նրա ոտքերը», եւ առաջին հերթին՝ ռուսների. «70 տարի շարունակ մեզ քարոզել են «մեծ եղբոր» գաղափարը: Մենք պետք է հաղթահարենք այդ բարդույթը: Մենք մեծ եղբայր չունենք: Այդ բարդույթը հնարավոր է հաղթահարել միայն սերնդափոխության միջոցով»: Նա անընդունելի համարեց ազգերի ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության վերաբերյալ ՌԴ-ի երկակի մոտեցումները. «Պուտինն ասում է, որ երբ Վրաստանն իր կամքով մտնում էր Ռուսական կայսրության մեջ՝ այդ ժամանակ Օսիա եւ Աբխազիա նրա կազմում չկար: Ես ուզում եմ հարց տալ՝ իսկ այդ ժամանակ կա՞ր Ադրբեջան պետություն: Այդ ինչպե՞ս է, որ մեր «մեծ եղբայրը» երբ հարցը վերաբերում է ՌԴ-ին՝ ասում է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ Վրաստանի դեպքում՝ բոլորովին այլ մոտեցում է: Ես լսում եմ մեր «մեծ եղբորը» եւ խենթանում»: Ալվարդ Պետրոսյանը նաեւ ասաց. «Ես չեմ կարող հանդուրժել, որ այստեղ գան մեզ Լեոպոլդ կատվի հետ համեմատեն, ֆորպոստ ասեն… Ես բնավ ռուսներից չեմ նեղանում՝ մեզանից եմ նեղանում: Ինքնահարգանքի, ազգային արժանապատվության զգացողությունը մեր մեջ մի քիչ պետք է մեծացնենք, ոչ թե անվերջ ասենք՝ առանց Ռուսաստանի կմեռնենք: Պետք է կարողանալ խաղարկել տարածաշրջանում կարեւոր հանգրվան լինելու հանգամանքը եւ չմոռանալ, որ գերտերությունները նախեւառաջ առաջնորդվում են սեփական շահերով»: Նաեւ համոզմունք հայտնեց, որ «եթե մեր ժողովուրդն իր ողնաշարն ուղիղ պահի՝ ոչ մի երկրի ոչ մի պաշտոնյա չի համարձակվի ճնշում գործադրել մեզ վրա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել